Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ ԴԱՀԼԻՃ ՉՏՐԱՄԱԴՐԵՑԻՆ

Հունիս 18,2008 00:00

«Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թեմայով կանանց գիտաժողովի կազմակերպիչները

ստիպված փողոցում էին զրուցում հրավիրյալների հետ:

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում պետք է կայանար «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թեմայով կանանց գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն (ՀՔԱՀԿ) եւ Կանանց համահայկական միությունը (ԿՀՄ): Միջոցառումը չկայացավ, որովհետեւ հյուրանոցի ադմինիստրացիան, չնայած նախնական պայմանավորվածությանը, հրաժարվել էր դահլիճ տրամադրել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեի համանախագահ Նատալյա Մարտիրոսյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ իրենք՝ ՀՔԱՀԿ-ն, մայիսի 27-ին բանավոր դիմել են «Կոնգրես» հյուրանոց՝ իրենց դահլիճ տրամադրելու համար ու բանակցություններից հետո եկել են համաձայնության, որ հունիսի 17-ին 3 ժամով զբաղեցնելու են դահլիճը: Ն. Մարտիրոսյանի փոխանցմամբ, իրենք նույնիսկ պարտավորություն են վերցրել, որ եթե հանկարծ միջոցառումը ինչ-ինչ պատճառներով չանցկացվի, ապա սահմանված արժեքի 50%-ի չափով վճարում կկատարեն հյուրանոցին: «Երեկ երեկոյան ինձ զանգահարեց հյուրանոցի ադմինիստրատորը, որի հետ էլ նախնական պայմանավորվել էինք, ու ասաց, որ չեն կարող դահլիճ տրամադրել: Խնդրեցի, որ ադմինիստրատորը լսափողը փոխանցի ավելի իրավասու անձի, իսկ նա փոխանցեց հյուրանոցի անվտանգության պետին, որն էլ ասաց՝ մենք հրահանգ ենք ստացել ձեզ այստեղ միջոցառում չթույլատրելու մասին: Իմ հարցին՝ մեզ դահլիճ չտրամադրելու համար ի՞նչ պատճառ կա, նա ոչինչ չպատասխանեց: Իսկ երբ հարցրի, թե կոնկրետ ո՞ւմ է վերաբերում այդ հրահանգը, անվտանգության պետն ասաց՝ կազմակերպություններին: Ի դեպ, նշեմ, որ առաջին անգամ է, որ «Կոնգրեսում» մեզ դահլիճ չեն տրամադրում: 10 տարի անընդմեջ տարբեր ֆորմատների միջոցառումներ ենք կազմակերպել այս հյուրանոցում ու ոչ մի անգամ խնդիր չի առաջացել»,- հայտնեց Ն. Մարտիրոսյանը:

«Առավոտի» դիտարկմանը, որ գիտաժողովի ընթացքում պետք է քննարկվեին ԵԽԽՎ 1609 բանաձեւում տեղ գտած պահանջների եւ դրույթների իրականացման գործընթացին, մարդու իրավունքների արդի իրավիճակին, քաղբանտարկյալներին վերաբերող հարցեր, արդյո՞ք ընտրված թեմաների պատճառով է, որ դահլիճ չեն տրամադրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, որ թեման լինի պատճառը, քանի որ այսօր ոչ միայն Ազգային ժողովը, այլ ամբողջ Հայաստանն է այդ թեման քննարկում: Դրա մեջ ոչ մի ենթատեքստ չկա, ու եթե խորհրդարանում քննարկվում է, ապա ինչու չենք կարող մենք՝ հ/կ-ներով քննարկել: Մենք ուզում ենք ամեն ինչ քաղաքակիրթ ձեւով քննարկել, իսկ դրա համար անհրաժեշտ են դահլիճային պայմաններ»:

Նա նաեւ հայտնեց, որ հրավիրել էին շուրջ 180 հոգու՝ ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից: Զեկույցներով պետք է հանդես գային ԱԺ պատգամավորներ, փաստաբաններ, կանանց հ/կ-ների ներկայացուցիչներ, հասարակական- քաղաքական գործիչներ: Գիտաժողովին ներկա էին լինելու նաեւ քաղբանտարկյալների մայրեր ու քույրեր: «Ես հիմա հայտնվել եմ անհարմար վիճակում, ու մենք տուժող կողմ ենք դարձել: Ես հնարավորություն չունեի բոլորին առանձին-առանձին զանգել ու զգուշացնել, որ գիտաժողովը չի կայանալու: Հիմա սպասում ենք, որ մարդիկ հավաքվեն հյուրանոցի դիմաց, բոլորից ներողություն խնդրենք՝ ոչ միայն մեր, այլեւ պետության անունից: Ոչինչ, ամեն ինչ կանենք ոտքի վրա, հանդես կգանք հայտարարությամբ ու մեր՝ ներկաների անունից էլ կընդունենք բանաձեւ՝ այսինքն՝ չկայացած կոնֆերանսի կայացած բանաձեւ, որը նախապես էինք պատրաստել: Քանի որ իրավիճակը փոխվում է շատ արագ, ապա այս հավաքը անպայման կրկին կկազմակերպենք ու եթե ոչ այստեղ, ապա մեկ ուրիշ վայրում: Չեմ բացառում, որ մեկ ուրիշ տեղում կազմակերպելիս էլ մեզ մերժեն, քանի որ նման նախադեպերի, հատկապես վերջին շրջանում, հ/կ-ները շատ են առնչվում»,- հավելեց տիկին Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել