Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժանությունը սահմաններ չունի

Հունիս 14,2008 00:00

Անհետ կորած դաղստանցուն հարազատները ճանաչել են՝ դիտելով մի տեսանյութ, որտեղ մահապատժի են ենթարկում մի տաջիկի եւ մի դաղստանցու:

Մոսկվայում կորած դաղստանցի Շամիլ Ուդամանովի քույրը, դիմելով օրինապահ մարմիններին, հայտարարել է, որ ինտերնետում տեղադրված տեսանյութում պատկերված մարդը նման է իր եղբորը, հայտնում է newsru.com-ը: Սակայն, նրա խոսքերով, ոստիկանությունը այնքան էլ հրատապություն չի դրսեւորել այս հարցում: Դաղստանի շրջանի գյուղի բնակիչ Կիստաման Ուդամանովայի խոսքերով, իր եղբայր Շամիլը անցյալ տարվա ամռանը Մոսկվա էր գնացել դրամ հայթայթելու: Այդ ժամանակաշրջանում Շամիլը պարբերաբար զանգում էր տուն: Սակայն օգոստոս ամսից նրա հետ կապը ընդհատվեց եւ նրան փնտրելու ոչ մի փորձ հաջողությամբ չպսակվեց: 2008թ. հունվարին Շամիլի եղբայր Արթուրը ինտերնետում տեսավ մի տեսանյութ, որտեղ մահապատժի են ենթարկում մի տաջիկի եւ դաղստանցու, որին էլ նմանեցրեց իր եղբորը: Արթուրը պնդում է, որ, բացի արտաքին նմանությունից, ճանաչել է նաեւ բաճկոնը, որն ինքն էր նվիրել Շամիլին: Ձայնագրությունում երեւում է, թե ինչպես մի սքինհեդ, գոչելով «փառք Ռուսաստանին», մեծ դանակով կտրում է դաղստանցու գլուխը, իսկ տաջիկին սպանում է՝ կրակելով ծոծրակին:

Այդ օրվանից հետեւեցին պաշտոնական եւ ոչ պաշտոնական անձանց մեկնաբանությունները: Ռուսաստանի ներքին գործերի եւ անվտանգության աշխատակիցների պատասխանը միանշանակ էր. «Դա մոնտաժ է, այդ պատճառով ոչ մի քրեական գործ սպանության փաստի վերաբերյալ չի կարող հարուցվել»: Օգոստոսի 15-ին Ադիգեայի դատախազություն եկավ մի ուսանող եւ խոստովանեց, որ ինքն է ցանցում տեղադրել տեսանյութը:

2007թ. նոյեմբերի 21-ին նրան դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման՝ մարդկանց մեջ ատելություն եւ լարվածություն սերմանելու համար: Մահապատժի ենթարկված Շամիլի հայրը՝ Ումախան Ուդամանովը, նամակով դիմել է Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինին եւ խնդրել օգնել տղային փնտրելու գործում: Միայն դրանից հետո տեղի ոստիկանները դեպքի առնչությամբ քրեական գործ են հարուցել: Սակայն Կիստաման Ուդամանովայի հավաստմամբ, տվյալ պահին եղբորը ոչ ոք չի փնտրում: Ըստ նրա, քրեական գործը տեղափոխվել է Մոսկվա, բայց Շամիլ Ուդամանովին այդպես էլ ամբողջ Ռուսաստանի տարածքով հետախուզում չեն հայտարարել: Ապրիլին Մոսկվայի դատախազություն է հրավիրվել Արթուր Ուդամանովը, որտեղ նրան հայտնել են, որ սպանության վայրը արդեն հայտնաբերվել է: Այնտեղ այժմ աշխատում են քննիչները, սակայն բռնության որեւէ հետք չեն հայտնաբերել:

Դաղստանի ազգային քաղաքականության նախարար Էդվարդ Ուրազաեւը հայտնել է, որ իրենք հետեւում են Շամիլ Ուդամանովի միջադեպին: Նրա կարծիքով, Դաշնային իշխանությունը դեռեւս պատշաճ ձեւով չի հետեւում լայն տարածում ստացած քսենոֆոբիայի երեւույթներին: Դաղստանի հասարակայնության պալատի նախագահ Ամումուսլիմ Մուրթազալիեւի խոսքերով, մոտակա ժամանակներս պալատի անդամները պետք է նիստ հրավիրեն այս հարցի քննարկման շուրջ:

Մահապատժի տեսանյութի նկարագրություն

Տեսանյութը սկսվում է համակարգչային կանաչ ֆոնին սվաստիկայի (կեռխաչ) պատկերմամբ: Ապա հայտնվում են տողեր. դաղստանցու եւ տաջիկի ձերբակալման եւ մահապատժի գործողություն՝ 2007 թվական: Հետո օպերատորը նկարահանում է մի տեսարան, որտեղ երեւում է ամառային գյուղական բնապատկեր: Տեղանքը բնորոշ է երկրի միջին գոտուն: Մահապատիժը տեղի է ունենում գարնանը կամ աշնանը: Կադրում գրեթե բացակայում են կանաչ տերեւները: Տեսանյութի հեղինակը ցույց է տալիս ապագա զոհերի դեմքերը. դրանք երիտասարդ տղամարդիկ են, որոնք կապկպված պառկած են գետնին: Հաջորդ կադրում զոհերը նստած են ծնկների վրա, կողք կողքի եւ հերթով հանգիստ ասում են. «Մեզ ձերբակալել են ռուս նացիոնալ-սոցիալիստները»: Դրանից հետո զինվորական հագուստով եւ դիմակով մի հաղթանդամ տղամարդ բռնում է առաջին զոհի մազերից եւ բացականչելով «կեցցե Ռուսաստանը» վարժ եւ հաստատուն կտրում է նրա գլուխը: Նա օգտագործում է ատամնաշեղբ մի մեծ դանակ: Սպանությունը տեւում է ընդամենը մի քանի վայրկյան: Այնուհետեւ օպերատորը մոտենում է եւ գործողությունը ուղեկցվում է բնանկարագրական ձայներով. սկզբից արյան կլկլոցով, իսկ հետո ողնաշարի սղոցման ձայնով: Հետո այս ձայները խլացնում է երաժշտությունը: Դրանից հետո ոճրագործը շուռ է տալիս մարմինը եւ կտրված գլուխը դնում կողքին: Ծածանվում է սվաստիկայով պատկերված մի դրոշակ: Մյուս սպանությունը կատարվում է ավելի արագ: Մոտ տարածությունից կրակում են նրա ծոծրակին: Նրա մարմինն ընկնում է նախօրոք փորված գերեզմանի մեջ: Նորից հնչում է երաժշտություն եւ երկու դիմակավոր ձեռքերը պարզում են՝ նացիստական ողջույնով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել