Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԷԼ ԴԺԳՈՀՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Հունիս 19,2008 00:00

\"\"Որոշ հողօգտագործողներ գտել են «ոսկեբեր երակը» եւ փորձում են ապօրինի զբաղեցրած տարածքների հաշվին միանգամից հարստանալ:

«Ես ոչ փորձել եմ, ոչ էլ պատրաստվում եմ փորձել որեւէ մեկի հետ լեզու գտնել: Դա աշխատաոճ չէ, ոչ էլ աշխատանքային ձեռագիր է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեն կարողանում «լեզու գտնել» Դալմայի այգիների որոշ հողօգտագործողների հետ: Մասնավորապես, «Առավոտն» արդեն հրապարակել է Սամվել Մանուկյանի նամակը, ով հայտարարում էր, որ իրեն պատշաճ փոխհատուցում չի առաջարկվում: Պարզվում է, Սամվել Մանուկյանի եղբայրը՝ Առաքել Մանուկյանը, 1994 թվականին պայմանագիր է կնքել Շահումյանի շրջգործկոմի հետ՝ ներկայումս վիճելի 2600 քմ հողակտորը 10 տարով վարձակալելու եւ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու մասին: 10 տարին լրանալուց հետո որեւէ պատկան մարմնի հետ այլ պայմանագիր չի կնքվել: Ստացվում է՝ դեռ 2004 թվականից վիճելի հողակտորն այլեւս վիճելի չպետք է լիներ: Սակայն այս ողջ ընթացքում, թեեւ անօրինական կերպով, վերոնշյալ անձը օգտագործել է տվյալ հողատարածքը: 2003-04 թվականներին կայացված ՀՀ կառավարության որոշումներով Դալմայի այգիների հողամասերի կարգավիճակում կատարվել են ճշտումներ. եթե նախկինում դրանք ամբողջը գյուղատնտեսական նշանակության էին, ապա նշյալ որոշումների արդյունքում՝ այգիներից 256 հեկտարն է թողնվել գյուղատնտեսական նշանակության եւ շուրջ 700 հողօգտագործողների հետ Երեւանի քաղաքապետարանը կնքել է 10 տարի ժամկետով վարձակալության նոր պայմանագրեր, որոնք ստացել են պետական գրանցում: Մնացյալ տարածքը, ինչպես հայտնի է, ճանաչվել է ոչ բնակավայրային, եւ պետությունը հնարավորություն է ստացել քաղաքաշինական խոշոր ծրագրեր իրականացնելու: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպվել են աճուրդներ, հաղթողները համապատասխան բյուջետային վճարումներ են կատարել եւ քաղաքապետարանից ստացել քաղաքաշինական համապատասխան ծրագրերի իրականացման թույլտվություններ: Այդ տարածքում հաշվառված էր 134 հողօգտագործող, այդ թվում նաեւ ժամկետանց պայմանագրեր ունեցող մարդիկ: Ի դեպ, այս առիթով այն ժամանակվա վարչապետ, Սերժ Սարգսյանը հատուկ հանձնարարական է տվել բոլոր հողօգտագործողների խնդիրները լուծելու համար: Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը եւ յուրաքանչյուր հողօգտագործողի հետ անհատական աշխատանքի շնորհիվ գործն առաջ է շարժվել: Օգտագործելով միջնորդի իր դերը, քաղաքապետարանն այդ հողօգտագործողներին ֆինանսական օգնություններ է տրամադրել՝ հաշվի առնելով հարց սոցիալական, բարոյահոգեբանա-կան կողմերը: «Չնայած քաղաքապետարանը պարտավոր չէր այդ հարցերի մեջ մտնելու, բայց շեշտադրում կատարելով հարցի բարոյական եւ մարդկային կողմերին՝ հաշվի առնելով, որ հողատարածքներից մեծ մասի վրա հսկայական գյուղատնտեսական աշխատանքներ են կատարվել, ես ինքս եղել եմ բոլոր տարածքներում եւ մեկ առ մեկ գիտեմ, թե որ հողակտորն ինչ վիճակում է եղել, կան նաեւ այնպիսիք, որոնց վրա որեւէ գյուղատնտեսական աշխատանքի հետք չի եղել: Եղել եմ նաեւ Սամվել Մանուկյանի հողակտորում՝ իր հետ, ասեմ, որ այստեղ գյուղատնտեսական աշխատանքների հետքի մասին խոսելն ավելորդ է: Տվյալ հատվածի հինգ հողօգտագործողներ, քաղաքապետարանի ակտիվ աշխատանքի շնորհիվ, դեռ փետրվար ամսին են օգնությունները ստացել՝ 1 քմ-ի դիմաց 10 դոլարին համարժեք դրամ՝ նոտարական վավերացում ստացած պայմանագրերով: Բոլորը ուրախությամբ համաձայնել են, ընդ որում՝ հինգ հողամասերն էլ բավականին մշակված էին»,- ասում է Գրիգոր Մելքումյանը: Միայն Սամվել Մանուկյանը որեւէ կերպ չի համաձայնում սեփականատիրոջ առաջարկներին: Նա սեփական պահանջներն է առաջ քաշում՝ «Որպեսզի քաղաքապետարանը ճնշում գործադրի հողի սեփականատիրոջ վրա, որ վերջինս 1քմ-ի դիմաց 4900 դրամ վճարեն, որն այդ տարածքի հողի կադաստրային արժեքն է»: Գրիգոր Մելքումյանը հավաստիացնում է, որ ինքն անձամբ տասնյակ անգամ ընդունել է Սամվելին՝ առանձին եւ այլ խնդիրներ ունեցող մարդկանց հետ, բայց Սամվելը շարունակում է պնդել իր առաջարկը, ավելին, նա ամենուր հայտարարում է, որ իրեն ոչ ոք չի ընդունում եւ իր հարցով չեն զբաղվում: Իբրեւ այլընտրանքային տարբերակ, Սամվելին սեփականատերերն առաջարկել են Դավիթաշեն հատվածում 1200 քմ հողատարածք: Նա ցանկություն է հայտնել Տիչինայի փողոցին հարող տարածքում կամ Սիլիկյան թաղամասում ստանալ իր օգնություն հողակտորը: «Երբ ինքը զգաց, որ քաղաքապետարանը պատրաստ է նշյալ հատվածում աճուրդային փաթեթ պատրաստել եւ ինքը կարող է առաջարկվող 30 հազար դոլարով համապատասխան մակերես ձեռք բերել՝ անմիջապես հրաժարվեց: Ասաց՝ դա ձեռք կբերեմ, բայց ինձ գումար էլ կտաք՝ տուն կառուցելու համար»,- ասում է մեր զրուցակիցը: Քաղաքապետարանից ստացած մեկ այլ տեղեկատվության համաձայն, Սամվել Մանուկյանն իր անվամբ Աջափնյակ թաղային համայնքի հետ ունի կնքած երկու տարբեր պայմանագրեր՝ Տիչինայի փողոցին հարող տարածքում 1220 եւ 600 քմ՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վերաբերյալ եւ Սիլիկյան թաղամասի նորվեգական հատվածին հարող տարածքում ապօրինի զբաղեցրել է եւս 600 քմ հողատարածք:

Ընդհանուր առմամբ, ներկայումս, այսպես կոչված, վիճելի հարցերը 14-ն են, որոնց մեջ կա ընտանիք, որը, այգեգործությունից զատ՝ մայրաքաղաքի կենտրոնում զբաղվում է նաեւ անասնապահությամբ: Տվյալ անձին՝ Համբարձում Խաչատրյանին, սեփականատեր «Միջազգային բիզնես-կենտրոնն» առաջարկել է իր նախընտրելի հատվածում 100-1500 քմ հողատարածք: Այդ ցանկությունն իրագործելուց հետո՝ նա 3000 քմ է պահանջել: Մեկ այլ դեպքում, Ընծա Մինասյանն իր օգտագործած 1200 քմ-ն պահանջում է սեփականության իրավունքով: Մեծ հաշվով, այս անձանց չարդարացված պահանջների պատճառով, իրականացվելիք քաղաքաշինական ծրագրերն առայժմ հապաղում են, բայց մեր զրուցակիցը լավատես է եւ հույս է հայտնում, որ այդ հարցերում էլ փոխըմբռնման կհանգեն: Սակայն նոր խնդիրներ էլ են ծագում. կան 50-ից ավելի ընտանիքներ, որոնք տարիներ շարունակ անօրինական կերպով հողակտորներ են զավթել եւ օգտագործում են: Տվյալ տարածքներն աճուրդի հանելու մասին խոսք չկա, բայց այդ մարդիկ արդեն որպես խնդիր շահարկում են դա: «Կա նախագծային ճանապարհ: Ի վերջո, մայրաքաղաքը պե՞տք է ունենա ճանապարհների լայն ցանց: Նախատեսված նախագծային ճանապարհի վրա հողօգտագործողները նույնպես աղմկում են եւ ստացվում է քանակ»,- ասում է մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել