Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԲՅԵԿՏԻՎ ԵՆ, ԱՆԱՉԱՌ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒ»

Հունիս 18,2008 00:00

\"\"ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այս կարծիքին է ԵԽԽՎ դիտորդական առաքելության մասին:

– Դուք առաջինն եք հանդիպել պարոնայք Պրեսկոտի եւ Կոլոմբիեի հետ, Ձեր տպավորությամբ՝ նրանց զեկույցն ինչպիսի՞ն կլինի:

– Ի սկզբանե ասել, թե ինչպիսին կլինի եզրակացությունը՝ դժվար է: Նրանք շեշտադրում են անում երեք հիմնական հարցերի վրա եւ լրացուցիչ պարզաբանումներ ակնկալում պաշտոնյաներից, ընդդիմության ներկայացուցիչներից, դատապաշտպաններից: Առաջին հարցադրումը կալանավորված-դատապարտված անձանց է վերաբերում: Վերջերս շատ ինտենսիվ զարգացումներ են տեղի ունենում, կարճվում են քրեական գործեր, մարդիկ արդարացվում են… թերեւս, այս ամենի մասին նրանք տեղեկություններ կստանան գլխավոր դատախազից ու կալանավորված գործիչների պաշտպաններից: Երկրորդ հարցը, որ շոշափում են՝ հունիսի 20-ի հանրահավաքն է, պատճառները, որով մերժվել են այս եւ քաղաքապետարան ներկայացված այլ հանրահավաքներին վերաբերող մնացած դիմումները: Երրորդ հարցը՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ Մարդու իրավունքների պաշտպանի փոխհարաբերակցությունն է: Հետաքրքրում էր՝ գտնվա՞ծ է լավագույն լուծումը, որը հնարավորինս վստահություն կապահովի պրոցեսի նկատմամբ: Իրենց հետաքրքրում են նաեւ Պաշտպանի կողմից բարձրացված հարցերի պատասխանները: Եզրակացությունը կասեն կամ այստեղ՝ իրենց հանդիպումների ավարտից հետո, կամ հունիսի 23-ին՝ Բյուրոյի նիստում:

– Եթե ընդդիմությունը բավարար փաստեր ներկայացնի եւ առաջարկի, որ ճիշտը ՀՀ իշխանություններին պատժելն է, որքանո՞վ դա կազդի համազեկուցողների որոշման վրա:

– Երկուսն էլ շատ հմուտ քաղաքական գործիչներ են, անցել են քաղաքական կյանքի մեծ դպրոց, շատ լավ հասկանում են ե՛ւ ընդդիմության դերը, ե՛ւ իշխանական դիրքորոշումները: Իրենց խնդիրն է տալ անաչառ գնահատական: Սա դատարան չէ, սա հենց քաղաքական գնահատական է: Նրանք կլսեն բոլորի կարծիքները, կփորձեն հավաքել տեղեկատվությունը, ըստ այդմ կտան իրենց վերջնական գնահատականները:

– Որպես պատվիրակության ղեկավար, անձամբ Ձեզ վրա մեծ բեռ է դրված լինելու հունիսի 23-27-ը՝ Ստրասբուրգում: Հոգեբանորեն պատրա՞ստ եք դրան:

– Մեր նպատակն է ներկայացնել օբյեկտիվ պատկերը, չեմ կարծում, որ որեւէ բան պետք է թաքցնենք: Պատրա՞ստ ենք, արդյոք, այդ բեռը ստանձնել՝ այո: Բայց մի թյուրընկալում կա, որ սա պատվիրակության խնդիրն է, ո՛չ, սա երկրի խնդիրն է, պատվիրակությունն ընդամենը երկրի դեմքն է, ընդ որում՝ ապահովելով բազմակարծությունը: Մեր պատվիրակության կազմում Րաֆֆի Հովհաննիսյանն է, կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներ: Փորձելու ենք ներկայացնել, թե ինչ է կատարվել այս ընթացքում:

– Առիթ եղել է տեսնել, թե Ստրասբուրգից վերադարձող մեր պատվիրակության ընդդիմադիր գործիչների դիմավորումն օդանավակայանում ինչպես են «կազմակերպում» իշխանությունները, երբ այդ գործիչները նրանց հասցեին խիստ ելութներ են ունենում ԽՎ-ում: Նույն սցենա՞րն է գործելու:

– Չեմ կարծում: Պետք է գիտակցել ընդդիմության դերը: Ընդդիմությունը նրանով է ընդդիմություն, որ չի վանկարկում իշխանությանը բնորոշ կոչեր, եւ սա մենք դեռեւս ցավոտ ենք ընկալում: Յուրաքանչյուր երկիր, որ անցել է ժողովրդավարության ճանապարհով եւ ունի ավանդական ժողովրդավարություն, շատ հանգիստ է նայում դրան: Ընդդիմությունը պետք է ներկայացնի իր սուր քննադատությունը, սա շատ բնական է, եւ հենց կարծիքների բախումն է, որ հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել իրական վիճակի մասին:

– Որպես ԵԽԽՎ-ում աշխատող պատվիրակության ղեկավար՝ ի՞նչ եք զգում, երբ ոմանք հայտարարում են, թե ԵԽ-ն մեզ համար «Տիզբոն», «պոլիտբյուրո» չէ:

– ԵԽ-ն լինելով բացառիկ կառույց՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ իրավունքի, օրենքի գերակայության առումով, ավելի շատ պետք է դիտել որպես ակումբ, որին դու կամավոր ես անդամակցում, եւ ակումբ, որտեղ դու տեսնում ես քո գործընկերների կողմնակի հայացքը: «Պոլիտբյուրո», «Տիզբոն»… կարծում եմ, մենք սխալ ենք ընկալում, Եվրախորհուրդը մեզ չի թելադրում, նա ասում է, թե ինչ խաղի կանոններ են ընդունված այդ ակումբում, եւ եթե դու ուզում ես լինել այդ ակումբի անդամը, ապա պետք է ենթարկվես այդ կանոններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել