Փրկվեց միայն պապիկը
Երեկ, ժամը 18.10-ի սահմաններում, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում՝ քաղաքապետարանի դեմ-դիմաց: Մայրաքաղաքի օլիգարխներից մեկի (անուն-ազգանունը դեռ չենք ճշտել) նախաձեռնությամբ կառուցվող սպասարկման օբյեկտի պատը փլվել է 101/31 տնակի վրա՝ ճզմելով այն: Արդյունքում մահացել են Հասմիկ Հարությունյանը, նրա մայրը՝ Ժորժետա Հարությունյանը եւ այդ պահին նրանց տանը հյուրընկալված Գյումրիի ճարտարագիտական համալսարանի դասախոս Լուիզա Ադամյանը: Հասմիկ Հարությունյանի դստերը՝ 20-ամյա Գայանե Լամբարյանին ծանր վիճակում տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Ընտանիքի անդամներից փրկվել է միայն պապիկը: Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մանրամասները ճշտվում են:
Զբաղվենք արդարադատությամբ
«Իմ կարծիքը Հայաստանի արդարադատության մասին շատ ցածր է, դա մեր ամենամեծ պրոբլեմն է, բողոքների ամենամեծ քանակը արդարադատության հետ է կապված, ժամանակն է, որ արդարադատության նախարարն ու դատախազը դրա մասին մտածեն, ոչ թե պաշտպանին քննադատելով զբաղվեն, որովհետեւ թերահավատությունը իրավապահների ու պետական ինստիտուտների նկատմամբ պայմանավորված է նրանով, որ մարդիկ չեն հավատում դատական համակարգին: Եթե դա չվերանա, հնարավոր չի լինի խոսել իշխանություն-հասարակություն ներդաշնակ հարաբերությունների մասին»,- երեկ Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Լրագրողների հիշեցմանը, թե Լարիսա Ալավերդյանը պաշտոնանկվեց իշխանություններին քննադատելու համար, հնարավո՞ր է նույն բախտին արժանանա նաեւ Արմեն Հարությունյանը, վերջինս պատասխանեց. «Չեմ կարծում, ամեն դեպքում այդքան կոշտ մթնոլորտ չէր, մեզ հնարավորություն տրվեց, եւ մենք մեր կարծիքը ներկայացրինք, եւ դա շատ տխուր վերջացավ քննադատողների համար: Կարծես փոխվում է մշակույթը, որ ամբողջ ապարատով առանց լսելու պաշտպանին ինչ-որ կարծիք հայտնեն: Ինչ վերաբերում է առաջին պաշտպանին, շատ տխուր է, որ այդպես եղավ: Պաշտպանի ինստիտուտի նկատմամբ շատ նրբազգաց է միջազգային հանրությունը, եւ նման քայլերը վնասում են պետության իմիջը»:
Պաշտպանը Գյումրի էր ժամանել քաղաքի խնդիրներին մոտիկից ծանոթանալու եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ հիմնելու հարցը քննարկելու. «Մենք ներկայացուցչություն ենք բացելու նաեւ Վանաձորում եւ Սյունիքում, քանի որ միշտ չէ, որ մարդիկ զանգում կամ գալիս են մայրաքաղաք: Վիճակագրությամբ 20-25%-ն են մարզերից ունեցած մեր բողոքները, բայց դա չի նշանակում, թե 20-25%-ն են բողոքավոր մարզերից»՚