Կոչ է անում Սամվել Գեւորգյանը
«Պատրաստվում եմ շարունակել պայքարել ազատության համար»,- պատասխանելով «Առավոտի»՝ ի՞նչ եք պատրաստվում անել հարցին, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը: «Ոչ մի դեպքում ես չեմ կարող ընկճվել, որովհետեւ այստեղ ոչ ընտրությունների խնդիր է, ոչ անձերի, այլ մեր ժողովրդի, մեր հայրենիքի, մեր բոլորիս երեխաների ապագայի հարցն է: Իշխանության ստրուկներն ու կեղծ մտավորականները, ծախու քաղաքական գործիչները լուրջ չեն ընդունում սա: Մեզ կալանավորող ոստիկանները, դատավորները, ծախու մտավորականները չեն ուզում ընդունել, որ մենք երկիր ենք կորցնում: Գաղթականության սպառնալիքը նորից կախված է մեր ժողովրդի գլխին, եւ սա այնքան լուրջ է, որ պետք է մի կողմ դրվեն բոլոր անձնական խնդիրները եւ միասին արժանապատվորեն պայքարենք ոչ միայն ազատության, այլեւ հայրենիք չկորցնելու համար»,- ասում է մեր զրուցակիցը: Ամսի 20-ին կայանալիք հանրահավաքին Սամվել Գեւորգյանը մասնակցելու է եւ կարծում է, որ այդ օրը կհնչի «հետագա անելիքների հստակ եւ լուրջ ծրագիր, եւ ես կարծում եմ, որ ժողովուրդը պիտի վստահ լինի՝ մենք չենք նահանջելու. շարժման ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա աջակիցներն անելու են ամեն ինչ, որպեսզի օր առաջ այս ավազակապետությունն իսկապես վերանա Հայաստանից եւ ստեղծվի նորմալ երկիր»: Արդյոք հունիսի 20-ը շրջադարձային կդառնա՞ Հայաստանի համար: «Այո, իհարկե: Ես չեմ ասում, որ ամսի 21-ին Հայաստանն ազատագրված կլինի, բայց 20-ին կուրվագծվեն այն ուղենիշները, որոնք կարճ ժամանակի ընթացքում կհասցնեն մեր նպատակների կատարմանը»: Ընդհանրապես, պարոն Գեւորգյանը կարծում է, որ «ինչքան քիչ ժամանակ պաշտոնավարի Սերժ Սարգսյանը, այնքան աղետները մեր ժողովրդի գլխին ավելի քիչ կլինեն: Ես հեղափոխությունների օրվա նշանակման մասնագետը չեմ, բայց կարծում եմ, որ իշխանափոխությունը պետք է շատ արագ անել»: Մտավախություն չունե՞ք, որ ամսի 20-ին իշխանությունները նորից կգնան ուժի կիրառման՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Ուրեմն մենք էլ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկենք՝ ժողովրդին պաշտպանելու համար»:
Հանրային պալատին մեր զրուցակիցն այսպես է վերաբերվում. «Դա, իրենց իսկ բառերով ասած՝ հոգեխանգարմունքի արտահայտություններից մեկն է: Հերթական աճպարարությունն է: Աշխարհում մի հստակ բան կա՝ երկիրը ղեկավարում են ժողովրդավարական ընտրություններով ընտրված իշխանությունները: Հիմա Հայաստանում ինչ էլ անեն՝ միակ ճանապարհը դա է: Երկու հոգին ստեղծել են ավազակապետություն՝ հանցակցության սկզբունքով: Նրանք իրենց հանցավոր բուրգում ներառել եւ հանցագործ են դարձրել այլ մարդկանց էլ, ովքեր այսօր ստիպված են իրենց շահերն ու ունեցվածքը պաշտպանել: Հիմա ինչպիսի աճպարարություն էլ անեն՝ իրենց ճակատագիրը կախված է քաղաքական կամքից եւ մարդու տեսակից: Այդ մարդկանց տեսակը չի կարող Հայաստանում որեւէ նորմալ, ժողովրդավարական ինստիտուտ ստեղծել: Իրենց միակ նպատակն է պարտակել բոլոր այն ահավոր հանցանքները, որոնք գործել են, պահպանել իրենց գռփածը եւ փրկել իրենց կաշին ժողովրդի եւ օրենքի դատաստանից»: Ընդհանրապես, նրա կարծիքով, Հայաստանում չկա քաղաքացիական հասարակություն, որը կնպաստի քաղաքացիական նախաձեռնությունների հաջողություններին: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը գտնում է, որ ժողովրդի համբերության բաժակը ոչ միայն լցվել, այլեւ թափվել է՝ մարտի 1-ից հետո, եւ ժողովուրդը ոչ ներելու է, ոչ էլ՝ կոտրվելու: Պարոն Գեւորգյանը պատմում է, որ նման տպավորություններ ստացել է նաեւ ընդհատակում եղած ժամանակ, երբ շրջել է Հայաստանի մարզերում. «Ժողովուրդը մարտի 1-ի դեպքերից հետո լիովին փոխված է եւ անիծում են իրենք իրենց, որ կաշառք են վերցրել ու ստիպողաբար քվեարկել Սերժի օգտին, որ հավատացել են Արթուր Բաղդասարյանին: Այս ամենի արդյունքում ժողովրդից գոյացել է մի հզոր եւ ուժեղ միջուկ, որին կոտրել այլեւս հնարավոր չէ»: Սամվել Գեւորգյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ կիսո՞ւմ է այն տեսակետը, որ Ռոբերտ Քոչարյանն է շարունակում ղեկավարել Հայաստանը: «Նրանք նույն մարդիկ են եւ իրենց կաշին փորձում են փրկել միասին: Հիմա թե քանի նախադասություն կասի Ռոբերտ Քոչարյանը, քանիսը՝ Սերժը, կապ չունի: Նրանք կամ պիտի միասին փրկվեն, կամ պիտի բոլոր հանցագործությունները միմյանց վրա գցեն»,- ասում է պարոն Գեւորգյանը՝ կասկած չունենալով, որ վաղ թե ուշ նրանց գործած հանցագործությունները բացահայտվելու են: