ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում երեկ սկսվել են Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը նվիրված լսումները: Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ լսումների ընթացքում կոնգրեսականները պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին կուղղեն Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը, Հայաստանին տարածաշրջանային տնտեսական ծրագրերից մեկուսացնելուն եւ Ադրբեջանում Ղարաբաղի հասցեին արվող սպառնալից հայտարարություններին վերաբերող հարցեր: Կարծարծվեն նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանին օգնություն հատկացնելու թեմաները: «Ի՞նչ քայլեր է անում վարչակազմը ՀՀ-ի շրջափակումը դադարեցնելու, Կովկասի տարածաշրջանի ինտեգրմանը նպաստելու ուղղությամբ՝ այս հարցն է լսումների օրակարգում»,- ասում է Չուլջյանը: Հայ դատի գրասենյակի խոսնակը նշել է նաեւ, որ լսումների ընթացքում կարող է անդրադարձ լինել Հայաստանում հետընտրական զարգացումներին:
Դենիել Ֆրիդը մարտի 20-ին «Ազատությանը» տված հարցազրույցում ողջունել էր Երեւանում արտակարգ դրության վերացումը, սակայն հավելել էր, որ դեռ կան լուծում պահանջող խնդիրներ: Նա ասել էր, որ Հայաստանը պարտավոր է վերադառնալ ժողովրդավարության ճանապարհ: «Այլ բան է բռնությունների համար ձերբակալությունը: Բայց մարդիկ, ովքեր ձերբակալվել են առավել կասկածելի շարժառիթներով, պետք է ազատ արձակվեն: Հարկ է կայունացնել իրավիճակը, հարկ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ»,- ասել էր Ֆրիդը:
Նշենք նաեւ, որ այսօր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչին հաստատելու հարցը: Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Յովանովիչի թեկնածությունը նախագահ Բուշն առաջարկել է այս տարվա մարտի 28-ին: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը երկու անգամ արգելափակել էր վարչակազմի առաջարկած նախկին թեկնածու Ռիչարդ Հոգլանդի հաստատումը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա մերժողական դիրքորոշման համար, ինչից հետո Բուշի վարչակազմը հետ էր կանչել Հոգլանդի թեկնածությունը: