Լույս է տեսել Համլետ Գեւորգյանի «Ծիրան» CD-ն
Ժողովրդական երգերի կատարումով հայտնի երգիչ Համլետ Գեւորգյանը թողարկել է «Ծիրան» անվանումով սկավառակ, որի շնորհանդեսը կայացավ օրերս: Երգիչը որոշակի տպաքանակ նվիրել է Գավառի եւ Նուբարաշենի մանկատներին:
Նշենք, որ «Ծիրան» CD-ն ձայնագրվել է Իտալիայի Միլան քաղաքի «Մուլտիֆլեքս» հայտնի ստուդիայում, որը տեխնիկապես գերհագեցած է եւ պատկանում է նույնանուն հանրահայտ ռադիոկայանին:
Արտերկրում ձայնագրվելու եւ միջազգային չափանիշներին համապատասխան ձայնասկավառակ ունենալու անհրաժեշտությունը երգչի համար զգացվեց այն ժամանակ, երբ նա աշխարհի 920 հազար պրոֆեսիոնալ երգիչների միջից ամերիկյան «Sonicbids» ընկերության անցկացրած ինտերնետային մրցույթում գրավեց առաջին տեղը՝ հռչակվելով «Ֆոլկի արքա»: «Քանի որ մեր առջեւ բացվեցին համաշխարհային շոու-բիզնեսի մինչ այդ պինդ փակված դռները եւ Կաննում «Միդեմ» փակ ցուցահանդեսին մեր մասնակցությունը հնարավորություն տվեց աշխարհի ցանկացած երկրում վաճառել մեր սկավառակները, դրա համար պետք էր նաեւ ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք»,- մեզ հետ զրույցում ասաց Համլետ Գեւորգյանի պրոդյուսեր Գագիկ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Համլետ Գեւորգյանին «Միդեմում» ներկայացրել էր «Armenian music center»-ը՝ ի դեմս ղեկավար Սամվել Ամիրաղյանի: Վերջինիս տեղեկացմամբ, իրենք ամերիկյան «Սի դի բեյբի» («CD Baby»), «Սուպերդիսկ» (Superdisk) եւ աշխարհում հայտնի շատ այլ ընկերությունների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱՄՆ-ում եւ եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաեւ Սիրիայում, Լիբանանում, Մերձբալթիկայում եւ այլուր հայ կատարողների սկավառակները վաճառելու համար: Համլետ Գեւորգյանի «Ծիրան» ձայնասկավառակը եւս վաճառվելու է ողջ աշխարհի վաճառակետերում:
Ու չնայած «Ծիրան» ձայնասկավառակի վրա հսկայական ծախսեր են արվել, սակայն այն հայ գնորդի համար թանկ չէ: «Կյանքը ցույց տվեց, որ թանկ եւ որակյալ արտադրանքը Հայաստանի շուկայում այնքան էլ մեծ պահանջարկ չունի, քանի որ շուկան գերհագեցած է «պիրատների» արտադրանքով: Այնպիսի գին ենք սահմանել, որ պիրատներն էլ ամաչեն կեղծել: CD-ն արժե 1000 դրամ, դրանից էժան էլ հնարավոր չէ վաճառել: Ասեմ նաեւ, որ մենք Հայաստանում վաճառվող սկավառակից եկամուտ չենք ակնկալում: Եկամուտ մենք կստանանք աշխարհի մյուս երկրներում վաճառվող սկավառակներից»,- նշեց պրոդյուսերը:
Համլետ Գեւորգյանից փորձեցինք պարզել, թե ինչպես է նա «Քանքարավոր ընկեր» երգից հետո եվրոպացիների հավաքած նոր միքսերով երգեր կատարում. «Ես երգում եմ 30-40 տարվա վաղեմության երգեր՝ նորովի գործիքավորված: Կատարման մասով ոճային որեւէ փոփոխություն ես չեմ արել: Եթե գործիքավորումը մի կողմ թողնենք, ապա ես երգում եմ այնպես, ինչպես երգում էի: Պարզապես, այնպիսի համադրում ենք արել, որ հին երգերը դուր գան նաեւ երիտասարդներին: Եվ այն, ինչ նրանք գտնում են այլ ազգի երաժշտության մեջ, գտնեն հին հայկական երգերի մեջ: Վստահեցնում եմ ձեզ, որ հայկական շունչը պահպանելու համար ամեն ինչ արվել է եւ կարծում եմ, որ ստացվել է»: Համլետ Գեւորգյանը պատմեց, որ երբ ձայնագրությունների էր մեկնում Իտալիա, ստուդիայում հավաքվում էին երաժշտության պրոֆեսիոնալ մասնագետներ ու ամեն անգամ փորձում հասկանալ, թե ինչ ասել է հայկական ժողովրդական երգը: «Ես նրանց պատմում էի մեր հերոսամարտերի, դրանցից ծնված երգերի, մեր ուսերով պարերի, քոչարու մասին: Եվրոպացիների համար մի տեսակ հեքիաթային բան ասես լիներ այդ ամենը»,- Միլանի ձայնագրությունների ընթացքն այսպես ներկայացրեց երգիչ Գեւորգյանը:
Դառնալով «Ծիրանին»՝ նշենք, որ այս օրերին նկարահանվում է Համլետ Գեւորգյանի համանուն երգի տեսահոլովակը: