Գտնում են Գյումրիի ԵԿՄ-ականները
Գյումրիի ԵԿՄ-ականները երեկվանից դադարեցրին երկշաբաթյա հացադուլը: Բողոքի այս ձեւը անմիջականորեն կապված էր իրենց հրամանատարի՝ Գյումրիի ԵԿՄ նախագահ Աշոտ Զաքարյանի անհիմն ազատազրկման հետ: Մակեյան-Զաքարյան-Սաղաթելյան եռյակի դատավարությունը այնպիսի աղմուկ էր բարձրացրել հանրապետությունում, որ օրերս Գյումրի այցելած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Վարդան Խաչատրյանն ու Անահիտ Բախշյանը հայտարարեցին, թե իրենք նպաստելու են Եվրոդատարան դիմելուն: «Եվրոդատարանում Հայաստանից մեծ թվով գործեր են կուտակված: Մեր պետական բյուջեն չի կարող դիմանալ այն վնասների հատուցմանը, որն արդեն իսկ կիրառվում է Եվրոպական դատարանի կողմից: Այս անգամ մենք որպես պետություն, որը ներկայումս տնտեսական շրջափակման մեջ է, լինելու ենք բացարձակ քաղաքական շրջափակման մեջ եւ դա մեր պետականությանը լուրջ խոչընդոտ է լինելու, վերջիվերջո՝ կարող ենք կորցնել մեր պետականությունը»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը:
«Առավոտը» Աշոտ Զաքարյանի մարտական ընկերներից հետաքրքրվեց, թե ի՞նչ հույսեր են կապում Եվրախորհրդի հետ եւ հնարավո՞ր է մինչեւ Եվրոդատարան հասնելը, առանց քաշքշուկների, Եվրախորհրդի միջամտության շնորհիվ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, ազատամարտիկ Ժորա Աթոյանը պատասխանեց. «Եթե պատմական էքսկուրս անենք, մինչեւ 15 թիվն էլ հայ ազգը հույսեր էր կապում Եվրոպայի հետ ու ի՞նչ ստացվեց՝ եղեռն, կոտորած: Նրանց այսօր ձեռնտու է Հայաստանում թույլ, ժողովրդի համընդհանուր հարգանքը չվայելող Սերժի նման ղեկավար, որպեսզի թուլացնեն Հայաստանի դիրքերը, իշխանությունները չկարողանան Եվրախորհրդում բարձրաձայն խոսել ինչ-որ հարցերի շուրջ, չէ՞ որ կա ղարաբաղյան հիմնախնդիր: Ինչպես որ էսօր հայկական հարցն են հաղթաթուղթ դարձրել հզորները ու խփում են Թուրքիայի քթին, էդպես վաղը-մյուս օրը էս ամբողջ ներքաղաքական վիճակը հաղթաթուղթ դարձրած խփելու են մեր նախագահի քթին»: Եվրոպայի հետ առանձնապես հույսեր չի կապում նաեւ նախկին հացադուլավորներից մեկը՝ Գեւորգ Ալիխանյանը. «Եթե ժողովուրդը հանգիստ նստի ու հույսը դնի Եվրոպայի վրա, Եվրոպան էլ իր շահն ունի էս իշխանությունների հետ, ոչ մի բան էլ չի անի: Իսկ Հայաստանի ներկայիս իշխանություններն արդեն իսկ արհամարհել են Եվրախորհրդին՝ չկատարելով նրանց պահանջները: Ինչո՞ւ են մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտելու համար երեք ամիս հետո հանձնաժողով ստեղծում, ընդ որում՝ նույն Ազգային ժողովի կազմում, որը աջակցեց մարտի 1-ի ոճրագործությանը»:
ԵԿՄ-ական Սերիկ Տոնոյանը հավելեց. «Մեր իշխանությունները փորձում են նորից «լապշա» կախել եվրոպացիների ականջին, բայց կարծում եմ՝ հավատացող չկա, Եվրոպան չի պատրաստվում ընկնել վստահության ճգնաժամի մեջ»: Ազատամարտիկ Գրիգոր Ղազարյանն էլ նախազգուշացրեց. «Ձերբակալելով մեր ընկերներին, ավելի կատաղեցրին մեզ, թող իմանա էս կառավարությունը, որ յուրաքանչյուր կռված մարդ կկարողանա պայքարել էս անկառավարելի կառավարության դեմ, թեկուզեւ լինենք բանտերում»: