«Ազատությունը կիսատ չի լինում. այն լինում է ամբողջական կամ չի լինում»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ եւ նախկին ՀՀՇ-ական Արա Սահակյանը:
Նրա այս տեսակետն ամբողջովին կիսեց ընդդիմախոս՝ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանը, հավելելով, որ ընդդիմության դերում հանդես եկող նախկին իշխանությունն էլ «տոտալիտար է» տրամադրված իշխանությունն ամեն կերպ վերցնելու հարցում եւ խանդով է վերաբերվում առաջ եկող այլ ընդդիմադիրների: Հակոբյանի համոզմամբ, իմիտացիոն քայլեր անում են երկու կողմերն էլ: Առաջինները՝ Եվրոպային ցույց տալու համար, որ բոլոր պահանջները կատարվել են, երկրորդները՝ որ ոչինչ չի արվել: Արդյունքում՝ «Եթե այս հակադրությունը շարունակվի՝ մեր ժողովուրդն ու պետությունը նոր ողբերգությունների առջեւ են կանգնելու»: Մինչդեռ Արա Սահակյանը տոտալիտար ընդդիմության այլընտրանքը համարում է «սեթեւեթող ընդդիմությունը»: «Ես հասկացա, որ պրն Հակոբյանը փորձում է ասպարեզ բերել հարմարվողականների, կոլաբորացիոնիստների, քաղքենիության շահերը: Մենք խոսում ենք ազատության մասին. Հայաստանում կա ազատության դեֆիցիտ: Խոսում ենք դեմոկրատիայի մասին՝ Հայաստանում դեմոկրատական իրավունքները մշտապես ոտնահարվում են: Հիմա, երբ մենք այստեղ փիլիսոփայում ենք, բոլոր ոստիկանատներում, ՏԻՄ մարմիններում միջոցառումներ են մշակվում, ինչպես 88-ին Արտաշես Գեղամյանն էր Մաշտոցի ռայկոմում կազմակերպում, թե ինչպես կոտրել ղարաբաղյան շարժումը»: Բանավեճը սահուն տեղափոխվեց 1995 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեին եւ 1996-ի կեղծված նախագահական ընտրություններին, ինչի առիթով էլ Արա Սահակյանը նկատեց. «96-ի, 95-ի, 90-ի, 2000-ի, 2007-ի ոչ մի խախտում չի արդարացնում 2008-ի մարտի 1-ի սպանությունը: Գուցե քաղքենիական մակարդակում, հարեւանների վեճի ժամանակ ասես՝ բա դու: Քաղաքականության մեջ, իրավունքի տեսանկյունից, չի կարելի այդ պրյոմներն օգտագործել»: Ռուբեն Հակոբյանը, համաձայնելով տրված գնահատականներին, այնուհանդերձ, հակադարձում է. «Ասում են՝ եկեք մոռացեք, որ մենք հանցագործներ ենք եղել, բայց թույլ տվեք, որ մենք ձեզ ասենք, որ դուք հանցագործ եք: Մոռացեք պատճառը՝ խոսենք հետեւանքների մասին: Էդքան տղամարդկություն եւ քաղաքական կամք ունենանք, ասենք՝ ժողովուրդ, էս կաշան միասին ենք եփել»: Նախկին դաշնակին չի բավարարել առաջին նախագահի ներողությունը: Նա գտնում է, որ մեր ազգի խաչը բավականին ծար է եւ այն տանելու համար յուրաքանչյուրս պետք է մեր պատասխանատվության չափ զգանք մեր մեղավորությունը եւ փորձենք միասին դուրս գալ այս վիճակից: Իսկ Արա Սահակյանն ասաց. «Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ունեցել ենք դեմոկրատական դրախտ, ՀՀ-ում եղել է ընտրությունների եւ քաղաքական գործունեության լիակատար ազատություն, եւ 95-96-ին դրանք միանգամից փշրվել են: Մենք տոտալիտարիզմից ծանր անցում ենք կատարել: Դա հասկանալի էր 2-3 տարվա պատմություն ունեցող պետության համար, 17 տարի հետո դա անթույլատրելի է,- հավելելով, որ առաջին նախագահի քաղաքական թիմն իր վրիպումների համար եւ դրանց ողջ բեռով հրաժարվեց իշխանությունից:- Այս քաղաքական թիմը հարյուրապատիկ ավելի մեղք է գործել եւ նույն պատասխանատվությամբ պետք է հրաժարվի»: Վերջին դիտարկման հետ ընդդիմախոսը համաձայնեց, բայց վերապահում հայտնեց այն առիթով, որ 98-ին առաջին նախագահի քաղաքական թիմը հրաժարվեց: Նա գտնում է, որ հրաժարական տվեց թիմի առաջնորդը՝ «մի քանի գրագետ, նորմալ մարդկանցով», իշխանական հիմնական բուրգը մինչ օրս էլ մնում է: «Ես կենսաբանության մասնագետ չեմ, բայց գիտեմ, որ թռչունները եւ սողունները կենսաբանական նույն դասին են պատկանում, բայց թռչուններին դրա համար ոչ ոք չի մեղադրում»,- հավելեց Արա Սահակյանը:
Ընդդիմություն-իշխանություն երկխոսության բացակայության մասին Արա Սահակյանը պատկերավոր արտահայտվեց. «Մենք արյունոտ խրախճանքի չենք կարող մասնակցել: Թող Սերժ Սարգսյանը գնա Ալեքսանդր Արզումանյանի եւ Արարատ Զուրաբյանի հետ բանտում երկխոսի»: