Օրերս կալանքից ազատված Ժիրայր Սեֆիլյանը, որին ողջունում եմ ազատությունը վերագտնելու առիթով, մամուլի ասուլիսում խոսեց այն հանցավոր ցուցակի մասին, որը կազմել էր ինքը եւ որում Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի հետ տեղ էին գրավել իրեն ակնհայտորեն ապօրինի դատապարտելուն մասնակցություն բերած անձինք:
Ամբողջությամբ չտիրապետելով բովանդակությանը՝ ենթադրում եմ, որ ցուցակում տեղ են գտել քննիչներ, դատախազներ, դատավորներ (առաջին ատյան, վճռաբեկ, վերաքննիչ), բանտապետեր, ներման հանձնաժողով եւ այլն:
Պատկերացնենք, որ քաղաքականությանը ակտիվ մասնակցած, հանիրավի հետապնդվող այսօրվա գործիչներից յուրաքանչյուրը կազմում է իր ցուցակը: Դրանց մեջ կմտնեն մարտի 1-ի առավոտից սկսած ոստիկանական գործողության ակտիվ մասնակից՝ շարքային ու հրամանատար, ոստիկանական բաժիններում կալանվածին ակտիվ «մշակող» ոստիկան ու քննիչ, դատարաններում կեղծ ցուցմունք տվող ոստիկաններ ու գործ «թխող» դատախազ, ու այդ ամենին օրենքի ուժ տվող դատավորներ, դատավորներ…
Ու եթե մի պահ մտովի հետ գնանք այս ամենի ակունքին՝ 1995թ. անկախ Հայաստանի առաջին համապետական ընտրություններին (խորհրդարանական, սահմանադրական հանրաքվե), եւ յուրաքանչյուր գործիչ սկսի կազմել այդ ժամանակներից սկսած իրեն հանդիպած անարդարությունների ու ապօրինությունների հեղինակների ցուցակը՝ իրենց գլխավորներով, այդ ցուցակներին գումարենք մի քանի հազար ընտրական հանձնաժողովներում կեղծիքներ իրագործողներին, այդ տեղամասերի շրջակայքում անօրինական գործունեությամբ զբաղվող խմբերին, հավատացեք, կունենանք առնվազն մի քանի տասնյակ (եթե ոչ հարյուր) հազարանոց ցուցակ, որոնց միասնական ջանքերով եւ իմաստուն ղեկավարների առաջնորդությամբ ու կամքով 20 տարում կառուցել ենք մի Հայաստան, որում կարող է լինել «Հոկտեմբերի 27», մարտի 1-ի ողբերգությունը, եւ, ինչպես ցույց է տալիս զարգացման վեկտորը՝ Աստված վատթարից ազատի:
Հիմա պատկերացրեք մի պահ, որ այս ամբողջ շարքից հրաշքով հանվեին բոլոր դատավորները: Այսինքն՝ դատավորները չլինեին կաշկանդված եւ ցուցակի գլխավորների հրահանգների կատարման պարտադրանքը չունենային: Այդ դեպքում օրինախախտների ցուցակները 95-ից սկսած ոչ թե կաճեին հիմա արդեն երկրաչափական պրոգրեսիայով, իր մեջ ընդգրկելով հանրության նորանոր շերտեր, կուսակցություններ ու անձինք, այլ, դատարանների անկախացման ու կայացմանը զուգահեռ, 95-ից սկսած, կգնար նվազում, ինչպես Մերձբալթիկայում է, Արեւելյան Եվրոպայի երկրներում, եւ ոչ ինչպես Ռուսաստանում, Ադրբեջանում եւ Միջին Ասիայի երկրներում:
Իսկ որտեղ է թաքնված դատարանների կախվածության, հետեւաբար՝ որպես ժողովրդավարական կարեւորագույն ինստիտուտի չկայացման գաղտնիքը:
1995թ. մեր երկրին փաթաթված Սահմանադրության մեջ դատարանների ուղղակի կախվածությունը երկրի նախագահի կամքից՝ ամրագրված էր պարզ ու հստակ: Այս մասին շատ է գրվել ու խոսվել: ՀՀ Գերագույն խորհրդում, 1994-ից սկսած, երբ Սահմանադրության նախագիծը դրվեց քննարկման, այս մասին արտահայտվել եմ բարձրաձայն, կետ առ կետ ցույց տալով այդ կախվածությունը՝ մատնանշելով կառավարման այդպիսի համակարգի ավտորիտար բնույթը: 1995-ից մինչեւ 2005թ. սահմանադրական փոփոխությունները՝ 10 տարի, ձեւավորվել է դատական իշխանությունը՝ որպես ավտորիտար ռեժիմի կամակատար հենասյուն՝ իր սահմանադրական իրավական հիմքով, կառուցվածքով, բնույթով ու ձեւավորված ստրկահաճո բնավորությամբ: Եվրախորհրդի ու ընդդիմության պահանջով որոշվեց 2005թ. «բարեփոխել» այդ Սահմանադրությունը, «համապատասխանեցնելով» այն եվրոչափանիշներին: Եվ, ինչպես ընդունված է Հայաստանում նման դեպքերում, փոփոխությունների նպատակը դարձավ՝ պահպանելով նախագահից կախվածությունը, հանել ուղղակի ձեւակերպումները, դրանք փոխելով թաքնված, անուղղակի մեխանիզմներով, պահպանելով դատավորի ճակատագրի կախվածությունը նախագահի կամքից: Արդյունքում, չնայած այդքան տարփողված դատական բարեփոխումներին, դատարանները անխտիր կատարում են նախագահի կամքը եւ, եթե լինեն բացառություններ այս օրինաչափությունը հաստատելու համար, ապա Պ. Օհանյանի օրինակը հետ կպահի նույնիսկ դրանից:
Այս ճշմարտությունը, որ դատական համակարգը ձեւավորվում է սահմանադրությամբ որոշված իրավական հիմքերով եւ դրանով է որոշվում դատարանների բնույթն ու ձեւավորվում դատավորների բնավորությունը, ինձ համար վիճարկելի չեն, եւ ոչ մի մենթալիտետ այստեղ որեւէ դեր չունի:
Դատական իշխանության անկախացումը գործադիրից պետք է միանշանակ սկսել սահմանադրական փոփոխություններից: Բայց պարզ է, որ սահմանադրական փոփոխությունները պետք են նաեւ նախագահի (գործադիրի) լիազորությունները (իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը) համակշռելու, օրենսդիր ու դատական իշխանությամբ հակակշռող իրական մեխանիզմների ամրագրման համար:
Սահմանադրական փոփոխությունների (նոր Սահմանադրության) մասին խոսելիս շատերը հակադարձում են, թե նույնիսկ այս Սահմանադրությունն են ոտնահարում իշխանությունները եւ որ ոչինչ էլ չի փոխվի սահմանադրական փոփոխություններից: Երբ այդ մասին համոզված պնդում է շարքային մեկը, կարելի է հասկանալ, բայց երբ այդ պնդում է իրեն քաղաքական գործիչ համարող կամ նախագահի թեկնածու անձը, եւ դա իր համոզմունքն է եւ ոչ թե մոլորեցնելու նպատակ է հետապնդում, ապա դա արդեն մեր ողբերգությունն է:
Այո, խախտում են: Բայց հենց իրավասությունների անհամաչափությունն ու հակակշիռների բացակայությունն է բերում դրան ու ստեղծում անպատժելիության եւ, հետեւաբար, անպատասխանատվության մթնոլորտ:
Եվ շատ կարեւոր է այս բանի գիտակցումը: Եվ դա է պատճառը, որ առաջարկներիս («Առավոտ», 7 հունիս, 2008) հենց առաջին կետը վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը կամ նոր Սահմանադրության ընդունմանը: Իսկ այն պնդմանը, թե Ամերիկան էլ ունի սահմանադրություն, որը 200 տարի չի փոխել, պատասխանում եմ հայտնի մեջբերումով. «ամեն սեւ բան Օթելլո չէ»:
Շարունակելի