Ըստ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի՝ ուսումնասիրություններ կկատարվեն միասնական քննությունների ավարտից հետո:
Երեկ ՀՀ 39 քննական կենտրոններում մեկնարկեցին օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն) միասնական քննությունները: Նախապես քննությանը մասնակցելու համար հայտագրվել էր 8905 դիմորդ-շրջանավարտ: Ինչպես ռուսաց լեզվի, այնպես էլ այս քննության պարագայում, ծնողների հիմնական դժգոհությունն այն էր, որ քննությանը հատկացվել է ընդամենը 2.5 ժամ: ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, որը քննակենտրոններում շրջայցը սկսեց թիվ 190 դպրոցից, այս հարցին պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա լուրջ խնդիր է: Եկեք երեխաների կարծիքով առաջնորդվենք: Մաթեմատիկայի քննության ժամանակ էլ էին ծնողները դժգոհում ժամանակից, այնինչ երեխաներն այլ բան էին ասում: Ի վերջո, ամեն ինչ հաշվարկված է»:
Ծնողները դժգոհում էին նաեւ, որ, օրինակ՝ թիվ 190 քննակենտրոնում ժամացույցներ չկան: ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը այս կապակցությամբ ասաց. «Չեմ նկատել, բայց կզբաղվենք»: Իսկ երբ լրագրողները խնդրեցին գնահատել ԳԹԿ-ի աշխատանքը, Մ. Մկրտչյանն ասաց. «Դեռ 2.5 ժամ շուտ է այդ հարցին պատասխանելու համար: Թող այս քննությունն էլ ավարտվի, հետո կպատասխանեմ, վախենում եմ աչքով տալ»:
«Առավոտն» էլ Մ. Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով են կազմվել օտար լեզվի թեստերը, որ դրանք նախկին շտեմարանների պես անգիրի վրա հիմնված չլինեն: «Հսկողության տակ կազմողները թեստը գրել են ուղեցույցի օրինակով, հետո ուղարկել ենք Անգլիա: Այնպես որ, որեւէ մտավախություն չկա»,- հավաստիացրեց Մ. Մկրտչյանը: Իսկ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ իսպաներենի համար ուղեցույց չլինելու պատճառով, 22 դիմորդների հասցեներով ԳԹԿ-ն ուղարկել էր թեստերի նմուշներ: Ծնողները նախարարի հետ երկար-բարակ զրույց էին անում՝ հնչեցնելով բազում մտահոգություններ եւ առաջարկներ: Օրինակ՝ մի ծնող առաջարկեց, որ քննասենյակում շրջի ոչ թե մեկ, այլ չորս թեստ, որ երեխաներն իրար չօգնեն: «Եթե լինի չորս թեստ, կարծում եք դիմորդները դժվարանալո՞ւ են հուշել: Երեխաներն այնքան հնարամիտ են, որ եթե 3000 թեստ էլ լինի, ցանկության դեպքում կհուշեն»,- պատասխանեց Ս. Սեյրանյանը: Ծնողներից Գագիկն էլ «Առավոտի» հետ զրույցում անկեղծորեն նշեց. «Թող թողնեն երեխաները հանգիստ իրար հուշեն»: Իսկ ծնող Նորիկը նկատեց. «Ամեն ինչ համեմատաբար լավ է, միայն քննակենտրոնի հերթապահներն իրենց «ձայններդ կտրեք»-ով շատ են խանգարում երեխաներին: Եվ դեռ չի զգացվում, որ երեխան դպրոցում ստացած գիտելիքներով՝ առանց լրացուցիչ պարապելու, կարող է բուհ ընդունվել»: Իսկ դիմորդ Օվսաննա Պողոսյանն «Առավոտին» ասաց. «Ընթացքից գոհ եմ, բայց այս քննության ժամանակ ես ոչ մի անգլերեն տառ չեմ գրելու, ինչպե՞ս են իմանալու՝ անգլերեն գիտե՞մ, թե՝ ոչ»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե իր որդիների (նրանցից մեկը սովորում է Սլավոնական, մյուսը՝ Մանկավարժական համալսարանում) բուհ ընդունվելու ժամանակ գնացե՞լ է քննություններին: Նա պատասխանեց. «Չեմ գնացել, քանի որ չցանկացան»: «Առավոտը» Ս. Սեյրանյանից հետաքրքրվեց, թե մարզային կենտրոններում կատարված քննախախտումների արդյունքում հեռացվեցին քննակենտրոնների ղեկավարներ, նրանց նկատողություն տրվեց, ի վերջո, ինչպե՞ս է այդ հարցը կանոնակարգվելու, հնարավո՞ր է, որ այդպիսի դեպքերը կոծկվեն: «Եթե ինչ-ինչ խախտումներ են եղել, թերություններ, պիտի դեռ վերլուծվեն: Քննությունների ավարտից հետո նոր կարվեն այդ աշխատանքները, որ հաջորդ փուլում դրանք բացառվեն»,- հավաստիացրեց նախարարը: