Ընկերությունը ոչ մի գնով չի ցանկանում հրաժարվել իր մենաշնորհից եւ ինտերնետ կապ տրամադրել պրովայդերներին:
Հայաստանում ինտերնետ ծառայություն մատուցող տասնյակ ընկերություններ կանգնած են սնանկացման առջեւ, քանի որ «ԱրմենՏել» ընկերությունը խոչընդոտում է նրանց գործունեությանը: Պրովայդերների հավաստմամբ, «ԱրմենՏելը» ինտերնետ կապից օգտվող իր բաժանորդների համար սահմանում է բավականին ցածր գներ, իսկ պրովայդերներին նույն կապը վաճառում է մոտ 129 անգամ իր գներից թանկ արժեքով, ինչն էլ, ըստ նրանց, արվում է իրենց շուկայից դուրս մղելու նպատակով: Հիշեցնենք, որ խնդրի առնչությամբ մի քանի պրովայդերներ դիմել էին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, նշելով, որ «ԱրմենՏելը» ինտերնետ հասանելիության ոլորտում գերիշխող է եւ չտրամադրելով հանրային համակցված հեռախոսացանցը, մերժում է իրենց ինտերնետ կապի ծառայություններ մատուցել: Հանձնաժողովի հարուցած վարույթի ընթացքում «ԱրմենՏելի» եւ 7 պրովայդերների ներկայացուցիչները կազմել էին հուշագիր, ըստ որի՝ երկշաբաթյա ժամկետում խնդրի լուծման համար «ԱրմենՏելը» պետք է ձեռնարկեր կոնկրետ քայլեր: Սակայն երեկ, ժամկետի ավարտից հետո, հանձնաժողովի նիստի ժամանակ պարզվեց, որ «ԱրմենՏելը» պրովայդերներին ընդառաջելու միտք անգամ չունի, միայն «ջուր է ծեծում» եւ զուր ժամանակ ձգում: Նիստի ընթացքում հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները հերթով միեւնույն հարցը ուղղում էին «ԱրմենՏելի» ներկայացուցչին. «Վերջապես, պրովայդերներին կապ տրամադրելո՞ւ եք, թե՝ չէ»: «ԱրմենՏելի» իրավական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, խուսափելով կոնկրետ պատասխանից, միայն ասում էր, որ իրենք նոր նախագիծ են բերել, որպեսզի քննարկվի այն, իսկ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի մեկնաբանմամբ, նման նախագծերը հարցի լուծումից խուսափելու եւ ձգձգելու նպատակ ունեն: Երբ Ա. Շահնազարյանը եւս մեկ անգամ խնդրեց հստակ ասել, թե վերջապես «ԱրմենՏելը» պատրա՞ստ է պրովայդերներին կապ տրամադրել, Դ. Սանդուխչյանը պատասխանեց. «Մենք միշտ էլ մեր ենթակառուցվածքները տվել ենք պրովայդերներին, տալիս ենք եւ տալու ենք»: «Որ տվել եք ու հիմա էլ տալիս եք, բա մենք էստեղ ի՞նչ ենք անում, դեմագոգիա ե՞նք անում»,- դրան ի պատասխան՝ ասաց Ա. Շահնազարյանը եւ նկատի ունենալով «Հայ Լայն» ծառայությունը, ավելացրեց. «Կյանքում «ԱրմենՏելը» մի լավ գործ է արել, բայց հիմա չարաշահելով իր գերիշխող դիրքը, մատուցում է մի ծառայություն, որն արգելում է պրովայդերներին»: Սակայն իր հնչեցրած դիտարկումներին ու հարցադրումներին պատասխան չստանալով, Ա. Շահնազարյանը նկատեց. «Ձեր բռնած դիրքորոշումից երեւում է, որ դուք պրովայդերներին կապ տրամադրողը չեք»: Չնայած պարոն Շահնազարյանի այս համոզմունքին, հանձնաժողովի անդամները որոշեցին եւս 15 օր ժամանակ տրամադրել «ԱրմենՏելին», որպեսզի վերջինս իր տեխնիկական հնարավորությունների սահմանում կապ տրամադրի պրովայդերներին: Ընկերության ներկայացուցիչներն այս որոշման հետ համամիտ չէին: Նրանց մեկնաբանմամբ, պրովայդերների պահանջները բավարարելու համար իրենք ստիպված պետք է լրացուցիչ ներդրումներ անեն: Այս պատճառաբանությունն էլ «ԱրմենՏելին» չփրկեց, քանի որ նիստին ներկա հակառակ կողմը հավաստիացրեց, որ իրենք պատրաստ են ֆինանսապես աջակցել տեխնիկական վերազինմանը: Ի դեպ, Դ. Սանդուխչյանը համամիտ չէր նաեւ, որ իրենց ընկերությունը գերիշխող դիրք ունի: Նշենք, որ հանձնաժողովի որոշումը չկատարելու դեպքում «ԱրմենՏելը» կտուգանվի նախորդ տարվա շրջանառության 2%-ի չափով, որը կազմում է մոտ 300 միլիոն դրամ: