Ինչպես էր բանաստեղծը տուն կառուցում
Սեւակը որոշել էր նոր տուն կառուցել իր պապենական այգում: Վաղօրոք երկաթյա ցանցով այգին ցանկապատել էր, մի քանի կիլոմետր հեռու աղբյուրից թուջե խողովակներով ջուր բերել՝ այգին ոռոգելու, ձուկ աճեցնելու համար: Արթիկից էլ տուֆ քար էր գնել ու կուտակել այգու մի կողմում: Երբ Երասխավանի բազաներից տախտակներ ու գերաններ բերեց ու բեռնաթափեց մեր տան բակի մի անկյունում, մոտեցավ ու ասաց. «Միառժամանակ թող մնա, հենց շինարարությունը սկսեմ՝ կտեղափոխեմ»: Ես էլ տվեցի համաձայնությունս, ասելով՝ ոչինչ, ընկեր Սեւակ, չի խանգարում, մեր հարեւանական պարտքն է հսկողություն ապահովել:
Շինարարությունը ձգձգվեց, հետո տեղեկացա, որ գրական աշխատանքի բերումով Գորիս էր գնացել, այնտեղ տեսել բազալտով շարված շենքերը, հավանել ու ընկերներին ասել. «Փոշմանել եմ, տունը կառուցելու եմ ոչ թե տուֆով, այլ գորիսյան ձեւով՝ բազալտով»: Տունը կառուցելու համար պատշարներ հրավիրեց Մխչյան գյուղից՝ իր հարազատ քեռուն ու քեռորդուն, իսկ բանվորները մեր գյուղից էին: Շինարարության ժամանակ պատահում էր գյուղից որոշ մարդիկ, հարգելով բանաստեղծին, գնում էին օգնելու, պոետն էլ դժգոհում էր, թե վարձած բանվորներ կան, այսպես թե այնպես՝ գործը գնում է, ավելի լավ է երեկոները հանդիպեն, նարդի խաղան ու զրուցեն: Բայցեւայնպես, որոշ մարդիկ համառում էին, աջակցություն ստանալով նրա քեռի Սիսակից, որը նման դեպքերում ասում էր՝ Պարույր ջան, շինարարությունը ծանր գործ է, եթե մարդիկ եկել են օգնելու՝ քո խաթրին են եկել, մի նեղացրու: Եվ այսպես, ես էլ գնացի նրա տան կառուցմանը օգնելու, իհարկե՝ քեռու միջամտությամբ: Վերջինս ինձ հանձնարարեց ցեմենտ-ավազով շաղախ անել: Կեսից Սեւակն էլ խառնվեց, վերցրեց մալան ու սկսեց ցեխը ծեփել քարերի արանքը: Ես առաջարկեցի, որ վարպետը դա անի, ինքն էլ թե՝ մեր գյուղում վարպետ շատ կա, բայց նախընտրում եմ այդ գործը ինքս անել… Այսպես մի երկու ժամ աշխատեցինք: Մեկ էլ Սեւակը մալան տնկեց ցեխի մեջ եւ բարբառով ինձ ասաց. «Ես էթաս եմ, պան ունեմ, տու էլ մե քիչ դինջացի»: Գնաց, մոտ մի երեք ժամ չեկավ: Ստիպված ցեխը նորից շաղախեցի՝ ցեմենտ, ջուր ավելացնելով: Միառժամանակ սպասելով՝ դիմեցի քեռուն, թե Սեւակը գնացել է: Քթի տակ ծիծաղելով ասաց, որ երեւի կգա, գուցե մարդ է պատահել, զրույցով են ընկել: Մեկ էլ վերադարձավ՝ ժպիտը երեսին: Ես հանդիմանեցի՝ այ ընկեր Սեւակ, ո՞ւր ես, ցեխը չորանում է, նորից եմ շաղախել՝ դու չկաս: «Բռնեց- չթողեց, հո չէի՞ ասի՝ ցեխը չորանում է՝ հարեւանս կնեղանա»,- պատասխանեց բանաստեղծը: Ո՞վ էր բռնել՝ միամտաբար հարցրի ես: Բոլորը ծիծաղեցին, Սեւակը նույնպես: Հասկացա, որ ներկաները տեղյակ են, որ նա հաճախ է այդպես վարվել: Այդ պահին Սեւակը նորից ասաց. «Մուսա՛ն, մուսա՛ն էր բռնել, ախր ես բանաստեղծ եմ, ոչ թե սվաղչի»: Մեղմորեն ժպտացի համագյուղացի բանաստեղծին ու խնդրեցի, որ ինձ ների: Հասկացա, որ բախտավորություն է, որ ինձ վիճակվել էր մեծն Սեւակի հետ աշխատել: Այդ օրը երբեք չեմ մոռանա:
Հ. Գ. 36 տարի առաջ, հունիսի 17-ին բանաստեղծը զոհվեց ավտովթարից: