Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկն էլ կհրկիզվի

Հունիս 17,2008 00:00

\"\"Պետական կարիքների զոհերից մեկն այլեւս չի դիմանում իշխանությունների արհամարհական վերաբերմունքին:

«Եթե մենք մեր երկրում ոչ մի իրավունք չունենք, ապա ես հրաժարվում եմ իմ որդուն ուղարկել հայկական բանակ: Թող արտոնյալ զոռբաներ դավիթվարագյանները, խաչատուրվարդանյաններն ու գրիգորմելքումյանները զինվոր տան բանակին»,- «Առավոտին» իր դժգոհությունն այսպես ներկայացրեց Դալմայի այգիների հողօգտագործող Սամվել Մանուկյանը: Դալմայի այգիները, պետության կողմից օտարման գոտի հայտարարվելուց հետո, Ս. Մանուկյանը մի քանի տարի է՝ պայքարում է իր մշակած 2900 քմ հողատարածքի դիմաց գոնե պատշաճ փոխհատուցում ստանալու համար: Նրա պատմելով, նախորդ տարվա նոյեմբերին, դեռեւս վարչապետ եղած ժամանակ, Սերժ Սարգսյանը Դալմայի այգիների հողօգտագործողների մի մասին խոստացել է խնդիրը լուծել. կամ մեկ այլ վայրում հողհատկացում անել, կամ գումար տալ. «Վարչապետը, որ իմացավ 2 տղա ունեմ, մեկը բանակից նոր է եկել, մյուսն էլ նոր պետք է գնա, ասաց, որ ինձ 1200 քմ հողակտոր տան: Բայց մինչեւ հիմա քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանն ու տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը տանում-բերում են ու խնդիրը չեն կարգավորում: Տիչինայի եւ Սիլիկյան փողոցներում էլ պետք է հող հատկացնեին, սակայն էդ էլ օդի մեջ մնաց»: Ս. Մանուկյանի խոսքերով՝ Գ. Մելքումյանն իրեն անգամ ուղարկել է տարածքի սեփականատեր Դավիթ Վարագյանի ներկայացուցչի մոտ, որպեսզի փոխհատուցման տարբերակները քննարկեն եւ ընդհանուր հայտարարի գան, սակայն երբ Մանուկյանը Մելքումյանի մատնանշած հասցեով գնացել է, հրաժարվել են ընդունել, պատասխանելով, որ առհասարակ առաջին անգամ են լսում փոխհատուցման մասին: Ս. Մանուկյանի ներկայացմամբ՝ քաղաքապետարանի հետ բանակցությունների ընթացքում իրեն առաջարկել են 1քմ-ի դիմաց $10, սակայն Մանուկյանը հրաժարվել է, պահանջելով, որ փոխհատուցման չափը հաշվարկեն գոնե կադաստրային արժեքով՝ 1քմ-ի դիմաց մոտ 6, 900 դրամ:

«13 անձով բնակվում ենք ընդամենը 70 քմ տնակում: Անգամ մահճակալ դնելու տեղ չունենք: Տղաս հատակին է քնում: Եթե հնարավորություն ունենայինք, իրենցից փոխհատուցում չէինք խնդրի: Մեր ուժերով մի բան կանեինք, բայց իմ հայրը ժամանակին Դալմայում հող է մշակել, քրտինք է թափել, հետո էլ մեզ է փոխանցել այդ տարածքը: Ճիշտ է, դա վարձակալությամբ էր, բայց էլի հող էր, էլի, մշակում էինք: Հույսներս այդ փոխհատուցումն է, հակառակ դեպքում ես կառավարության շենքի մոտ ինքնահրկիզում կանեմ: Մեր հողօգտագործողներից երկուսն, էս պայքարին այլեւս չդիմանալով, մահկանացուները կնքեցին՝ սրտի կաթված ստացան: Ես էլ արդեն համբերություն չունեմ: Անգամ Սերժ Սարգսյանի հրամանը չեն կատարում»,- ասաց Ս. Մանուկյանը: Նկատենք, որ արդեն քանի տարի է՝ Դալմայի այգիների հողօգտագործողները կառավարության շենքի եւ քաղաքապետարանի առջեւ բողոքի ցույցեր են կազմակերպում:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ եղել է Սերժ Սարգսյանի հանձնարարականը եւ այժմ էլ իրենք փորձում են Սամվել Մանուկյանի հետ լեզու գտնել: Ըստ նրա, այս պահին էլ նրա հետ բանակցություններ են ընթանում. «Մանուկյանի մատնանշած տարածքում նրան հող ենք առաջարկել աճուրդային գներով, որպեսզի սեփականատիրոջ առաջարկած 1 քմ-ի դիմաց $10-ով, որն ընդհանուր առմամբ կազմում է $30 հազար, հողը գնի, Ս. Մանուկյանը հրաժարվում է, ասելով՝ հողը տալիս եք՝ փող էլ տվեք, որ տուն կառուցեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել