Մինչ հունիսի 20-ի «հիմնական խմբի» հանրահավաքը, երեկ կայացավ ընդդիմության «երիտասարդական հավաքականի» հանրահավաքը:
Մատենադարանի մոտ, ժամը 18-ին
«ՀՀ իշխանությունները մինչ օրս ոչ միայն որեւէ իրավական քայլ չեն արել 1609 բանաձեւի պայմաններին ընդառաջ գնալու ուղղությամբ, այլեւ, բանաձեւի ընդունումից հետո, ավելի են ուժեղացրել ճնշումներն ընդդիմության վրա եւ խորացրել են ինչպես ռեժիմի ու ընդդիմության միջեւ, այնպես էլ հասարակության մեջ առկա անջրպետը»,- ԵԽԽՎ 1609 բանաձեւի, այսպես կոչված, կատարողականին նման գնահատական է տվել Համաժողովրդական շարժման կենտրոնը, որը երեկ «Փաստարկ» ակումբում հնչեցրեց Լեւոն Զուրաբյանը: Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ ամսի 20-ին նախատեսված հանրահավաքը տեղի է ունենալու Մատենադարանին հարող տարածքում, ժամը 18-ին, ինչի մասին քաղաքապետարանը նույնպես պատշաճ կերպով ծանուցվել է ժամանակին: «Ավելի քան երեք ամիս շրջափակված պահելով Ազատության հրապարակը՝ վարչախումբը փոքրոգաբար թաքնվում էր զորքի եւ ոստիկանական ուժերի թիկունքում: Այժմ նա շատ ավելի առաջ է գնացել եւ որոշել է դիմել ծայրահեղ անբարոյական քայլի՝ թաքնվել երեխաների թիկունքում: Մեր հանրահավաքն, այնուամենայնիվ, տեղի է ունենալու. այն արտոնված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ եւ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածների անմիջական գործողության ուժով: Մենք հաստատակամ էինք՝ տեղի չտալ որեւէ ապօրինության առջեւ եւ իրականացնել ազատ հավաքների մեր իրավունքը հունիսի 20-ին Ազատության հրապարակում, ինչի մասին բազմիցս ծանուցել ենք: Վարչախումբը նույնպես համոզված էր դրանում, ուստիեւ զորքերին փոխարինեց երեխաներով՝ բազմակի փորձով համոզված, որ՝ ի տարբերություն իրենց, մենք ոչ մի դեպքում չենք խախտի տարրական բարոյականության սահմանը: Մենք թեեւ դատապարտում ենք երեխաներին քաղաքական նպատակներով օգտագործելու ստոր արարքը, իրոք, չենք կարող մեր բարոյականությամբ հավասարվել իշխանություններին եւ կոչ անել մեր աջակիցներին հավաքվել Ազատության հրապարակում, որը ծայրեծայր կահավորված է մանկական խաղերով, ու որտեղ հունիսի 20-ին լինելու են երեխաներ»,- ասված է Շարժման կենտրոնի մեկ այլ հայտարարության մեջ: Հանրահավաքի կազմակերպիչներն առաջարկում են իշխանություններին նշանակել քաղաքապետարանի եւ ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչներ, որոնք մշտական շփման մեջ լինելով Շարժման ղեկավարների հետ՝ կապահովեն խաղաղ հանրահավաքի բնականոն ընթացքը: Հանրահավաքին հրավիրվում են նաեւ ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանատների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: «Առավոտի» հարցին՝ այնուհանդերձ, չկա՞ մտավախություն, որ իշխանությունը նորից կգնա ուժի կիրառման, եւ այդ դեպքում հանրահավաքի կազմակերպիչները պատրաստ են դիմակայելու, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք որեւէ անօրինական քայլ չեն անելու եւ ամեն ջանք գործադրելու են, որպեսզի հանրահավաքը խաղաղ ընթանա, եթե՝ «ոստիկաններն անօրինական ոչինչ չանեն»: Նրա համոզմամբ, եթե կողմերը մնան օրենքի շրջանակներում՝ «ամեն ինչ լավ կլինի»:
Կրթահամալիրի փոխարեն՝ Հյուսիսային պողոտայում
Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պետք է տեղի ունենար Շարժման երիտասարդական կոնգրեսը: «Երիտասարդ պահպանողականներ» հասարակական կազմակերպությունը նախապես դիմել էր կրթահամալիրի տնօրենին՝ դահլիճ տրամադրելու խնդրանքով: Երեկ առավոտյան, սակայն, պարզ է դարձել, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն արգելել էր դպրոցի տնօրինությանը դահլիճ տրամադրել, քանի որ՝ «Կրթահամալիրի սրահը կարող է օգտագործվել միայն կրթական նպատակներով»: «Ինձ անհասկանալի է մերժումը, ես համաձայն չեմ, բայց պարտավոր եմ կատարել, որովհետեւ պետական կազմակերպություն եմ ղեկավարում, եւ կա գրավոր արգելք»,- ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա բոլոր ջանքերը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հետ կապվելու եւ պարզաբանում ստանալու՝ ապարդյուն անցան: Նախարարն անհասանելի էր:
Մինչ հավաքված հարյուրից ավելի երիտասարդները մտմտում էին կոնգրեսը դպրոցի բակում անցկացնել՝ նրանց մոտեցան Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանները՝ մի փոխգնդապետի գլխավորությամբ, եւ հայտարարեցին, որ չեն կարող ինքնաբուխ հավաք անցկացնել, քանի որ հավաքվածների թիվը գերազանցում է նման դեպքերի համար օրենքով սահմանված 100 մարդը: Երիտասարդներին արգելվեց նաեւ երթով շարժվել դեպի Եռաբլուր: Անարդյունք բանակցություններից հետո կոնգրեսականները՝ «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» վանկարկումներով եւ եռագույն դրոշներով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ քաղաքական զբոսանքի ժամն էր, եւ այնտեղ էլ անցկացրեցին նախատեսված միջոցառումը: Երիտասարդ կոնգրեսականներն ընդունեցին մանիֆեստ, որում, մասնավորաբար, ասված է, որ կոնգրեսի անդամ 12 կազմակերպությունները եւ անհատները՝ հավատարիմ համաժողովրդական շարժման ոգուն, ամբողջապես սատարում են Շարժմանը եւ պատրաստ են պայքարի՝ մինչեւ հաղթանակ: Կոնգրեսականները գտնում են, որ ՀՀ իշխանությունները պետք է ձեւավորվեն ժողովրդավարական ճանապարհով, ուստիեւ պահանջում են անհապաղ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ 1609 բանաձեւի անհապաղ կատարում՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, մարդու իրավունքների վերականգնում, իրական քայլեր՝ դեպի ժողովրդավարացում: