Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ

Հունիս 17,2008 00:00

\"\"Ոմանք քննադատեցին «նախկիններին», ոմանք՝ այսօրվա իշխանություններին

«Հայաստանում Սերժ Սարգսյանի նախագահ լինելուց հետո կյանքն ու խոսքի ազատության չափանիշը փոխվել են»,- երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան, ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը: Ասուլիսին ներկա ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության նախագահ Նարեկ Գալստյանը, չհամաձայնելով նրա հետ, նշեց, որ քաղաքացիներին չեն թույլատրում օգտվել իրենց սահմանադրական իրավունքից՝ նկատի ունենալով հունիսի 20-ի հանրահավաքի արգելումը: Շարունակելով այս եւ նախկին հանրահավաքների թույլտվության թեման՝ Մ. Հարությունյանը նշեց, թե չի ուզում ասել, որ նախկինում Ռ. Քոչարյանն էր խանգարում, բայց. «Միգուցե նրա պատկերացումները ժողովրդավարության մասին այդպիսին էին: Իսկ Սերժ Սարգսյանի պատկերացումները ժողովրդավարության մասին մի քայլ առաջ են, քան Քոչարյանինը, երկու քայլ առաջ՝ քան Տեր-Պետրոսյանինը»:

Ն. Գալստյանի խոսքերով, 1988 թվականից Ազատության հրապարակը եղել է ժողովրդի սեփականությունն ու, անկախ քաղաքական հայացքներից, այնտեղ մարդիկ զանազան հարցեր են բարձրացրել, իրենց բողոքն արտահայտել: «Այս իշխանություններին ո՞վ է բարոյական իրավունք տվել Ազատության հրապարակը մտցնել բարիկադների մեջ: Մենուա, կարո՞ղ ես ինձ բացատրել՝ արտակարգ դրությունից հետո ինչո՞ւ էին ամեն օր բերում զինվորներ լցնում, ինչո՞ւ էին Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտա մարդկանց անցումը ոստիկանական դուբինկաներով արգելում»,- պոռթկաց Նարեկը: Դառնալով ներքաղաքական իրավիճակին, Մ. Հարությունյանն ասաց, որ ՀՀ նախագահն ու իշխող կուսակցությունն այսօր դրական փոփոխություններ են անում ոչ թե նրա համար, որ Եվրոպայի աչքին լավ երեւան, այլ, որ դա իրենց էությունից է բխում: Ն. Գալստյանի խոսքերով, ԵԽԽՎ 1609 բանաձեւը Հայաստանում չի իրականացվում. «Բանն այն է, որ գործող իշխանությունները պարզապես խնդիր ունեն Եվրոպային ցույց տալու, թե իբր ամեն ինչ նորմալ է: Եթե Պետրոս Մակեյանի պես մարդուն, որի համար դատարանում 10 վկայից 9-ը ներողություն խնդրեց՝ ասելով, որ իրենց ստիպել են, որ նրա դեմ ցուցմունք գրեն, դատապարտում են 4 տարվա ազատազրկման, ապա այս երկրում հաստատ ամեն ինչ նորմալ չէ»: Մ. Հարությունյանն էլ, թե. «Հնարավոր է նման բաներ են տեղի ունեցել, բայց դրա համար չպետք է պատասխան տա երկրի նախագահը»:

Երիտասարդներն անդրադարձան Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին: «Այլընտրանքից» Մանուկ Սուքիասյանի խոսքերով, իշխանությունը Եվրոպական համայնքի ու արեւմուտքի հետ գնում է առեւտրի. «Այսինքն, տվեք մեզ ժամանակ, մի զրկեք ձայնի իրավունքից, իսկ մենք դրա դիմաց Կոսովոյում հայ խաղաղապահների թիվը կկրկնապատկենք: Վաղը կկրկնապատկեն նաեւ Իրաքում, մյուս օրը կուղարկեն Աֆղանստան, որոշ ժամանակ հետո էլ հայկական զորքերը կգնան Աֆրիկա, մեկ էլ կտեսնենք մի օր Բեն Լադենը հայտարարում է, թե հայկական զորքերը հանեք Իրաքից՝ թե չէ ոտնձգություն կկատարենք հայոց մեծագույն արժեք Գալուստ Սահակյանի վրա»: Ի պատասխան՝ Մ. Հարությունյանը ասաց. «Ձեր պրոբլեմը կայանում է նրանում, որ չեք հարգում պետությունը»: «Պետությունը Գալուստ Սահակյա՞նն է»,- հարցրեց Մ. Սուքիասյանը: «Ոչ, մեր բանակը, որ տենց հեշտ խոսում եք Կոսովո, Իրաք ուղարկելու մասին»,- պատասխանեց Մենուան: Ն. Գալստյանը այդ մասին այլ կարծիք ուներ. «Պետության հանդեպ հարգանքը դրսեւորվում է միայն գործով: Դուք ու ձեր պաշտպանած իշխանությունները 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ամեն ձեւով բռնաբարել եք պետություն կոչված արժեքը»: Մ. Հարությունյանը նորից պաշտպանեց Ռ. Քոչարյանին. «Երբ Քոչարյանը 10 տարի լենտ էր կտրում, ծաղրում էիք, ասելով՝ դարձել է լենտ կտրող: Բայց այսօր նրա լենտ կտրելով է, որ Հայաստանը զարգացել է, ու եթե չկտրեր, սոված կմնայիք ու կլինեիք ձեր ՀՀՇ-ի իշխանության հույսին, մոռացա՞ք էն տարիները»:

Երիտասարդները խոսեցին նաեւ Հարկային պետական տեսչության ու նաեւ նրա գործողություններից տուժած ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մասին: Ըստ Մ. Հարությունյանի, Սուքիասյանը տարիներ շարունակ լավ հարաբերությունների մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ. «Եթե չգիտեք, ասեմ՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10 տարիների ընթացքում նախագահի ու Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները վատ են եղել: Այսօր հարկայինը ինչ խստապահանջությամբ որ մոտեցել է «Սիլ Գրուպին», նույն կերպ էլ ստուգում է մնացածին, օրինակ՝ «Աշտարակ կաթին» եւ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները, որին դուք համարում եք Սերժ Սարգսյանի ընկերներից»:

Ն. Գալստյանը հարցրեց. «Այդ ինչի՞ց է, որ Խաչատուր Սուքիասյանը մինչեւ ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելը ոչ մի խնդիր չուներ հարկային դաշտում: Ինչո՞ւ Ալեքսանյան Սամվելի մարդկանցից մեկը չի ձերբակալվել հարկային արտոնություններից խուսափելու համար»: Մ. Հարությունյանը զայրացավ. «Սպասեք, ինչո՞ւ եք շտապում: Ստուգումներից հետո հնարավոր է, որ ձերբակալվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել