Բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին
Երբ 1989 թվականին առաջին անգամ Հայաստանում հանդիպեցի դաշնակցական գործչի, հասկացա, թե ինչ է նշանակում ազգային գաղափարական մարդ:: Զարմացած էի, թե այսքան հեռու հայրենիքից եւ այսքան մոտ, այսքան նվիրվածություն, այսքան ազգասեր… Հպարտանում էի, որ բախտ է վիճակվել վերջապես շփվել մարդկանց հետ, ովքեր հոգեհարազատ են, գաղափարակից եւ, ամենակարեւորը՝ ազգային գաղափարախոսության կրող: Քեզ, Ժիրո, առաջին անգամ հանդիպեցի ՄՏԿ-ի (Դաշնակցության մամլո տեղեկատվական կենտրոնի) գրասենյակում: Քչախոս, լուռ, մեկուսացված: Մտածում էի, որ նոր է եկել Լիբանանից, առաջին անգամ է Հայաստանում, դեռ ծանոթ չէ վարք ու բարքին, ոչինչ՝ կբացվի: Ու այդպես էլ եղավ: Ինչպես բոլոր դաշնակցականները, այնպես էլ դու զինվորագրվեցիր Ղարաբաղյան հերոսամարտին: Եղան առաջին զոհերը… տղաներ, ովքեր գրիչը, վրձինը, բուհը, արվեստն ու արհեստը փոխարինեցին զենքով: Զենքով, քանի որ գաղափարական էին, քանի որ պարտք ունեին Հայրենիքի առջեւ: Փա՜ռք նրանց, երիցս փա՜ռք: Նրանք, ովքեր չվերադարձան մարտի դաշտից, հավերժացան անմահությամբ, բայց եղան նաեւ մարդիկ, ովքեր վերադարձան ու դարձան անճանաչելի: Ցավոք, դրանցից մեկը դարձար դու, Ժիրո: Ես չեմ ուզում խորանալ այն դրդապատճառների մեջ, որոնք քեզ այդպիսին դարձրին, բայց մի բան հաստատ գիտեմ, որ անձնական վիրավորանքը չպետք է քեզ դարձներ այդպիսին: Չէ՞ որ դու դաշնակցական ես, որով ամեն ինչ ասված է…
Երբ 1994 թվականի դեկտեմբերի 28-ին Լեւոնը թեւքերը քշտած հեռուստատեսությամբ ի լուր աշխարհի հայտարարեց, որ Դաշնակցությունը տեռորիստական կազմակերպություն է, անմիջապես նրա ջարդարարները ներխուժեցին Դաշնակցության գրասենյակներ եւ առաջին գործը, որ արեցին՝ պատերից պոկեցին քո մարտական ընկերների նկարները եւ ոտքերի տակ ջարդուփշուր արեցին: Մնացած վայրագությունների մասին չեմ խոսում, իսկ քեզ մի կերպ փախցրինք Հայաստանից։ Ինչո՞ւ փախար…, որ այսօր կանգնես Լեւոնի կողքի՞ն: Եթե քո հիշողությունը մթագնել է, ես կարող եմ այն վերականգնել. այդ Լեւոնը չէ՞ր, որ Հրայր Մարուխյանին հայտարարեց անցանկալի մարդ եւ 24 ժամվա ընթացքում արտաքսեց Հայաստանից, այդ Լեւոնը չէ՞ր, որ ազգային գաղափարախոսությունը համարեց կեղծ կատեգորիա եւ մինչեւ հիմա նույնն է ասում, այդ Լեւոնը չէ՞ր, որ դաշնակցական ջոկատներին արգելում էր Ղարաբաղ մտնել, այդ Լեւոնը չէ՞ր, որ լրատվական շրջապատման մեջ էր գցել Հայաստանը, որպեսզի հայաստանցին որեւէ տեղեկատվություն չունենա, թե ինչ է կատարվում Ղարաբաղում: Շուշիի գրավման տեղեկատվությունը ես ինքս եմ ապահովել՝ թաքստոցում ունենալով մեր ռադիոկապը, որով ապահովում էինք ժամ առ ժամ, թե ինչ է կատարվում Շուշիում, սփռելով ամբողջ հայ գաղթօջախներում: Այդ Լեւոնը չէ՞ր, որ ասում էր Սերգո Երիցյանին, թե քանի կա Ղարաբաղը, դու պետք է սոված մնաս, այդ Լեւոնը չէ՞ր, որ արհամարհանքով ժողովրդին ասում էր, որ եթե սոված լինեք, կգաք գլուխս կջարդեք, այդ Լեւոնը չէ՞ր, որ քո մարտական ընկերներին մահապատժի դատապարտեց, այդ Լեւոնը չէ՞ր, որ արգելում էր դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան, այդ Լեւոնը չէ՞ր, որ արգելում էր Շուշիի գրավումը, ինչ՝ ինչ, բայց այդ մեկը դու շատ լավ պետք է հիշես:
Այդ ի՞նչ է պատահել, Ժիրո, մի՞թե ատելությունն այդքան կուրացրել է քեզ, որ այսօր հայտարարում ես, թե Լեւոնը Արցախը հանձնող նախագահ չէ: Հայրենիքը սիրող մարդու համար չկա անձնական վիրավորանք, ուրեմն դու քաղաքական գործիչ չես, դու ընդամենը զինվոր էիր, բայց այսօր զինվոր էլ չես: Դու, Ժիրո, հհշականներին պետք չես, դու ընդամենը գործիք ես նրանց ձեռքին, որ պատեհ առիթը չեն ուզում բաց թողնել, իսկ հետո նրանք քեզ հետ կվարվեն հհշավարի: Եթե քեզ թվում է, թե Լեւոնը տառապում է ազգի դարդ ու ցավով կամ Արցախի խնդրով գիշեր ու ցերեկ քուն ու դադար չունի՝ շատ ես սխալվում: Նա թքած ունի եւ Արցախի, եւ ժողովրդի վրա, նա պատվեր ունի, որ պետք է կատարի: Իսկ ես իմ երեխայի ճակատագիրը չեմ ուզում հանձնել լեւոնականներին եւ քեզ նմաններին, ովքեր ատելությունից կուրացած՝ խաղում են ազգի ճակատագրի հետ: Դու ղեկավարում ես «Ազատագրված տարածքներ» կազմակերպությունը: Այդպիսի կազմակերպություն ղեկավարողը երբեք նման կեցվածք չպիտի դրսեւորի, քանի որ միայն դու չէ, որ արյուն ես թափել: Ոչ ոք քեզ իրավունք չի տվել սեփականաշնորհել ազատագրված տարածքները: Քո կողքին արյուն են թափել հազարավոր հայորդիներ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Եվ եթե քեզ թվում է, որ նրանք այդքան հեշտությամբ կարող են զիջել իրենց հողը՝ չարաչար սխալվում ես: Դու ապաստան ես խնդրում Ղարաբաղից: Ի՞նչ երաշխիք, որ դու նույն բանը չես անի Ղարաբաղում, մի Լեւոն էլ այնտեղ չես հայտնաբերի: Աստված չանի, որ այնտեղ էլ Լեւոն ծնվի: Դու ասում ես, թե Լեւոնը լավ կազմաքանդող է, եւ ճիշտ ես ասում, Լեւոնը կկազմաքանդի Հայաստանն այնպես, որ հետք անգամ չի մնա:
Սթափվիր, Ժիրո, քանի դեռ ուշ չէ, գործիք մի դարձիր լեւոնականների ձեռքին, միեւնույն է՝ օձը երբեք ճանապարհը ուղիղ չի անցնում: Ընկերներդ քեզ չեն ների…
Ես էլ քեզ նման վիրավորված եմ…, բայց երբեք իմ անձնական վիրավորանքը չեմ օգտագործել իմ գաղափարախոսության դեմ, որն ինձ համար ազգային արժեք է: Իսկ ազգային արժեքները չեն վաճառվում: Այսօր ես էլ քեզ նման Հայաստանում գրանցում չունեմ, որ ի տարբերություն քեզ, ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում, այսօր ես տուն ու տեղ չունեմ, ապրում եմ ուրիշի տանը, բայց երբեք ու երբեք չեմ կանգնի Լեւոնի կողքին: Ուշքի եկ, Ժիրո…
Տպագրում ենք այս նյութը՝ եւս մեկ անգամ ապացուցելու համար, որ մեր թերթը բաց նաեւ այն մարդկանց համար, ում տեսակետը չենք կիսում: Այս նամակը հատկանշական է նաեւ նրանով, որ ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ հավատում շուրջ 17 տարի տարածվող ապատեղեկատվությանը: Պատրաստ ենք հրապարակել պարոն Սեֆիլյանի արձագանքը: