Անհնար է խոսել մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների անկողմնակալության մասին, եթե վերհիշենք նրանց հայտարարությունները:
Հասարակական մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հ/կ-ն, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հ/կ-ն եւ այլն, երեկ քննարկում էին կազմակերպել՝ «ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքի հասարակական ամփոփում» խորագրով: Քննարկումը եզրափակվեց հայտարարության ընդունմամբ, որում նշված է. «Հայտարարում ենք, որ ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի պահանջների կատարումը ՀՀ իշխանությունների կողմից կրում է իմիտացիոն բնույթ, ինչը վկայում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի բացակայության մասին: Ըստ այդմ, ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի պահանջների կատարմանն ուղղված աշխատանքը գնահատում ենք անբավարար»: Մասնավորապես ԵԽԽՎ բանաձեւի այն դրույթի կապակցությամբ, թե պետք է անհապաղ իրականացնել մարտի 1-ի դեպքերի եւ դրանց հանգեցրած հանգամանքների հետաքննություն՝ հայտարարության մեջ նշված է. «Անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն իրականացնելու գործը հանձնարարվել է հասարակական վստահությունը չվայելող եւ իր հակաժողովրդավար բնույթը բազմիցս ապացուցած Ազգային ժողովի՝ կոալիցիոն ուժերի մեծամասնությամբ կազմվող հանձնաժողովին»: Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ելույթում հայտարարեց. «Հանձնաժողովում ընդգրկվել են մարդիկ, որոնց կա՛մ լռելյայն համաձայնությամբ, կա՛մ գործուն մասնակցությամբ են տեղի ունեցել հետապնդումները»:
Հավելենք, որ «Մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում մարդիկ են, որոնք արդեն իսկ հստակ դիրքորոշում ունեն տեղի ունեցածի պատճառների եւ կատարվածի մասին եւ դրա պատասխանատուն համարում են բացառապես ընդդիմությանը: Որպես այս պնդման ապացույց՝ մի քանի մեջբերումներ անենք մամուլից: Այս ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 4-ին «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում հայտարարել էր. «Հետընտրական 10 օրերին բողոքի ցույցերին մասնակցող մեր քաղաքացիներին նպատակամղված լարում էին ժողովրդի մյուս հատվածի դեմ։ ՀՀՇ առաջնորդները բազմիցս իրենց կոչերում շեշտում էին, թե ով մեզ հետ չէ, դավաճան է։ Իրեն նախագահ հռչակած թեկնածուն էլ հանրահավաքի հարթակից նախագահական հրամանագրեր ու որոշումներ էր հրապարակում։ Այս ամենը չէր կարող չազդել ցուցարարների ենթագիտակցության վրա, եւ նրանք արդեն վերածվել էին հլու կամակատարների»։ Իսկ մայիսի 16-ին «Իսկական իրավունք»-ի հիշեցմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներն ասում են, որ մարտի 1-ի դեպքերին իշխանության մատը եւս խառն է եղել՝ Սամվել Նիկոյանն այսպես էր արձագանքել. «Դա շատ բնական է, որովհետեւ նրանք չեն կարող նման պատասխանատվություն վերցնել իրենց վրա: Ուղղակի երեւի իրենք մոռացել են մեկ ամիս առաջ իրենց արած հայտարարությունները, իրենց կոչերը, որ պետք է զինվել, պետք է պայքարել, հոգիներս հանգստացավ, բոլորն էլ ամեն ինչ հիշում են, ու հիմա խնդիրը հետեւյալն է, բոլորը մոռացել են ձերբակալությունների բուն պատճառը եւ խոսում են միայն դրա մասին, եւ բոլորին ներկայացնում են որպես քաղբանտարկյալներ: Գուցե կան մարդիկ, որ անմեղ են, եւ տեսնում եք, որ աստիճանաբար նրանց բաց են թողնում: Բայց որեւիցե մեկը մինչեւ գործի բացահայտումը իրավունք չունի, այդ թվում նաեւ ես, դատողություններ անելու դատաիրավական համակարգի գործունեության մասին»: Ենթադրությունների տեղ չի մնում, թե արդյոք այժմ պրն Նիկոյանն այս հանձնաժողովում անդրադառնալո՞ւ է դատաիրավական համակարգի գործունեությանը՝ մարտի 1-ի գործերի քննության կապակցությամբ:
Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մարտի 14-ի «Իսկական իրավունք»-ում նշել էր. «Հասարակության մի ինչ-որ հատված՝ կուրացած իրեն հետեւողականորեն ներարկված ատելությամբ ու չարությամբ, հասցվեց մի վիճակի, երբ ծայրահեղ անհանդուրժող էր ցանկացած մեկի հանդեպ, ով չէր կիսում իրենց կուռքի նկատմամբ գրեթե զոմբիական դարձած պաշտամունքը։
Խիստ հետեւողականորեն ծրագրված այս գործընթացը, դժբախտաբար, բերեց ողբերգության, եւ եղան անմեղ զոհեր ու վիրավորներ։ Մինչդեռ այդ ամենի վտանգավոր լիցքը արդեն իսկ կանխատեսելի էր դեռ այն ժամանակ, երբ ընդդիմության հարթակից ատելության, չարության, վրեժխնդրության այնպիսի ալիք էր հորդում, որը խտացել ու հասել էր վտանգավոր մի կուլմինացիայի եւ ինչ-որ կերպ պիտի պարպվեր։ Եվ երբ նախընտրական ողջ քարոզարշավի ու նաեւ հետընտրական օրերի ընթացքում չարության եւ ագրեսիայի՝ այլեւս կենսական դարձած «դոզան» ստացած մարդիկ բախվեցին իրավապահների օրինական պահանջին, ամբոխն այլեւս անկառավարելի էր: Ի դեպ, այսօր նաեւ որոշ ընդդիմադիր պատգամավորներ անկեղծորեն զարմանում են, թե այդ ի՞նչ պատահեց, որ ցուցարարները հանկարծ դարձան անկառավարելի՝ զրկվելով սեփական կամքից եւ ենթարկվելով ամբոխի միասնական-կազմաքանդիչ մղումին։ Մինչդեռ զարմանալու ոչինչ չկա. եթե օրեր եւ շաբաթներ շարունակ քարոզվում է բացառապես ատելություն ու վրեժ, դրա հետեւանքը, հասկանալի է, չէր կարող լինել քաղաքական եւ առավել եւս՝ քաղաքակիրթ»:
Մեջբերումներն այսպիսով սահմանափակենք: Հավելենք միայն, որ այս անձինք նաեւ հիշեցրել են «նախորդ հանձնաժողովների դառը փորձը, երբ այդ հանձնաժողովները վերածվում էին պարապ խոսակցությունների, քաղաքական տարբեր շահերի բախման ամբիոնի», ընդունելով, որ այժմ էլ «այդ վտանգը կա»: Այս մեջբերումը դարձյալ Նաիրա Զոհրաբյանից է: Իսկ ժամանակավոր հանձնաժողովում ԲՀԿ-ի մյուս ներկայացուցիչը՝ Արամ Սաֆարյանը, «Առավոտին» տված հարցազրույցում էր վաղօրոք նշել, թե ժամանակավոր հանձնաժողովները զավզակության տեղ են:
Հ. Գ. Երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով այս ժամանակավոր հանձնաժողովին՝ նշել է, թե այն պետք է անի հնարավոր ամեն ինչ, որ իր եզրակացությունները վստահություն ներշնչեն, իսկ առաջարկություններն ընդունելի լինեն. «Վստահ եմ, որ խորհրդարանական հանձնաժողովն ունի բոլոր հնարավորություններն այդպիսին լինելու համար»: