Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարի ավելի կոշտ ձեւեր էլ կան»

Հունիս 18,2008 00:00

Նախազգուշացնում են Մարալիկում հացադուլ ու ջրադուլ հայտարարած քաղբանտարկյալների որդիները

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական հարցի մոտալուտ քննարկման, ինչպես նաեւ հունիսի 20-ին Հայոց համազգային կոնգրեսի հանրահավաքը չարտոնելու հետ կապված Շիրակի մարզում ավելացել է բողոքավորների թիվը: Գյումրիի ԵԿՄ գրասենյակում հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկներին միացել են եւս երկուսը՝ ԵԿՄ Անիի տարածքային կազմակերպության երիտասարդական թեւի փոխնախագահ Գալուստ Ուռուտյանն ու Ռոման Հովսեփյանը: «Մենք գիտակցաբար ենք ընտրել բողոքի ամենածայրահեղ ձեւը, որպեսզի իշխանությունները հարկադրված լինեն կատարել 1609 բանաձեւը, ազատեն մեր հայրերին ու ընկերներին, եվրոպացիների աչքին չփորձեն թոզ փչել, թե իրենք բանաձեւը կետ-կետ կատարում են ու մտքներից հանկարծ չանցի զեկուցել, թե երկրում քաղբանտարկյալներ՝ որպես այդպիսիք, գոյություն չունեն: Իհարկե, պայքարի շատ ավելի կոշտ ձեւեր էլ կան, բայց սպասում ենք, ժամանակը կգա՝ դրանք էլ կկիրառենք»,- «Առավոտի» հետ զրույցում փոխանցեց 6 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի կրտսեր որդին՝ Գալուստ Ուռուտյանը: Նրան միացել էր նաեւ 6 ամսվա ազատազրկման դատապարտված անիպեմզացի ազատամարտիկ Արտակ Հովսեփյանի որդին՝ Ռոմանը: «Կարեւոր չի՝ իմ հորը կազատեն, թե չեն ազատի: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, միանշանակ հայտարարում եմ, որ հետընտրական շրջանի բոլոր ձերբակալվածները քաղբանտարկյալներ են, նրանց վրա դրված քրեական հոդվածները սադրանք են: Էդ ինչպե՞ս է, որ մինչ այդ որեւէ մեկի մտքով չէր անցնում մեր տունը խուզարկել ու փամփուշտներ գտնել, թե՞ ես ու հայրս մասնակցեցինք հանրահավաքների՝ հանցագործ դարձանք, մոռացա՞ն, որ հայրս արցախյան պատերազմի ժամանակ զենք է հայթայթել: Էդ ժամանակ չէին ասում՝ որտեղի՞ց էդ փամփուշտները, կամ ու՞ր ես տանում: Հայտնաբերված փամփուշտները զուտ առիթ էին քրեական հոդված դնելու համար: Եթե իրոք հայրս էդքան վտանգավոր հանցագործ էր, ինչո՞ւ մեր ողջ բնակարանը չխուզարկվեց, ընդամենը մի սենյակը քրքրեցին, միգուցե տա՞նկ էլ կհայտնաբերեին կամ էլ ուղղաթիռ»,- ծաղրեց երիտասարդը:

Իմիջիայլոց, հացադուլավորների նկատմամբ այս անգամ էլ իրենց ագրեսիվ են պահել Անիի տարածաշրջանի փոխոստիկանապետեր Վահրամ Ալեքսանյանը, Համբարձում Տոնոյանը եւ Կարեն Մարտիրոսյանը, որոնք բավական չէ՝ գործից անտեղյակ դատարանում որպես վկա ընդգրկվեցին ու կեղծ ցուցմունքներ տվեցին Հարություն Ուռուտյանի դեմ, այժմ էլ փորձում են նեղել նրա տղաներին: Նրանք փորձել են չթույլատրել վերջիններիս Մարալիկի կենտրոնում վրան խփել ու բողոքել: Այդ իսկ նպատակով ոստիկանություն «ընկերական» զրույցի են հրավիրել նաեւ Հարություն Ուռուտյանի մեծ որդուն՝ Բաբկենին: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանների պետը՝ Սամվել Սարգսյանը, հարցը խստորեն է դրել. «Հացադուլավորներին չցրելու դեպքում՝ ոստիկանությունից կցվրվեք դուք»: Ուստիեւ, Հ. Ուռուտյանի 80-ամյա մայրը փոխոստիկանապետերին այսպես բնութագրեց. «Լավ կանեն գլխներին մեկ- մեկ լաչակ անցնեն, նրանք կես կնիկ չարժեն, կա կնիկ, որ իրանց պես հազար հատ տղամարդ արժե: Քոչարյան ու Սերժ Սարգսյան, գիտե՞ք ձեր հերոսներն ովքեր են՝ մարդասպաններն են, լրտեսներն ու ստախոսները»:

Օրերս գյումրեցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ 1609 բանաձեւի կետերը չկատարելու ու հանրահավաքը չարտոնելու հետ կապված իրենց մտահոգությունները հայտնեցին նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանն ու Վարդան Խաչատրյանը. «Հանրահավաքը հարավային տրիբունայի մերձակից հատվածում անցկացնելու առաջարկը ծիծաղաշարժ է, իր մեջ խորը սարկազմ է պարունակում: Սա հեղինակազրկելու մի ձեւ է: Այն մեկ անգամ եւս ապացուցում է, որ մեր իշխանությունները բացարձակ ցանկություն չունեն կատարելու Եվրախորհրդի՝ Հայաստանին ներկայացված պահանջները: Կոալիցիայի մեջ կա մի թեւ, որն ասում է, որ բանաձեւը պետք է կետ առ կետ կատարենք, դա մեր շահերից է բխում, կա մի թեւ, որն ասում է՝ Եվրոպան մեզ համար Տիզբոն չի, բոբո չի, պարտադիր չէ, որ ասածը տառ–տառ անենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել