Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՀԱՇԻՎ ՏԱ

Հունիս 19,2008 00:00

\"\"ԱԳՆ նախկին խոսնակը պնդում է, թե իշխանությունը, որի գործունեության արդյունքում ծնվել է մեղադրանքներով լի 1609 բանաձեւը, պետք է հաշիվ տա:

Իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե ԵԽԽՎ 1609 բանաձեւի առաջարկությունները համահունչ են Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին ու կոալիցիայի հուշագրին: ԱԺ ամբիոնից եւ երեկ՝ ՀԺԿ գրասենյակում Հայաստանի քաղաքագետների միության կազմակերպած կլոր սեղանի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը հեգնեց նման պնդումները՝ կոալիցիային հարցնելով. «Եթե այդպես նույն ձեւով եք մտածում՝ էդ ինչո՞ւ են ձեր հարաբերությունները ժամանակ առ ժամանակ փչանում, էդ ինչո՞ւ եք ժամանակ առ ժամանակ իրար ուլտիմատումներ ու պահանջներ ներկայացնում»:

Քննարկման մյուս բանախոսը՝ ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հանդես եկավ ելույթով, որում պարունակվում է նաեւ անուղղակի պատասխանը իշխանության նման հավաստիացումների: Անդրադառնալով 1609 բանաձեւում Հայաստանի պետական ինստիտուտների գործունեությանը տրված գնահատական-մեղադրանքներին՝ Վլադիմիր Կարապետյանը զավեշտալի անվանեց հետեւյալը. «Հայաստանը ոչ միայն չի արձագանքել նվաստացուցիչ գնահատականներին, այլեւ ՀՀ պատվիրակության անդամները ստորագրել են բանաձեւի տակ՝ դրանով վավերացնելով իրենց ներկայացվող կուսակցությունների ճանաչումն այդ խիստ, նույնիսկ դատապարտող ձեւակերպումների մասով»: Այսպես, կոալիցիոն կուսակցությունները փաստորեն համաձայն են բանաձեւի հետեւյալ դրույթին. «Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության ավելի քան 100 համախոհների եւ խորհրդարանի 3 անդամների ձերբակալումը եւ շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերեւույթ արհեստական է եւ պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում»: Ըստ նրա՝ «Այսինքն՝ երկրի ներսում կոալիցիան քվեարկում է պատգամավորների ձերբակալման օգտին, իսկ դուրսը՝ իշխանական կուսակցությունները դա դատապարտում են, ավելին՝ գտնում են, որ իշխանությունների կողմից իրագործվում է ընդդիմության փաստացի հետապնդում»:

Վլադիմիր Կարապետյանը հիշեցրեց, որ պատասխանելով քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջներին՝ կոալիցիայի անդամները հորդորում են սպասել դատարանների արդար վճիռների կայացմանը, իսկ մյուս ձեռքով նրանք ստորագրում են հետեւյալ դրույթի տակ. «…դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն իրենց՝ որպես անկողմնակալ դատական մարմինների նկատմամբ, այդ թվում՝ նաեւ ընտրական գործընթացում: Դատարանների ոչ բավարար չափով անկախ լինելու վկայություն է նաեւ այն փաստը, որ դատարանները, ըստ երեւույթին, հարցականի տակ չեն առնում անձանց նախնական կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը եւ, որպես կանոն, բավարարում են դատախազների համապատասխան միջնորդությունները՝ հավուր պատշաճի քննության չենթարկելով այդ առնչությամբ ներկայացվող հիմնավորումները»: Եվ դիմեց նրանց. «Հարգելի՛ իշխանության ներկայացուցիչներ, եթե դուք գիտեք այս ամենը, ինչպե՞ս եք հանդուրժում, որ մարդկանց պահեն անազատության մեջ, չէ՞ որ դուք էլ եք հաստատում, որ դատարանները անկախ չեն: Արդյոք սա վկայությո՞ւն չէ, որ կոալիցիային ձեռնտու է տասնյակ բանտարկյալների առկայությունը: Այլապես կոալիցիան ներկայացնող պատգամավորները չէին ստորագրի այս մի ձեւակերպման տակ. «Համարժեք դատական հսկողության բացակայության պայմաններում, անձանց ձերբակալությունը եւ շարունակվող կալանավորումը առերեւույթ արհեստական մեղադրանքներով, նրանց՝ նախագահական ընտրությունների արդարացիությունը վիճարկելուց հետո կամ նախագահական ընտրություններից հետո ցույցերում նրանց մասնակցությունից հետո, մատնանշում է, որ այդ գործողությունները պայմանավորված են քաղաքական շարժառիթներով»:

Վլադիմիր Կարապետյանը նշեց, թե քաղաքական ուժերն ու ԶԼՄ-ները շատ են խոսում բանաձեւի նախապայմանների կատարման վերաբերյալ. «Բայց ես չեմ հիշում, որ ուղիղ հարց բարձրացվեր բանաձեւում տրված գնահատականների՝ իշխանության պատասխանատվության մասին: Այնինչ ամեն բան շատ պարզ է. եթե կոալիցիայի լիազոր ներկայացուցիչներ Դավիթ Հովհաննիսյանը, որը ներկայացնում է ՀՀԿ-ն, ԲՀԿ ներկայացուցիչ Ավետ Ադոնցը, դաշնակցական Արմեն Ռուստամյանը ստորագրել են այս գնահատականների տակ՝ ուրեմն իշխող կուսակցությունները ամբողջական պատասխանատվություն են կրում յուրաքանչյուր բառի համար: Ժամանակն է կա՛մ ասել, որ այդ պատգամավորները չեն ներկայացնում իշխող կուսակցությունների դիրքորոշումները, կա՛մ վերոնշյալ բոլոր դրույթները ճշգրիտ են: Հետեւությունն էլ թող ժողովուրդը անի: Կարծում եմ, դրանք էլ են շատ պարզ՝ այն իշխանությունը, որի գործունեության արդյունքում ծնվել է այսպիսի նվաստացուցիչ, մեղադրանքներով լի փաստաթուղթ մեր բոլորիս՝ հայաստանցիներիս համար, պետք է հաշիվ տա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել