Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի օրից քաղբանտարկյալ չենք ունենա

Հունիս 18,2008 00:00

Երեկ հայտարարեց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը՝ այդպիսով ընդունելով, որ քաղբանտարկյալներ մենք, այնուամենայնիվ, ունենք:

«Մեր երկրում հանրահավաքներ եղել են ու, համոզված եմ, լինելու են: Դա ժողովրդավարության բաղկացուցիչ մասն է: Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է: Դուք պիտի անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»,- նախորդ շաբաթվա վերջին, հանդիպելով ոստիկանների հետ, հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Իսկ ավելի ուշ, արդեն «պատասխանատու» ԶԼՄ-ների հետ զրույցում, նա ասել էր, որ հունիսի 20-ին ընդդիմության նախաձեռնած հանրահավաքի անցկացման հետ կապված որեւէ վտանգ չի տեսնում:

Ըստ երեւույթին, այնտեղ, որտեղ վտանգ չի տեսնում նախագահը, վտանգ է տեսնում քաղաքապետարանը, քանի որ անգամ ԵԽԽՎ դիտորդական առաքելության համազեկուցողների ներկայությունը չխանգարեց, որ մերժվեն ընդդիմության բոլոր դիմումները՝ Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնելու մասին: ԵԽԽՎ դիտորդական առաքելության համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն (պարոն Պրեսկոտը նախորդ գիշեր արդեն մեկնել է) երեկ ԱԺ-ում հանդիպել է կոալիցիան ներկայացնող խորհրդարանական ուժերի հետ: Իշխող մեծամասնության ներկայացուցիչները փորձում էին տպավորություն ստեղծել, թե հանդիպումն անցել է ջերմ-բարեկամական մթնոլորտում: ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը որոշ բաներ պատմեց. «Մենք ներկայացրինք իշխանությունների կատարած աշխատանքները՝ բանաձեւի վերաբերյալ, ինքը համաձայնվեց, որ ընդդիմության պահանջը՝ մարտի 1-ի հանձնաժողովը կազմել 50/50 սկզբունքով, ճիշտ չի, խորհրդարանական ընտրության արդյունքներն այդ մասին չեն խոսում»: Երբ ստացանք ԱԺ հասարակության հետ կապերի վարչության տեղեկատվությունն այս հանդիպման մասին, պարզ դարձավ, որ 50/50-ի մասին ոչ թե պարոն Կոլոմբիեն է խոսել, այլ՝ Ռաֆիկ Պետրոսյանը: Մեջբերենք. «ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանն, անդրադառնալով հանձնաժողովի կազմավորման՝ ընդդիմության առաջարկած 50/50 տարբերակին, նշեց, թե դրա համար հիմք չեն տալիս ոչ միջազգային ակտերը, ոչ էլ ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը»: Մեզ հետ զրույցում Ռաֆիկ Պետրոսյանն ասաց հետեւյալը. «Կոլոմբիեն քանի անգամ հայտարարեց՝ ես չգիտեմ դրանք քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ: 115-ից մնացել են 17-ը, որոնց գործերն էլ առաջիկա օրերին կքննվեն, եւ մենք ընդհանրապես չենք ունենա քաղբանտարկյալ, կունենանք քրեական հետապնդելի արարք կատարած մարդիկ»:

Ժ. Կոլոմբիեն պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ափսոսանք է հայտնել, որ հանձնաժողովը չի կազմվել բացառապես միջազգային փորձագետներից. ըստ նրա, դա անվիճարկելի կդարձներ հանձնաժողովի եզրակացությունը: Նաեւ մտահոգիչ է համարել քաղբանտարկյալների առկայությունը, նրանց նկատմամբ փոփոխվող մեղադրանքների փաստը, ինչն, ըստ նրա, մեծացնում է անվստահությունն արդարադատության հանդեպ:

Հ. Գ. Ժ. Կոլոմբիեի հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովը չի ընդունի որոշում, որին համաձայն չլինեն խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող անդամները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել