Ոստիկանները ծաղրում են հացադուլավոր կանանց
Երեկ 19 կալանավորներ անժամկետ հացադուլ հայտարարեցին՝ բողոքելով իրենց ներկայացված մեղադրանքների դեմ: Նրանցից 11-ը հացադուլ է սկսել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 8-ը՝ «Վարդաշեն»-ում՝ Գեւորգ Ղազարյանը, Աշոտ Զաքարյանը, Վարդան Դավալբաբունցը, Հուսիկ Բաղդասարյանը, Սուրեն Սիրունյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Քրիստափոր Էլազյանը: Սմբատ Այվազյանը եւս հայտարարել է, որ միանում է հացադուլին: Հացադուլին չի միացել միայն Մուշեղ Սաղաթելյանը՝ առողջական խնդիրների պատճառով: Այսօր Հայաստանում գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հանդիպելու են հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածների հարազատների հետ: Կիրակի օրը հացադուլի նոր ալիք է սկսվել նաեւ Հյուսիսային պողոտայում: Նախորդ գիշերը 29 մարդ, որից 28-ը՝ կանայք, լուսացրել են բաց երկնքի տակ: Հացադուլավորների պահանջները հինգն են՝ դադարեցնել հետապնդումները Խաչատուր Սուքիասյանի, Նիկոլ Փաշինյանի, Վիրաբ Մանուկյանի, Համլետ Հովհաննիսյանի եւ մյուսների նկատմամբ, ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատժել մարտի 1-ի ոճրագործներին, կատարել 1609 բանաձեւի պահանջները, ազատություն՝ Ազատության հրապարակին: «Ընդդիմությունը 47 անգամ դիմել է հանրահավաքներ անցկացնելու հայտով եւ միշտ մերժել են՝ առանց հիմնավորման: Հացադուլն ինքնաբուխ է եւ առանց կազմակերպիչների»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արդեն երկրորդ անգամ պայքարի այս ծայրահեղ միջոցին մասնակցող, մասնագիտությամբ մանկավարժ Վիոլետա Ղազարյանը: Առաջին անգամ նա մասնակցում էր ՀՀ դատախազության շենքի մոտ կազմակերպված՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների եւ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի խափանման միջոցը փոխելու համար կազմակերպված ակցիային: «Վիրավորված եմ իշխանություններից՝ իրենց անօրինական քայլերի համար: Նրանք, ովքեր պիտի կալանավորվեն, ազատության մեջ են, իսկ ազնիվ մարդկանց բռնել են»,- ասաց մեր զրուցակիցը: Երեկ հացադուլավորները 25-ն էին: Հյուսիսային պողոտայում այս ակցիան շարունակվելու է մինչեւ հունիսի 19-ը: Երեկ մեզ հետ զրույցներում կանայք պատմում էին, որ իրենց հսկող ոստիկանության աշխատակիցները «հոգեկան հիվանդ ձեւացող մարդկանց ուղարկում են մեզ ծաղրելու, վախեցնելու, վիրավորելու, խփելու: Հետո նրանք գնում են նույն ոստիկանների մոտ՝ նրանց հետ զրուցում, ոստիկանները նրանց ուսերը շոյում են եւ նորից ուղարկում Հյուսիսային պողոտա»: Կանայք պատմում էին, որ երեկ դեպի «Արմենիա» հյուրանոց կազմակերպված երթի ժամանակ «ոստիկանների տկարամիտ գործընկերները» մի մեծահասակ տղամարդու են հարվածել, գցել գետնին եւ փախել:
Ի դեպ, երեկ մոտ 30 րոպե «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մոտ էին հավաքվել ցուցարարներ՝ «Եվրոպացիների ձեռքերն էլ են արյունոտ», «Մարտի 1-ի դեպքերի արդարացի քննություն» պաստառներով եւ «Ազատ, անկախ Հայաստան» ու հայտնի այլ վանկարկումներով։
Ցուցարարները հույս ունեին հանդիպել ԵԽ վեհաժողովի համազեկուցողների հետ, սակայն պարզվեց, որ այդ պահին նրանք Մարդու իրավունքների պաշտպանի հետ էին հանդիպում՝ իր գրասենյակում։
«Առավոտի» դիտարկմանը, որ պայքարի այս ձեւը մեր իշխանությունների վրա որեւէ ազդեցություն չի գործում, կանայք պատասխանեցին. «Մենք պայքարի այլ ձեւեր չգիտենք: Մենք զենք չենք կարող բարձրացնել մեր հայրենակիցների վրա, ինչպես իրենք արեցին մարտի 1-ին»:
Հիշեցնենք, որ Եռաբլուրի եկեղեցու մոտ շարունակվում է մայիսի 27-ից սկսված հացադուլը, շարունակվում է նաեւ ՀՀՇ գրասենյակի մոտ երեք շաբաթ առաջ սկսված հացադուլը: