Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեմատիկան բացակայում է քոլեջներում

Հունիս 14,2008 00:00

Կրթական «կուրյոզներ»

Դիդակտիկան (ուսուցման, կրթության եւ զարգացման օրինաչափություններն ուսումնասիրող գիտություն) պատասխանում է հետեւյալ հիմնական հարցերին. ի՞նչ ուսուցանել, ինչի՞ համար ուսուցանել, որտե՞ղ ուսուցանել։ Այս կրթական եռանկյունու առաջին օղակը, այսինքն՝ «ի՞նչ ուսուցանելը», որոշվում է ուսումնական պլաններով, որոնց մեջ ընդգրկված են այն առարկաների ցանկը եւ դրանց հատկացվող ժամաքանակները, որոնք անհրաժեշտ է ուսուցանել տվյալ մասնագիտությունն ուսումնասիրող ուսանողներին։ Ուսումնական պլաններին ներկայացվող ամենագլխավոր պահանջներից մեկը, թերեւս, նրա մեջ պարունակող ուսումնական առարկաների ընկալունակությունն է ուսանողների կողմից։ Քանի որ միջին մասնագիտական կրթությունն անքակտելիորեն կապված է հանրակրթական դպրոցի հետ, ապա անխուսափելիորեն պետք է հաշվի առնել, թե ուսանողը (նախկին դպրոցականը) ինչպես է յուրացրել դպրոցական դասընթացը, բավակա՞ն են, արդյոք, ուսանողի գիտելիքները տվյալ մասնագիտությունն ուսումնասիրելու համար։ Գաղտնիք չէ, իհարկե, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (քոլեջներում) հիմնականում սովորում են հանրակրթական դպրոցի ոչ լավագույն շրջանավարտները (մեղմ ասած) եւ դպրոցում ստացած նրանց գիտելիքները շատ հաճախ անբավարար են տվյալ մասնագիտությունը յուրացնելու համար։

Վերոգրյալը մասնավորեցնենք մաթեմատիկա առարկայի օրինակով, որը տողերիս հեղինակը 35 տարի անընդմեջ դասավանդում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում։ Ինչպես աներկբա ցուցանում է վերջին 10-15 տարիների աշխատանքային փորձը, քոլեջների դիմորդների մի ստվար մասը անկարող է կատարել ամենապարզագույն թվաբանական գործողություններ, հաճախ հանդիպում ենք նաեւ «կուրյոզների» (որոշ դիմորդների կարծիքով՝ 1 կիլոգրամը հավասար է 100 գրամի, մեկ մետրը 10 սանտիմետրն է եւ այլն)։ Թե ինչպես է այդպիսի գիտելիքներով (ավելի ճիշտ՝ «չգիտելիքներով») ուսանողը յուրացնելու, ասենք, «տեխնիկական» մասնագիտություններ, մնում է անհասկանալի։ Բայց մի բան ակնհայտ է, որ նրանք հանիրավի ստանում են ֆինանսիստի, բանկային աշխատողի եւ այլ մասնագետների որակավորում։ Եթե այսպիսի դեպքերը չլինեին զանգվածային, հազիվ թե իմաստ ունենար այդ մասին խոսակցություն բացել։ Ավաղ, նման փաստերը բազմաթիվ են եւ, որ ցավալի է, ունեն աճման միտում։ Սպասել, որ մոտ ապագայում դպրոցը քոլեջներին կտա փոքրիշատե պատրաստված դիմորդներ, կարծում եմ՝ իրատեսական չէ (այն ավելի շուտ հեռահար խնդիր է)։

Թվում է, թե քոլեջների ուսումնական պլաններ կազմողները, հաշվի առնելով կրթական համակարգի արդի վիճակը, տնտեսագիտական, ֆինանսական, բանկային եւ տեխնիկական մասնագիտությունների ուսումնական պլաններում ավելի շատ ժամաքանակ կհատկացնեին մաթեմատիկային։ Նայում եմ ուսումնական պլանները եւ ապշում. մաթեմատիկա առարկան իսպառ բացակայում է։ Անմիջապես հիշում ես հայ մեծ երգիծաբանի «չգիտես խնդաս, թե լաս» արտահայտությունը։ Միգուցե այս ուսումնական պլաններ կազմողները հետեւել են «չկա ատամ, չկա եւ ատամնացավ» թեւավոր (այս դեպքում՝ հաստատապես անթեւ) խոսքի տրամաբանությանը։ Մի՞թե նրանք անտեղյակ են, որ ՀՀ նորընտիր կառավարության ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվում որակյալ կրթության ապահովմանը։ Երեւի իմաստ ունի վերհիշել, թե ինչպես էր դրված մաթեմատիկայի դասավանդման հարցը խորհրդային միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (տեխնիկումներում)։ Այն ժամանակ մաթեմատիկան համարվում էր պարտադիր ուսումնական առարկա համարյա բոլոր մասնագիտությունների համար (թեեւ անվիճելի է, որ, ի տարբերություն այսօրվա, խորհրդային հանրակրթական դպրոցը շատ ավելի որակյալ գիտելիքներով զինված դիմորդներ էր տրամադրում տեխնիկումներին)։ Բայց ինչո՞ւ միայն նախկինում։ ԵՊՀ-ում այժմ մաթեմատիկա են դասավանդում նույնիսկ հումանիտար առարկաներ ուսումնասիրող ուսանողներին։ Մի՞թե զավեշտական չէ, որ վերջիններս պետք է մաթեմատիկա ուսումնասիրեն, իսկ ապագա բանկային աշխատողը՝ ոչ։

Խորհում եմ, խորհում, բայց չեմ կարողանում հասկանալ այս անտրամաբանության տրամաբանությունը։

Կարծում եմ՝ հոդվածը կքննարկվի ՀՀ ԿԳ նախարարությունում եւ մաթեմատիկան՝ գիտությունների թագուհին (գերմանացի հռչակավոր մաթեմատիկոս Գաուսի բնութագրումն է) իր արժանի տեղը կզբաղեցնի այնպիսի մասնագիտությունների ուսումնական պլաններում, որոնց համար այն օդի եւ ջրի պես անհրաժեշտ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել