Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ»

Հունիս 14,2008 00:00

\"\"«Առավոտի» հետ զրույցում ասաց Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահիդ Գալալը

Վահիդ Գալալը շուրջ մեկ տարի է՝ Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Թեեւ նա այստեղ է եկել առանց ընտանիքի, բայց հասցրել է հյուր գնալ եւ հյուրընկալել տարբեր բնագավառներում աշխատող հայ մարդկանց ընտանիքների: Նրա խոսքերով, մեր երկրում իրեն շատ հանգիստ է զգում: «Ձեր սովորույթները շատ նման են եգիպտական սովորույթներին, նույնիսկ մշակույթն է արաբականից քիչ տարբերվում: Ինչպես Եգիպտոսում, այնպես էլ Հայաստանում ժողովուրդը ջերմ է, հյուրասեր: Եթե ես Հայաստանից դժգոհություն հայտնեմ, նշանակում է՝ դժգոհություն եմ հայտնում եգիպտական սովորույթներից: Միանշանակ կարող եմ ասել, որ, ի տարբերություն եվրոպացիների, հայերը մեծ ուշադրություն են դարձնում իրենց ազգային սովորույթներին: Ձեր ընտանիքները շատ ամուր են, ավանդապաշտ»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց պարոն Գալալը: Դեսպանը հասցրել է սիրել նաեւ հայկական ուտեստները: Դրանցից առանձնացնում է հատկապես խորովածներն ու տապակած սմբուկն՝ ընկույզով, նույնիսկ մտադրվել է ուշի ուշով հետեւել խոհարարների աշխատանքին եւ դրանից հետո ինքնուրույն պատրաստել: Ճիշտ է, պարոն դեսպանը նշեց, որ Հայաստանում ջերմության պակաս չի զգում, բայց, այնուամենայնիվ, իրեն միայնակ է զգում: Իր խոսքերով, օրվա մեծ մասը նվիրում է աշխատանքային գործունեությանը, մեկ- մեկ այցելում է Ազգային պատկերասրահ եւ օպերա: Ֆիլմերի մեծ սիրահար չէ եւ քանի որ չի տիրապետում հայերենին եւ ռուսերենին, այդ պատճառով անիմաստ է համարում թատրոն հաճախելը: Եթե, ասենք, Հնդկաստանի դեսպան Րինա Պանդեյը սիրում է օպերայի շրջակայքի սրճարաններում խաչապուրի համտեսել, հանգստյան օրերին մայրիկի հետ Արագած լեռան լանջերին դաշտային ծաղիկներ հավաքել, իսկ Սիրիայի դեսպան Մամուն Հարիրին մեծ հաճույքով ամեն երեկո տիկնոջ հետ զբոսնում է Հաղթանակի այգում, ապա ընտանիքից հեռու գտնվող պարոն Գալալը նախընտրում է իր «մենությունը» ցրել հեռուստացույցով, երաժշտությամբ ու գիրք կարդալով:

Հանրապետության տոնի առիթով այս տարի առաջին անգամ դեսպանը եղել է Սարդարապատի հուշահամալիրում եւ տպավորվել զույգ արծիվ-քանդակներով: Նա պատմեց, որ արաբական երկրներում արծիվները նույնպես ասոցացվում են հզորության եւ քաջության հետ եւ, որպես ասվածի ապացույց, մատնացույց արեց Եգիպտոսի պետական դրոշը, որի վրա արծիվ է պատկերված: Իսկ որպես պատմամշակութային արժեքներ, այստեղ առանձնացրեց եկեղեցիների բազմաթիվությունը, ոգեւորվել էր հատկապես Էջմիածնի մայր տաճարով: Որպես բարձրարժեք կոթողներ նշեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Երեւանի հին շենքերը:

Անդրադառնալով երկու երկրների փոխհարաբերություններին, Եգիպտոսի դեսպանը նշեց, որ, ի տարբերություն առեւտրային ոլորտի, երկու երկրների միջեւ ավելի ակտիվ են տուրիստական եւ մշակութային կապերը: Բայց վերջինս ավելի արագ տեմպերով է առաջընթաց արձանագրում, քան տուրիզմի ոլորտը, որտեղ անելիքներ շատ ունեն երկու երկրների կառավարությունները: Խանգարող հանգամանք, որպես այդպիսին, առաջին հերթին նշեց Երեւան-Կահիրե ուղիղ չվերթի բացակայությունը, եւ ավելացրեց, որ պաշտոնական հանդիպումների ընթացքում ուղիղ չվերթի հարցն անպայման արծարծվում է, նաեւ հույս հայտնեց, որ այդ խնդիրը մոտ ապագայում կլուծվի: «Տուրիզմը համարվում է Եգիպտոսի տնտեսության ամենաառաջավոր ճյուղերից մեկը: Մեր երկրում է գտնվում աշխարհի հնությունների 1/3-ը, ինչն էլ զբոսաշրջիկներին ձգում է: Դա մեր պետությանը մեծ եկամուտներ է բերում: Հայաստանն էլ հրաշալի բնություն ունի եւ դրանով կարող է զբոսաշրջիկներին գրավել: Մեծ պատրաստակամություն ենք հայտնում օգնել ձեր երկրին, որպեսզի այս ոլորտը զարգացնի»,- ասաց Վ. Գալալը: Որպես իր ասածի հաստատում, ասաց, որ օրերս փորձի փոխանակման նպատակով այստեղից զբոսաշրջիկների փոքրիկ խումբ կմեկնի Եգիպտոս: Մեր այն հարցին, թե Եգիպտոսում ի՞նչ քայլեր են անում, որ զբոսաշրջությունն այդքան արագ է զարգանում, դեսպանը առաջընթացին նպաստող հետեւյալ հանգամանքները նշեց՝ երկրի հեռահաղորդակցության, հյուրանոցային համալիրների եւ ճանապարհների բարեկարգում, ինչպես նաեւ սպասարկման ոլորտում բանիմաց մասնագետների առկայություն: Եգիպտոսում կան համալսարաններ, որտեղ հյուրանոցներում եւ սպասարկման բաժիններում աշխատելու համար հատուկ կադրեր են պատրաստում: Այդ գործին լծվել են նաեւ դպրոցները:

Վ. Գալալի տվյալներով, տարեկան մոտ 1500 ՀՀ քաղաքացի է այցելում Եգիպտոս: Այնտեղից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ավելի քիչ է եւ, ըստ դեսպանի, հիմնականում այցելում են եգիպտահայերը: Մյուս կարեւոր ոլորտը, որտեղ կարող է համագործակցություն լինել՝ բարձր տեխնոլոգիաներն են: Վերջում նա նշեց, որ ոչ միայն ինքը, այլեւ արաբ ժողովուրդն է շատ հայասեր. «Կահիրեի համալսարանում գործում է հայագիտության կենտրոն, որտեղ, բացի հայերից, ուսանում են նաեւ արաբներ: Դա, անշուշտ, է՛լ ավելի կսերտացնի մեր ժողովուրդների դարավոր բարեկամական կապը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել