Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ՀԱՂԹԵՑ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հունիս 18,2008 00:00

\"\"Պետությունը «բարոյական վնասի» համար հեռուստաընկերությանը կվճարի 20 հազար եվրո

Երեկ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2002-ից եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերությունը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը: Դատարանը հաստատված է համարել այն, որ պետությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ՝ խոսքի ազատությանը վերաբերող հոդվածը՝ մերժելով հեռարձակման արտոնագիր ստանալու դիմումները: Ըստ դատարանի որոշման՝ «ՀՌԱՀ-ի որոշումները հիմնված են եղել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի եւ այլ լրացուցիչ օրենսդրական ակտերի վրա։ Այդ օրենքի 50-րդ հոդվածը ՀՌԱՀ-ի համար ընտրություն կատարելու կոնկրետ չափանիշներ է սահմանել, ինչպիսիք են՝ դիմող ընկերության ֆինանսական ու տեխնիկական հնարավորությունները, աշխատակազմի փորձը, տեղական արտադրության գերակշռումն ու հայկական հաղորդումների քանակը։ Այնուամենայնիվ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը բացահայտորեն չէր պահանջում, որ արտոնագրող մարմինը՝ չափանիշները կիրառելիս, հիմնավորումներ ներկայացնի։ Հետեւաբար, ՀՌԱՀ-ը պարզապես հայտարարել էր, թե որ ընկերությունն է շահել՝ առանց պատճառաբանելու, թե ինչու է հատկապես ա՛յդ ընկերությունը համապատասխանել պահանջվող չափանիշներին, այլ ոչ «Մելտեքսը»։ Իսկապես, նույնիսկ եթե ՀՌԱՀ-ը նիստ էր անցկացրել, ոչ մի պատճառաբանված որոշում հրապարակավ չէր ներկայացրել։ «Մելտեքսն» ու լայն հասարակությունը, հետեւաբար, չէին կարող իմանալ, թե ՀՌԱՀ-ն ինչ հիմքերով է օգտվել արտոնագիրը մերժելու իր հայեցողությունից» (մեջբերում ենք www,echanel.am-ում զետեղված ոչ պաշտոնական թարգմանությունից)։ Դատարանը համարեց, որ այն ընթացակարգը, որը չի պարտադրում արտոնագրող մարմնին հիմնավորել իր որոշումները, չի կարող արտահայտման ազատության հիմնարար իրավունքը բավարար չափով պաշտպանել հանրային մարմնի ինքնակամ միջամտությունից։

«Առավոտի» տեղեկություններով, Հայաստան պետությունը պետք է 3 ամսվա ընթացքում «Ա1+»-ին փոխհատուցի 20 000 եվրո գումար՝ որպես բարոյական վնասի հատուցում: Դատական ծախսերի համար պետությունը կվճարի 10 000 եվրո: Երեկ հեռուստաընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» տեղեկացրեց, որ դատական նիստին մասնակցած 7 դատավորներն էլ քվեարկել են հեռուստաընկերության օգտին: Հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանից երեկ փորձեցինք ճշտել՝ արդյոք դա կլուծի՞ «Ա1+»՝ եթեր վերադառնալու խնդիրը. «Դատարանի որոշումն ուղղակի վերաբացմանը չի վերաբերում, բայց հնարավորություններ է տալիս մասնակցել ազատ հաճախություններ անցկացնելու մրցույթին»,- ասաց պարոն Մովսեսյանը:

Փորձեցինք ստանալ նաեւ հակառակ կողմի՝ հեռուստաընկերությունը եթերից զրկած ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի մեկնաբանությունը: Վերջինիս բջջային հեռախոսը վերցրեց մի տղամարդ, որի ձայնը կասկածելիորեն նման էր Գ. Ամալյանի ձայնին եւ ասաց, որ նա «հերթապահ է», իսկ ՀՌԱՀ նախագահը տեղում չէ:

ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Աշոտյանը երեկ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Ա1+»-ի՝ եթեր վերադառնալուն, տեղյա՞կ է արդյոք եվրոպական դատարանի որոշմանը, ասաց. «Որոշմանը ծանոթ եմ, բայց տեքստը դեռ չեմ հասցրել ուսումնասիրել: (Հուշենք, որ նա կարող է դա անել՝ բացելով www.cmiskp. echr.coe.int կայքը – Ռ. Մ.): Չեմ ցանկանում խոսել վերաբացման մասին, քանի դեռ ԵԴ որոշման տեքստն այս պահին ինձ հասու չէ: Մի կողմից տխուր է, որ մեր պետությունը դատական համակարգի ներքին մեխանիզմները չի կարողացել ապահովել, որպեսզի իրավական հիմքեր ունենալու դեպքում դիմող կողմը այդ խնդիրները լուծեր հանրապետության ներսում եւ ոչ թե ստիպված խնդիրները լուծվեին հանրապետությունից դուրս, մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Մյուս կողմից էլ ինձ համար ուրախալի է, որ «Ա1+»-ի խնդիրը կարծես թե դուրս է գալիս եզրափակիչ փուլ, գուցե մոտ ապագայում լուծում ստանա: Ափսոսում եմ, որ նոր իշխանությունները չհասցրեցին այդ խնդիրը լուծել, թեպետ վստահ եմ, որ նրանք ունեին քաղաքական համապատասխան կամք»: Ա. Աշոտյանն ասաց նաեւ, թե ԵԴ-ի որոշման մասին տեղեկացել է «Ա1+»-ի լրագրող Դիանա Մարկոսյանից, որին էլ զանգել, շնորհավորել է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԴ-ում մեր պետության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը նույնպես կանդրադառնա «Ա1+»-ի խնդրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել