Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 14,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասնհինգերորդ

ԻՍԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Երեւի համոզվեցիք, որ ձեզանից բացի՝ ուրիշ ընթերցողներ է՛լ ունեմ, եւ նրանցից որոշներն էս վեպս ոչ միայն կարդում, այլեւ Ջահանի պես քննարկում ու քննադատում են եւ վեպիս մեջ հայտնվելու պահանջ են ներկայացնում:

Եթե Ջահանը չպահանջեր էլ, մի օր անպայման իրեն անդրադառնալու էի, ընդ որում՝ ո՛չ Պողոսիկի տարբերակով, որովհետեւ, ի տարբերություն Պողոսիկի, Ջահանը վայրկյան անգամ հայրենիքը չլքեց եւ առ էսօր մաքառում է Սառաջովի իր էս անկյան համար, եւ վաղուց ի վեր Երեւանում բացօթյա ուրիշ ձայնադարան չկա, եւ քաղաքապետարանի ու թաղապետարանի բոլոր հարձակումները փուստ են անցնում, որովհետեւ ամեն անգամ Ջահանը կենաց մահու կռիվ տալով՝ ոչ մի կերպ չի զիջում Սառաջովի արեւի տակի իր էս տեղն ու անկյունը, եւ ամեն անգամ թաղապետարանի աշխատակիցներին ու թաղայիններին դիմադրելով ու դիմակայելով՝ Ջահանը որոշ ժամանակ հանգստացած շունչ է քաշում՝ իրեն հաջորդ ճակատամարտին նախապատրաստելով, եւ յուրաքանչյուր մարտից ու ժամանակավոր ամեն հաղթանակից հետո ինքնաբավ հրճվում ու քթի տակ հաճույքով մրմնջում է՝ «ո՛չ մի թիզ հող թշնամուն»:

Ջահանն իսկապես Պողոսիկից չափազանց տարբեր է եւ էն գլխից է տարբեր եղել, եւ չնայած Պողոսիկն է Ամերիկան ու աշխարհը ոտնատակ տվել, բայց Ջահանն աշխարհից ավելի է տեղյակ, քան՝ Պողոսիկն ու շատերս, ընդ որում՝ է՛ն գլխից էր տեղյակ, ու դեռեւս վաթսունականների սկզբներից սկսած՝ Մետաքսի մեծուփոքրը Ջահանին քարտեզի կամ գլոբուսի ամենապստիկ կետը ցույց տալով՝ ճշգրիտ ու սպառիչ պատասխան էր ստանում, որովհետեւ Ջահանն արտասովոր տաղանդի տեր էր եւ երկրագնդի ցանկացած պետության ու ցանկացած մայրաքաղաքի տեղերն անսխալ ու հստակ գիտեր, իսկ վեցերորդ դասարանից սկսած՝ նաեւ էդ պետությունների նախագահների ու ղեկավարների անուններն ու ազգանուններն անգիր գիտեր, եւ էդ երկրների նախագահների ու ղեկավարների փոփոխության հետ նաեւ Ջահանի գիտելիքներն ու իմացությունն էին թարմացվում, եւ երբ որեւէ տեղից որեւէ կրթված մարդ Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատված էր ոտք դնում, մեր մեծերն անմիջապես Ջահանին գտնում եւ մեր հյուրերին Ջահանով զարմացնում ու ապշեցնում էին, բայց «Բիթլզից» հետո Ջահանի աշխարհագրական տաղանդն ու հիշողությունը մեկից խամրեցին, եւ չնայած վաթսունականների Մետաքսի միակ մագնիտոֆոնն ու միակ սպիդոլան Պողոսիկենց սեփականությունն էին, մեր սերնդակիցներից հատկապես Ջահանն էր էդ նոր ձայներն անմնացորդ կլանում, եւ չնայած մագնիտոֆոնն ու սպիդոլան Պողոսիկենցն էին, հիմնականում Ջահանն էր էդ սպիդոլայի հնչյունները մագնիտոֆոնին փոխանցում, ու Պողոսիկն էլ միանգամայն հաճույքով էր ձայնագրման էդ հարցերը Ջահանին զիջել՝ ոչ միայն էն պատճառով, որ դուռդռան հարեւան էին, այլեւ էն պատճառով, որ մյուսներիս խելքը չէր հասնում, եւ, որ ամենակարեւորն է, էդ ձայնագրության պրոցեսից Ջահանը գերագույն հաճույք էր ստանում, ու երեւի արդեն ձեզ համար էլ հասկանալի դարձավ, որ Պողոսիկենց էդ մագնիտոֆոնի շնորհիվ էր, որ Ջահանը յոթանասունականների սկզբներին Երեւանի առաջին ձայնագրման կետի հիմնադիրը դարձավ, ու էսօրվա պես իր էդ տարածքը բացօթյա էր եւ տարին տասներկու ամիս ծառայում էր ժողովրդին ու Ջահանի ընտանիքին, եւ էն թվերին Ջահանի էդ, ուրեմն, բացօթյա ձայնադարանը մայրաքաղաքում միակն էր, ու մինչ թաղայինները կհասկանային, որ էդ բացօթյա ձեռնարկությունը նաեւ կանոնավոր փողի աղբյուր է, Ջահանն ամուսնացավ, նորմալ տունուտեղ դրեց ու վրացուհի էլ կին առավ, եւ վրացուհի կնոջ հետ ծանոթությունն էլ էր Ջահանի արհեստի շնորհիվ, որովհետեւ էդ թվերին շուկայում իրենց ծախելիքն իրացնելուց հետո հատկապես վրացիներն էին Ջահանի էդ կասետների հիմնական սպառողները, եւ Ջահանի վրացուհին էլ էր էդ առաջին սերնդի սպառողներից, եւ Ջահանի սիրտն էդ մի սպառողին շատ թունդ կպավ, եւ չնայած վրացուհու սիրտն էլ Ջահանին էր թունդ կպել, բայց վրացուհու սիրտը, Ջահանից բացի, նաեւ Ջահանի՝ էդ թվերի համար բացառիկ ու հազվագյուտ արհեստին էր շատ ուժեղ կպել, եւ ամուսնությունից հետո Ջահանի գործն անհամեմատ հեշտացավ. կինը տանը ձայնագրության գործն էր անում, իսկ Ջահանին ընդամենը վաճառքի գործն էր մնում, եւ չնայած էդ թվերին Երեւանում սեփական ձայնագրիչ ունեցողները քիչ էին, կասետների վաճառքի հարցում Ջահանը որեւէ խնդիր չուներ, որովհետեւ, էլի եմ ասում, Ջահանի էդ բացօթյա ձայնադարանը մայրաքաղաքում միակն էր, եւ մինչ թաղայինները կհասկանային, որ Ջահանն էդ գործից բավական լուրջ եկամուտներ ունի, Ջահանի շրջապատն օրեցօր համալրվում էր միանգամայն ազդեցիկ անձանցով, եւ էդ ազդեցիկների մեջ քիչ չէին ռայկոմի քարտուղարների մելոման տղերքն ու աղջկերքը, որոնք էդ թվերին Ջահանի համար իսկական վահան էին եւ Ջահանին հետեւողականորեն ու մշտապես փրկում էին շարունակ փոխվող թաղայինների ամենահաս չանչերից, եւ Ջահանի կլիենտների շարքում շուտով հայտնվեցին նաեւ Օֆելյա Համբարձումյանի եւ Ռուբեն Մաթեւոսյանի պես հանրահայտ մարդիկ, որոնց երգերի ձայնագրությունները Ջահանն անվճար, բարձր որակով ու խնամքով էր անում, ու եթե թաղային մասշտաբի որեւէ հարց էր ծագում, էդ հանրահայտներն ու նշանավորներն էլ էին Ջահանի մեջքին կանգնած, եւ չնայած ութսունականների սկզբներին ձայներիզների վաճառքի կետերը սնկի պես բազմացան, Ջահանի մելոմանների հիմնական մասը շարունակում էր միայն ու միայն Ջահանի ծառայությունից օգտվել, որովհետեւ Ջահանի, ավելի ճիշտ՝ իր վրացուհի կնոջ արած ձայնագրություններն ուղղակի անհամեմատելի ու անգերազանցելի էին, եւ իսկական մելոմանների համար Սառաջովի ատամնաբուժարանին կից Ջահանի անկյունը վերստին ամենասիրելի ու ամենահարազատ վայրն էր, եւ յոթանասունականների վերջերից սկսած՝ փայլատակել էր նաեւ Ջահանի բանաստեղծական տաղանդը, եւ Ջահանը Հենրիկ Սեւանի օգնությամբ նախ «Պիոներ կանչում» մի ոտանավոր տպագրեց, այնուհետեւ Հենրիկ Սեւանի միջոցով Վաղինակ Մկրտչյանի հետ ծանոթանալով՝ վրա-վրա սկսեց «Պիոներ» ամսագրում տպագրվել, եւ Հենրիկ Սեւանից ու Վաղինակ Մկրտչյանից Ջահանի հիմնական պահանջն այն էր, որ իր էդ ոտանավորների հետ անպայման նաեւ իր լուսանկարը տպվի, որովհետեւ առանց լուսանկարի տպագրված բանաստեղծությունները միլպետների ու մանավանդ թաղայինների վրա լուրջ տպավորություն չէին թողնում:

– Իմ բախտն իմ հետ ա,- ասաց Ջահանը.- Հենրիկ Սեւանն ու Վաղինակը հիվանդ են, հարուր տարվա ընկերս էլ վիզ չի վեկալում:

– Հարուր տարվա ընկերդ ո՞վ ա,- հարցրի ես:

– Դո՛ւ,- ասաց Ջահանը եւ մի քիչ մտածեց, ժպտաց ու ավելացրեց.- թե՞ արդեն ընկերությունից էլ ես հրաժարվում:

– Չեմ հրաժարվում,- ասացի ես:

– Ընկերությունն աբստրակտ չի ըլնում,- ասաց Ջահանը.- ընկերությունը կոնկրետություն ա սիրում:

– Շատ լավ ասեցիր,- ժպտացի ես.- իսկական բանաստեղծ ես:

– Ձեր անդամներից վատ չեմ գրում, չէ՞,- հարցրեց Ջահանը:

– Ոչ թե վատ չես գրում, այլ հազար անգամ լավ ես գրում:

– Քեզանից էլ ե՞մ լավ գրում,- խորամանկ ժպտաց Ջահանը:

– Ես որ քո չափ բանաստեղծություն գրել իմանայի, բանաստեղծություն գրելը չէի թարգի:

– Գովա՜, գովա՜,- ժպտաց Ջահանը.- մենակ թե՝ ձեր էդ Անանյանին մի կեսբերան չխնդրես:

– Իրան հազարից մեկ եմ տենում:

– Կարող ա՞ նախագահ ընտրվելուց իրան ձայն չես տվել:

– Ընդհակառակը,- ասացի ես.- հերիք չի ձայն եմ տվել, մի քանի հոգու էլ համոզել եմ, որ իրան ձայն տան:

– Փաստորեն, իրան մեծ լավություն ես արել,- ասաց Ջահանը:- Էդքանից հետո վախում ե՞ս էդ հասարակ բանն իրանից խնդրես:

– Հա,- ասացի ես.- խնդրել չեմ սիրում:

– Զարմանալի ա:

– Մի բան էլ որ ասեմ՝ ավելի կզարմանաս,- ասացի ես:

– Ասա,- ասաց Ջահանը:

– Ե՛ս եմ իրան խորհուրդ տվել, որ Գրողների միության նախագահ դառնա,- ասացի ես ու ավելացրի.- մինչեւ իմ ասելն իրա մտքի ծերով չէր էլ անցել, որ կարա նախագահ դառնա:

– Բա խի՞ էիր ուզում, որ ինքը նախագահ դառնա:

– Մտածում էի՝ ինքը չի գրում. մյուս գրողներին չի նախանձի:

– Շատ ճիշտ ես մտածել,- խորամանկ ժպտաց Ջահանը:

– Բայց հետո պարզվեց, որ վախտին թաքուն գրել ա,- ծիծաղեցի ես:

– Ի՞նչ ա գրել:

– Բանաստեղծություն:

– Ըտենց հայ չկա, որ գոնե մի հատ բանաստեղծություն գրած չըլնի:

– Ինքը մի քանի հատ ա գրել,- ծիծաղեցի ես:

– Բա ի՞նչ գիտես, որ վախտին գրել ա:

– Արդեն տպել ա,- ծիծաղեցի ես:

– Էդ մի քանի հատը՞:

– Վեց թե յոթ հատ ա:

– Թերթում ա՞ տպել:

– Չէ՝ գրքով:

– Վեց հատիկ բանաստեղծությունը գրքով ո՞նց ա տպել,- զարմացավ Ջահանը:

– Կարծեմ՝ յոթ հատ էր:

– Թեկուզ,- ասաց Ջահանը.- յոթ հատով գիրք կըլնի՞: Իմոնք երեսունից ավել էին, բայց հազիվ մի հատ լղարիկ բրոշյուր ստացվեց:

– Իրա բանաստեղծությունները մի քիչ երկար են:

– Ինչքան էլ երկար ըլնեն՝ յոթ հատով գիրք չի ստացվի:

– Էդ յոթ հատն էրկու լեզվով ա թարգմանել տվել՝ ռուսերեն ու անգլերեն,- բացատրեցի ես.- էդ սաղ մի գրքի մեջ են՝ հայերենն էլ հետը:

– Յոթ անգամ իրեք՝ քսանմեկ,- հաշվեց Ջահանն ու ասաց.- որ շատ զոռես՝ մի հատ պստիկ գրքույկ կարա ստացվի:

– Ինքը շատ ա զոռել,- ծիծաղեցի ես.- շատ պստիկ ու շատ սիրուն գրքույկ ա ստացվել:

– Բախտ բաժանողի հե՜րն եմ անիծել,- հառաչեց Ջահանը:

– Բախտիցդ դժգո՞հ ես:

– Չէ,- ասաց Ջահանը.- էսօրվա դրությամբ՝ հին զապիսնոցներից մենակ իմն ա մնացել:

– Էլ ի՞նչ ես ուզում:

– Մտածում եմ՝ գրողների անդամությունս էլ որ ըլներ, հեչ չէր խանգարի: Անանյանին էդքան մեծ լավություն ես արել, բայց չես ուզում մի հատ պուճուր բան իրանից խնդրես:

– Մեծ լավության դիմաց մեծ բան են խնդրում,- ասացի ես:

– Էդ էլ ես ճիշտ ասում,- մի քիչ մտածելուց հետո ասաց Ջահանը:

– Շատ դարդ մի արա,- ասացի ես.- մի օր էդ անդամությանդ հարցն ինքնիրան կլուծվի:

– Մի օր՝ ե՞րբ,- հառաչեց Ջահանը:- Մի քանի տարուց վաթսուն եմ դառնում:

– Կարեւորն էն ա, որ գրում ես:

– Հա,- ասաց Ջահանը.- գրվում ա:

– Կարեւորն էն ա, որ լավ ա գրվում:

– Դու էլ ես Հենրիկի պես խոսում:

– Ի՞նչ Հենրիկ:

– Հենրիկ Սեւանի,- ասաց Ջահանը.- ինքն էլ էր քու պես ինձ մի գլուխ գովում, բայց տեղը որ գալիս էր, Վաղինակն ինձ ավելի շատ էր տպում:

– Վաղինակը չէր գովո՞ւմ:

– Գովալը գովում էր, բայց Հենրիկի չափ չէր գովում,- ասաց Ջահանն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- բայց որ տեղը գալիս էր, Վաղինակն ավելի շատ էր գրածներս տպագրում:

– «Պիոներ» ամսագրո՞ւմ:

– Հա,- ասաց Ջահանը:- Վաղինակը ներկայացնում էր, գլխավոր խմբագիրն էլ ստորագրում ու տպում էր:

– Գլխավոր խմբագիրը Սահինյանն է՞ր:

– Հա,- ասաց Ջահանը:- Սահինյանն ինձ ոչ մի անգամ չի մերժել:

– Իրան էլ ե՞ս ճանաչում:

– Իրան չէի ճանաչում, բայց, փաստորեն, ինքը ոչ մի անգամ գրածներս չի մերժել:

– Հետաքրքիր ա:

– Ի՞նչն ա հետաքրքիր:

– Սահինյանը շատ բծախնդիր խմբագիր էր ու շատերին էր մերժում:

– Ինձ չէր կարա մերժեր:

– Խի՞:

– Գաղտնիք ա:

– Որ գաղտնիք ա՝ մի ասա:

– Նույնիսկ Վաղինակին չեմ ասել:

– Ինձ է՛լ մի ասա:

– Որ լեզվիս էկել ա՝ պիտի ասեմ:

– Ոնց կուզես,- ասացի ես:

– Հիմի ասե՞մ, թե՞ չասեմ,- հարցրեց Ջահանը:

– Ասա,- ասացի ես:

– Ես կյանքիս մեջ հատուկ մանկական ոտանավոր գրած չկամ, բայց իմ ոտանավորները մանկականի տեղ հեշտ ու հանգիստ անցնում էին,- ասաց Ջահանն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- պարզ ա, որ խոսքը սիրայիններին չի վերաբերվում:

– Պարզ ա,- ասացի ես:

– Փաստորեն, կյանքումս ոչ մի հատ մանկական չեմ գրել, բայց համարյա սաղ գրածներս մանկականի տեղ անցել են:

– Որովհետեւ քո բանաստեղծություններն իսկական բանաստեղծություններ են,- ասացի ես:

– Լուրջ ե՞ս ասում, թե՞ ձեռ ես առնում:

– Լրիվ լուրջ եմ ասում,- ասացի ես:- Թումանյանի գրածներն էլ են մեծերն ու փոքրերը հավասար կարդում:

– Պարզ ա,- քմծիծաղ տվեց Ջահանը.- ձեռ ես առնում:

– Ինչի՞ց ենթադրեցիր, որ ձեռ եմ առնում:

– Որ Թումանյանի հետ չհամեմատեիր, կարող ա մտածեի՝ լուրջ ես ասում,- ասաց Ջահանը, հետո մի քիչ մտածեց եւ կասկածանքով ինձ նայելով՝ հարցրեց.- բայց դու իմ գրածները կարդացե՞լ ես, որ ըտենց գովաբանում ես:

– Որ կարդացած չըլնեի՝ չէի գովաբանի:

– Մարդ կա՝ առանց կարդալու էլ ա գովում:

– Ես էդ մարդկանցից չեմ:

– Գիտեմ,- ասաց Ջահանը.- էս առաջին դեպքն ա, որ ինձ ըսենց սրտանց գովում ես:

– Քեզ չեմ գովում,- ասացի ես.- բանաստեղծություններդ եմ գովում:

– Ասե՞մ խի ես գովում,- խորամանկ ժպտաց Ջահանը:

– Խի՞ եմ գովում:

– Որ ասեմ՝ հո չե՞ս նեղանա:

– Չեմ նեղանա:

– Խոսք ե՞ս տալի, որ չես նեղանա:

– Հա. ասա:

– Որ բանաստեղծություն գրելը թարգել ես, բանաստեղծությունների հանդեպ նախանձությունը մեջիցդ լրիվ ցնդել ա,- ժպտաց Ջահանը:

– Հա,- ծիծաղեցի ես.- հիմի մենակ արձակագիրներին եմ նախանձում:

– Բայց իմ գրածներն էդ ե՞րբ ես կարդացել, որ ըտենց ուժեղ գովում ես,- հարցրեց Ջահանը:

– Դու էիր տվել,- ասացի ես.- չես հիշո՞ւմ, որ «Պիոներ» ամսագիրը տվիր:

– Հիշում եմ,- ասաց Ջահանը,- բայց չեմ հիշում՝ որ համարն եմ տվել:

– Մի քանի հատ բանաստեղծություններ էին ու լուսանկարդ:

– Չորս հատ էին:

– Կարճ բանաստեղծություններ էին:

– Կարեւորը միտքն ա,- ժպտաց Ջահանը:

– Մտքի տեսակետից շատ ուժեղ գործեր էին,- ժպտացի ես:

– Ամենից շատ ո՞րը հավանեցիր:

– Անգիր չեմ հիշում:

– Վերնագիրն էլ չես հիշո՞ւմ:

– Կարծեմ անվերնագիր էր:

– Ես կյանքիս մեջ անվերնագիր ոտանավոր գրած չկամ,- ասաց Ջահանը.- անվերնագիր գրելը ֆիքստուլություն եմ համարում:

– Լրիվ ֆիքստուլություն ա:

– Ասում ես՝ էդ հավանածիդ վերնագիրը չես հիշո՞ւմ:

– Ես հեչ իմոնց վերնագրերը չեմ հիշում:

– Քոնոնց վերնագրերը ես էլ չեմ հիշում,- ծիծաղեց Ջահանն ու միանգամայն լուրջ տոնով ավելացրեց.- շատ ճիշտ արեցիր, որ բանաստեղծությունը թարգեցիր:

– Ես էլ եմ էդ կարծիքին,- ասացի ես:

– Հա,- ասաց Ջահանը.- արդեն կրկնվում էիր:

– Ես էլ էի զգում, որ կրկնվում եմ:

– Իմ գրածներն իրարից շատ են տարբերվում,- ասաց Ջահանը:

– Հա,- ասացի ես.- մեկը մյուսին հեչ նման չի:

– Ընդամենն էդ չորս հատը չե՞ս կարդացել:

– Չորս հատը լրիվ հերիք ա, որ պատկերացում կազմես:

– Ճիշտ ես ասում,- ասաց Ջահանը.- ես մի հատից էլ եմ պատկերացում կազմում:

– Հա,- ասացի ես.- մի հատից էլ ա զգացվում:

– Վաղինակն էլ էր շշմել:

– Ինչի՞ց էր շշմել:

– Զարմացել էր, որ Սահինյանը մի համարի մեջ ինձանից չորս հատ ոտանավոր էր դրել:

– Իրոք զարմանալի ա:

– Վաղինակն ասում էր, որ իրանց ժուռնալի պատմության մեջ ըտենց դեպք չի էղել:

– Ի՞նչ դեպք:

– Որ միանգամից չորս հատ տպեն:

– Ես էլ ըտենց բան չեմ հիշում:

– Որ չի էղել՝ ո՞նց կհիշես,- ծիծաղեց Ջահանը:- Վաղինակն ասում էր, որ մենակ Պարույր Սեւակին են վախտին էդքան տպել:

– Փաստորեն, Սեւակի ռեկորդը կրկնել ես:

– Հա,- ասաց Ջահանը:- Մենակ «Գարունում» բախտս չէր բերում:

– «Գարունում» չես տպվե՞լ:

– Ոչ թե չեմ տպվել, այլ՝ չեն տպել:

– Ո՞վ չէր տպում:

– Սկզբում Միլիտոնյանը, հետո՝ Սիրունյանը,- ասաց Ջահանն ու հարցրեց.- իրանց էլ ես ճանաչում, չէ՞:

– Հա,- ասացի ես:

– Իրանց որ ասեիր՝ կտպեի՞ն:

– Հա,- ասացի ես.- երեւի կտպեին:

– Փաստորեն, ամեն տեղ ծանոթով ա,- հոգոց հանեց Ջահանը:

– Ծանոթությունը որոշ դեր խաղում ա,- ասացի ես:

– Գոնե մեր էդ բնագավառը պիտի մաքուր պահեին,- հառաչեց Ջահանը:

– Մաքուր պահես չպահես՝ էդ բնագավառն արդեն գոյություն չունի:

– Խի՞ գոյություն չունի,- զարմացավ Ջահանը.- «Գարունն» էլ, «Գրական թերթն» էլ փաստորեն տպվում են:

– Տպվում են, բայց կարդացող չկա:

– «Գրական թերթի» կոլեգիայի մեջ էլ անունդ կա:

– Ամեն ինչ գիտես,- ժպտացի ես:

– Մի վախեցի,- ծիծաղեց Ջահանը.- «Գրական թերթում» տպվելու մտադրություն չունեմ:

– Խի՞,- հարցրի ես:

– Մի անգամ մերժել են, ու դրանից հետո երդում եմ կերել, որ էդ խմբագրություն ոտ չեմ դնելու:

– Ճիշտ էլ որոշել ես,- ասացի ես.- արդեն տասը տարուց ավել ա՝ ես էլ էդ թերթում մի տող չեմ տպել:

– Բայց խմբագրական կոլեգիայի մեջ անունդ գրած ա,- ասաց Ջահանը:

– Կապ չունի,- ասացի ես.- անունս գրած ա, բայց տասը տարի կըլնի՝ էդ թերթում չեմ տպվել:

– Որ ուզեիր էլ՝ չէիր կարա տպվեիր:

– Խի՞,- զարմացա ես:

– Հազիվ «Առավոտի» էջերը հասցնես լցնես:

– Ճիշտ ես ասում:

– Էդքան ոնց էլ գրում ես: Գիշերներն ե՞ս գրում:

– Չէ՝ առավոտները:

– Բա առավոտները գործի չես գնո՞ւմ:

– Ի՞նչ գործ:

– Չես աշխատո՞ւմ:

– Աշխատում եմ:

– Ի՞նչ ես աշխատում:

– Վեպ գրող,- ծիծաղեցի ես:

– Ես առավոտները ոչ մի անգամ գրած չկամ:

– Քո գործը հեշտ ա:

– Քեզ ա թվում,- ասաց Ջահանը.- ուժեղ անձրեւների վախտ ու ձմեռվա բքին էլ եմ առավոտից իրիկուն ըստեղ վեր ընկած:

– Էս գործդ չեմ ասում:

– Բա ի՞նչ գործ:

– Ասում եմ՝ բանաստեղծի գործն արձակագրի գործի համեմատ խաղուպար ա. բանաստեղծությունը ոտի վրա էլ կարաս գրես:

– Էն անուններով պոեմդ ոտի վրա էի՞ր գրել,- խորամանկ ժպտաց Ջահանը:

– Ի՞նչ անուններով պոեմ:

– Էն՝ որ հազար ու մի անուն էիր իրար հետեւից շարել,- ծիծաղեց Ջահանն ու միանգամայն լուրջ ավելացրեց.- տնաշեն, էդքան անունների մեջ էլ չէիր ղմշել անունս գրես:

– Ուշադիր չես կարդացել,- ասացի ես:

– Լափ էլ ուշադիր եմ կարդացել:

– Որ ուշադիր կարդայիր, անունդ գտած կըլնեիր:

– Մի տեղ Ջահան կար գրած, բայց ես ի՞նչ իմանամ՝ ինչ Ջահան էր,- դժգոհեց Ջահանը.- գոնե գրեիր՝ Կասետ Ջահան, որ իմանայի ես եմ:

– Որ Կասետ Ջահան գրեի, հաստատ կնեղանայիր:

– Խի՞ պիտի նեղանայի,- զարմացավ Ջահանը.- ես իմ արհեստից հեչ էլ չեմ ամաչում:

– Բայց քեզ Կասետ Ջահան ասող կա՞:

– Ո՞վ ռիսկ կանի՝ ինձ ածական կպցնի,- զարմացավ Ջահանը:

– Ես էլ ռիսկ չեմ արել:

– Մի հատ շատ մոտիկ ընկեր ունեմ՝ մենակ ինքն ա ինձ Կասետ Ջահան ասում, էն էլ՝ հանաքով:

– Հանաքով կարելի ա,- ասացի ես.- մանավանդ՝ մոտիկներին:

– Քեզ էլ եմ մոտիկ համարում,- ժպտաց Ջահանը.- ընենց որ՝ կարայիր Կասետ Ջահան գրեիր:

– Մտքովս չի անցել:

– Որ կասետ Ջահան գրեիր, գոնե հաստատ կիմանայի՝ իմ մասին ես գրել: Ես իմ էս մասնագիտությունից հեչ էլ չեմ ամաչում,- ասաց Ջահանն ու ավելացրեց.- ճիշտը որ ուզում ես իմանաս, նույնիսկ հպարտանում եմ:

– Հեչ ամաչելու բան չի:

– Վերջիվերջո, էս գործիս շնորհիվ եմ տունուտեղ դրել:

– Ծերը ծերին հասցնո՞ւմ ես:

– Մի բան էլ դենն եմ անցնում,- ծիծաղեց Ջահանն ու կասետով նվագարկիչին խփելով՝ ասաց.- սատանի ականջը խուլ:

– Փաստորեն, դու էս գործի ամենահին մասնագետն ես,- ասացի ես.- Երեւանում առաջինը դու ես էս գործը դրել:

– Որ մի քիչ խորը մտածես, կհասկանաս, որ հանրապետության մասշտաբով է՛լ եմ առաջինը:

– Հա,- համաձայնվեցի ես:

– Որ մի քիչ ավելի խորը մտածես, կհասկանաս, որ բանաստեղծության գծով էլ պակաս չեմ:

– Էդ մեկն ավելի լավ եմ հասկանում:

– Որ հասկանում ես, խի՞ ես ցրում,- խորամանկ ժպտաց Ջահանը:

– Ի՞նչն եմ ցրում,- զարմացա ես ու հարցրի.- Գրողների անդամությանդ հաշվով ե՞ս ասում:

– Անդամությունս էլ ձեզ ըլնի, ձեր «Գրական թերթն» էլ,- ասաց Ջահանն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- բայց «Գարունի» հարցով պիտի շատ լուրջ զբաղվենք:

– Ի՞նչ «Գարունի» հարց:

– «Գարունում» անպայման պիտի տպվեմ,- ասաց Ջահանը:

– Տպվի,- ասացի ես.- ո՞վ ա խանգարում:

– Դու,- ասաց Ջահանը:

– Ես ո՞նց եմ խանգարում,- զարմացա ես:

– Քո չօգնելը խանգարելուն հավասար ա,- ասաց Ջահանը.- «Գարունի» էս թազա խմբագրին էլ ես, չէ՞, ճանաչում:

– Վարուժի՞ն:

– Վարուժան Այվազյանին,- ասաց Ջահանը.- որ իրան Վարուժ ես ասում, ուրեմն՝ իրա հետ էլ ես մոտիկ:

– Հա,- ասացի ես.- մոտիկ եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել