Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը՝ «Մխիթար Սեբաստացիում»

Հունիս 14,2008 00:00

Ըստ Ա. Բլեյանի՝ իրենց աշակերտները ոչ թե հանգստանում են, այլ՝ ամառային ճամբարի ընթացքում հետազոտում եւ ուսումնասիրում են:

Հունիսի 1-16-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, պատանի ստեղծագործողի եւ հետազոտողի հանրապետական հեռակա դպրոցը անցկացնում էին ուսումնական ամառային հետազոտական-ստեղծագործական ճամբար: Նշենք, որ ճամբարի ընթացքում գործում էին յուրահատուկ կանոններ: Օրինակ՝ երեխաների ծնողները կարող էին հայտնվել աշակերտի կարգավիճակում, կամ աշակերտները՝ սովորեցնողների: Յուրաքանչյուր օր ճամբարի մասնակիցները սկսում էին տողանով՝ պարտադիր մարմնամարզական վարժություններով: Կային բուսաբանների, կենդանաբանների, ֆիզիկոս-քիմիկոսների, իրավապաշտպանի, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի, թարգմանիչների եւ այլ բովանդակության օրեր: Ճամբարին մասնակցում էին «Մխիթար Սեբաստացու» սաները, շուրջ 100 այլ դպրոցների երեխաներ եւ 50 նոյեմբերյանցիներ: ճամբարականները քննարկում են հեռահար ուսուցման մի քանի նախագծեր: Օրինակ՝ ճամբարական 7-10-րդ դասարանցիները հնարավորություն ունեն մասնակցելու «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի կազմակերպած «Սեւան-2008» ծրագրին եւ այդտեղ հաջողություններ ունենալու դեպքում մեկնել Եվրոպա:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե «Մխիթար Սեբաստացին» Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ծրագրից գո՞հ է: «Ծրագրի ակտիվ շահառուներից ենք, պարզապես ինտերնետի որակն այնքան էլ լավը չէ»,- հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Իսկ 1-6-րդ դասարանցիների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ աշխատանքը յուրացնելու համար ամառային դպրոց կկազմակերպվի օգոստոսին: «Ծնողներն իրենց երեխաների հետ կարող են գալ եւ սովորել: Ինչ ժամանակին չեն յուրացրել՝ հիմա թող սովորեն»,- առաջարկեց Ա. Բլեյանը:

Մաթեմատիկոս-ծրագրավորող ճամբարականները երեկ ներկայացրին իրենց եւ ուսուցիչների ջանքերով կազմած էլեկտրոնային առաջադրանքների փաթեթները: Դրանք երեխաները կստանան էլեկտրոնային փոստի միջոցով, որոնցից կարող են օգտվել կրթահամալիրի 2 ուսումնական ինտերնետ ակումբներում: Փաթեթները հնարավորություն են տալիս սովորողներին կազմել սեփական անձնական տվյալները պարունակող թերթիկներ, որտեղ կնշեն նաեւ «հրապարակված» աշխատանքների մասին: Իրավապաշտպանի դպրոցի ներկայացուցիչն էլ ներկայացրեց իրենց առաջարկները: Ա. Բլեյանի հավաստմամբ՝ նախագիծ կա ստեղծել նաեւ հայագիտական թեքումով 10-րդ դասարան: Կրթահամալիրի փոխտնօրեն Գեւորգ Հակոբյանը նկատեց. «Կրթության մասին» օրենքով ամրագրված է հեռահար ուսուցումը՝ որպես ուսուցման ձեւ: Սակայն այն կանոնակարգված չէ: Համենայնդեպս, ուզում ենք, որ երբ ընդունվի հեռահար ուսուցման կարգը, մենք նախապես պատրաստ լինենք դրա իրականացմանը»: Երեկ ճամբարականները ներկայացրին «80 րոպե աշխարհի շուրջը», «Ազատություն» եւ այլ խորագրերով ներկայացումներ ու իրենց պատրաստած գովազդները: Իսկ հունիսի 12-ին «Սուրբ երրորդություն» եկեղեցու շրջակայքում կազմակերպվեց մեծ տոնախմբություն՝ սպորտլանդիա: «Ողբերգությունն այն է, որ ողջ ուշադրությունը քննությունների վրա է սեւեռված, այժմ եթերը միացնում ես՝ նույն բանն է: Դա նշանակում է, որ խնդիրը իրականում սովորելը չէ, այլ քննությունները, որտեղ փողն է: Իսկ կրթահամալիրը սովորողի դպրոց է: Երեխաներն այստեղ ուզում են սովորել՝ ամառ, թե ձմեռ, արձակուրդ, թե՝ ոչ արձակուրդ: Այստեղ գնահատական չկա»,- ասաց տնօրենը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ո՞րն է դրա գաղտնիքը: «Պարզապես սա դասական առումով անգիրի դպրոց չէ: Ուսուցիչներն այնպիսին չեն, որ ինչ-որ բան ժամանակին մտապահած լինեն ու փոխանցեն աշակերտին»,- ասաց պարոն Բլեյանը: Ամառային ճամբարների փորձն այս կրթահամալիրում արդեն 4 տարեկան է: «Ստուգատեսները հմտությունների, գործունեության, սովորածի ցուցադրումն է գրավիչ ձեւով: Այն ոչ թե վերածված է գնահատանիշի, այլ՝ կարողության, գործի, նախագծի: Ոչ թե մրցակցության, այլ համագործակցության՝ որպես կյանք: Կրթություն՝ կյանքով եւ կյանքի համար: Եթե սովորաբար գնահատանիշով կրթության կյանքն են սպանում, մեր ստուգատեսներով կրթությանը կյանք ենք տալիս»,- նշեց պրն Բլեյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել