Քաղբանտարկյալներ Դավիթ Մաթեւոսյանը, Աշոտ Զաքարյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Վարդան Ջհանգիրյանը, Ժորա եւ Մկրտիչ Սափեյանները եւ Սուրեն Սիրունյանը երեկ նամակով դիմել են Եվրախորհրդարանի պատգամավորներին եւ ԵԽԽՎ պատվիրակներին: Նամակում հիշեցված է, որ վերջին տասնամյակում Հայաստանում անցկացվող բոլոր ընտրությունները կեղծվել են, իսկ ժողովրդավարության համար եւ ընտրակեղծիքների դեմ պայքարողները ենթարկվել են հալածանքների. «Սակայն ամեն նման ընտրությանը հետեւում էր ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի հստակ գնահատականը, որոնք դատապարտում էին ընտրակեղծիքները եւ պահանջում էին ազատ արձակել կալանավորվածներին»: Ըստ նամակը ստորագրածների՝ ԱԺ 2007 թ. ընտրությունների ժամանակ առաջին անգամ այդ ավանդույթը խախտվեց. «Կեղտոտ կեղծիքներով իրականացված ընտրությունները եվրոպական կառույցների կողմից հայտարարվեցին եվրոպական չափանիշներին համապատասխանող, իսկ քաղբանտարկյալների մասով որեւէ հայտարարություն չարվեց: Եվրոպական կառույցների նույն գնահատականը կրկնվեց նաեւ 2008թ. խայտառակ նախագահական ընտրություններից հետո: Այս ամենի հետեւանքով իշխանությունները զգացին միջազգային կառույցների ամենաթողությունը, ինչի հետեւանքով բանակի եւ զրահատեխնիկայի օգնությամբ ցրվեց խաղաղ բողոքի ցույցը»: Նշված է նաեւ. «Այս ամենաթողության հետեւանքով Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ կալանավորված քաղաքական հակառակորդների գործերը հասցվեցին մինչեւ դատարաններ ու դատավճիռներ»:
Քաղբանտարկյալներն այս ամենը գնահատում են որպես «Հայաստանում իշխանական լծակները յուրացրած անձանց եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչների միջեւ գործարքի արդյունք: Կարեւոր չէ, թե Եվրոպայի ներկայացուցիչները գնացել են գործարքի անհատական, թե կորպորատիվ շահերից ելնելով, սակայն գործարքի զոհ դարձան ՀՀ հազարավոր քաղաքացիներ, Հայաստանում էական հետընթաց ապրեց ժողովրդավարությունը, իսկ սա ինքնին Եվրոպայի եւ եվրոպական քաղաքակրթական արժեքների արժեզրկում է: Մենք մեղադրում ենք Հայաստանի հարցերով զբաղվող ձեր գործընկերներին մեր եւ մեր ընկերների անօրինական կալանավորման եւ անազատության մեջ: Մենք ձեզանից պահանջում ենք հետաքննել այդ խայտառակ գործարքը, պարզել մեղավորներին եւ պատժել նրանց»: