Արդարադատության փոխնախարարի խոսքերից ենթադրվում է, որ Եվրոդատարանը ոչ թե ընդդեմ վճիռ է կայացրել, այլ «շոյել» է Հայաստանին:
Երեկ ԴԱՀԿ-ի վարչական շենքում մամուլի ասուլիս էր հրավիրել արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը: Թեման՝ հունիսի 17-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած վճիռն էր, ըստ որի՝ «Ա1+»-ը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը: Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ Հայաստանի կառավարությունը պարտավոր է «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերությանը եռամսյա ժամկետում վճարել 30 հազար եվրո, որից 10 հազարը անգլիացի փաստաբանների հասանելիք գումարն է: Փոխնախարարին հատկապես դուր չէին եկել մամուլի երեկվա հրապարակումները, որով արձանագրվում էր «Ա1+»-ի հաղթանակը: Նա նշեց, որ ոչ մի պարագայում Եվրոպական դատարանի որոշմանը չի կարելի վերաբերել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից, քանի որ ցանկացած վճիռ եւ որոշում նպատակ ունեն ուղղորդել ՀՀ-ին, պաշտոնատար անձանց եւ պետական բոլոր մարմիններին՝ օրենսդրությունը կազմակերպել ոչ միայն եվրոպական չափանիշներին համապատասխան, այլեւ իրավակիրառման պրակտիկան համահունչ դարձնել եվրոպականին: «Այս վճռի առնչությամբ պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի շատ հաղթել է, քան պարտվել: Ընդհանուր վերցրած, «Մելտեքս» ՍՊԸ-ի բոլոր վեճերում 5/6-րդ մասով ՀՀ-ն է հաղթել եւ միայն 1/6-րդ մասով է «Մելտեքսը» հաղթել»,- ասաց Գ. Կոստանյանը: Ապա ավելացրեց, թե Եվրոդատարանի կողմից ապացուցած իրավունքի խախտումը դեռ չի նշանակում, որ այս վճիռն ընդդեմ ՀՀ-ի է:
Նա դատական «էքսկուրս» կատարելով՝ լրագրողներին համոզում էր, թե ՀՀ-ն չի պարտվել, քանի որ «Մելտեքսը» մատնանշել էր կոնվենցիայի 3 դրույթների խախտումներ, սակայն բավարարվել է նրանցից միայն մեկը: Փոխնախարարը նշեց, թե այս դեպքում իրենք չեն համարում, որ սա ընդդեմ ՀՀ-ի որոշում է, պարզապես այս վճիռն այսուհետեւ կուղղորդի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ իրենց որոշումներում մանրամասն պատճառաբանել ոչ միայն հաղթելու, այլեւ լիցենզիա չտրամադրելու պատճառները. «Հաղթելու եւ պարտվելու տեսանկյունից եւս նշեմ, որ Մեսրոպ Մովսեսյանի եւ «Մելտեքս» ՍՊԸ-ի ակնկալիքը կազմում էր 1.5 միլիոն դոլար, սակայն կառավարության առարկությունների շնորհիվ Եվրոդատարանը բավարարեց ընդամենը 30 հազար եվրոյի չափով, այս դեպքում եւս պետք է գնահատել՝ խոսքը գնում է հաղթանակի՞, թե՞ պարտության մասին: «Մելտեքսը» պահանջում եւ պնդում էր, որ իրեն լիցենզիա չտրամադրելով՝ խախտվել է կոնվենցիայով երաշխավորված երեք իրավունք՝ խոսքի եւ ազատության, արդար դատաքննության եւ այն իրավունքների խախտումները, որոնք իրականացվել են խտրականության արդյունքում: Եվրոպական դատարանում արդար դատաքննության եւ խտրական վերաբերմունքի փաստերը անընդունելի են ճանաչվել»: Եվ, ընդհանրապես, ամբողջ զրույցի ընթացքում հաճախ էր փոխնախարարն օգտագործում «հաղթել» եւ «պարտվել» արտահայտությունները, հավանաբար դրանով ցանկանում էր հասկացնել, որ «Ա1+»-ն ու ՀՀ-ն հակառակորդներ են եւ միմյանց դեմ են դուրս եկել:
Պետական մարմինների մեղքը չեզոքացնելու միտումով նա հայտարարեց, թե «Մելտեքսի» այն պնդումները, թե լիցենզիա չտրամադրելը քաղաքական շարժառիթներով է արվել՝ Եվրոպական դատարանում չի հաստատվել: Ըստ նրա, վճռի հիմքը բացառապես կապված է հանձնաժողովի կողմից մերժման պատճառները հստակ չնշելու հետ, ինչն այդքան էլ այդպես չէ: «Ա1+»-ի շահերը Եվրոդատարանում պաշտպանել է «Քեյ-Ջե-Ար-Բի» լոնդոնյան իրավապաշտպան կազմակերպությունը (նշենք, որ ներկայացուցիչն էր նաեւ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը- Գ. Բ.): Հավանաբար, ինչ-որ ենթատեքստ փնտրելով, պարոն Կոստանյանը հարկ համարեց լրագրողներին տեղեկացնել, որ այս կազմակերպությունը ՀՀ-ի դեմ հայցեր է ներկայացնում Ադրբեջանի քաղաքացիների անունից եւ պաշտպանում է Լաչինի նախկին քաղաքացիների շահերը:
Անդրադառնալով պաշտոնյաների պատասխանատվության հարցին, Գ. Կոստանյանը նշեց, թե Եվրոդատարանի վճիռը հիմք է պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար: «Ինչ վերաբերում է դատավորներին, ապա նրանց պատասխանատվության հարցը լուրջ խնդիր է եւ չենք կարող նույնացնել պաշտոնյաների նյութական պատասխանատվության հետ, որովհետեւ դա կարող է առաջացնել դատավորի ֆինանսական անկախության խախտում, ինչը եւս դատարանի անկախության մաս է կազմում: Կարգապահական պատասխանատվության առումով ասեմ, որ մեր օրենսդրությամբ, անկախ ժամկետներից, Եվրոդատարանի վճիռը առիթ է հանդիսանալու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, ինչը կանի Արդարադատության խորհուրդը»,- ավելացրեց պարոն Կոստանյանը:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ կգա մի ժամանակ, երբ մեր պետական բյուջեն չի դիմանա Եվրոդատարանի կայացրած վճիռներով փոխհատուցումների ճնշմանը, փոխնախարարը հույս հայտնեց, որ նման իրավիճակ չի ստեղծվի. «ՀՀ նախագահը, վարչապետը տվել են հստակ հանձնարարականներ՝ միջոցներ ձեռնարկել ՀՀ-ի դեմ վճիռները նվազեցնելու ուղղությամբ»: Գ. Կոստանյանը խոստովանեց, որ ինքը նույնպես «Ա1+»-ի ունկնդիրներից է եղել: