«Եթե կա խնդրի կարգավորման անկեղծ ձգտում, ապա ոչինչ չի կարող խոչընդոտ լինել այդ ճանապարհին: Վերջերս Ադրբեջանում անցկացվել է հասարակական կարծիքի հարցում, որի արդյունքում պարզվել է, որ բնակչության 29 տոկոսն արտահայտվել է հարցը ռազմական ճանապարհով լուծելու օգտին: Դա շատ վտանգավոր միտում է, որն Ադրբեջանում մշտապես հնչող ռազմաշունչ հռետորության արդյունք է»: Այսպիսի գնահատական է տվել ԼՂ հարցի լուծման վերաբերյալ Ադրբեջանում եղած պատկերացումներին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ռուսական «Նեզավիսիմայա գազետայում» երեկ հրապարակված հարցազրույցում: Նալբանդյանը նշել է, թե աշխարհում հազիվ թե գտնվի մեկ այլ երկիր, որը պարծենա իր ռազմական ծախսերի տասնապատիկ ավելացմամբ, իսկ բնակիչներից յուրաքանչյուր երրորդը ցանկանա պատերազմ: «Պատերազմը չի կարող լինել պատասխան, պատերազմը չի կարող լինել լուծում: Բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Ուստի՝ մենք հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը, որը մենք համարում ենք դրական եւ կառուցողական, մեզ թույլ կտա շարունակել բանակցությունները նախորդ տարվա վերջին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած առաջարկությունների հիման վրա կարգավորման ուղիներ գտնելու համար»,- թեման շարունակել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Ստեփանակերտի ուղղակի մասնակցությունը բանակցություններին կարող է մոտեցնել հակամարտության կարգավորումը: «Ես տրամադրված եմ ավելի լավատեսորեն եւ ակնկալում եմ բանակցային գործընթացի արդյունավետություն: Ամեն դեպքում, հարկավոր է առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալու նպատակով: Հայաստանը հավատարիմ է այդ դիրքորոշմանը, եւ հուսով ենք, որ Ադրբեջանը նույնպես գիտակցում է դրա անհրաժեշտությունը»,- «ՆԳ»-ին ասել է Նալբանդյանը:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Նալբանդյանը, մասնավորապես, նշել է, թե Հայաստանը կընդլայնի Ռուսաստանի հետ «ռազմավարական համագործակցությունը», իսկ ԱՄՆ-ի հետ՝ կխորացնի «բարեկամական գործընկերությունը»: «Մենք ակտիվ, ինտենսիվ արտաքին քաղաքականություն ենք վարելու՝ հիմնված ազգային շահերի պաշտպանության ու պրագմատիզմի վրա, որը ենթադրում է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին երկրի առավել չափով ներգրավվածություն, հարաբերությունների ամրապնդում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքի վրա: Հայաստանի համար չափազանց կարեւոր նշանակություն ունի մեր դաշնակցային, ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը մենք մտադիր ենք ապագայում եւս ընդլայնել ու ամրապնդել նոր փոխշահավետ նախագծերի իրականացման միջոցով»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, Նալբանդյանի խոսքերով, «Հայաստանը կխորացնի ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը եւ կներդնի ավելի մեծ ջանքեր՝ եվրաինտեգրման ծրագրերում ավելի շատ ներգրավվելու համար»: