Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԱԴՈՔՍ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հունիս 14,2008 00:00

\"\"Մեր երկիրը գիտնականներ պատրաստելու գործում հաջողակ է, բայց նրանց պահելու հարցում՝ ձախորդ

Բազմիցս են տարբեր «տրամաչափի» պաշտոնյաներ հնչեցնում փաստարկված մտավախություններ, որ Հայաստանում գիտությամբ զբաղվող մարդիկ, թերֆինանսավորման ու գործազրկության պատճառներից դրդված, մեկնում են գիտությանն աջակցող, գիտնականին ֆինանսապես հովանավորող երկրներ: Ցավալին, սակայն, այն է, որ այսօր ոչ բոլոր երիտասարդներն են պատրաստակամություն հայտնում զբաղվել գիտությամբ՝ գիտակցելով, որ սեփական երկրում այդ ոլորտի ապագան անորոշ է եւ ոչ հեռանկարային: «Առավոտը» ԳԱԱ-ի մի քանի գիտհիմնարկներից հետաքրքրվեց, թե վերջին տարիներին գիտնականներին Հայաստանում պահելու ցավալի խնդիրը ինչպե՞ս են լուծում: Որոշ հիմնարկներից հավաստեցին, որ գիտնականների լայնամասշտաբ արտահոսք անցած դարի 90-ականներին է գրանցվել եւ աստիճանաբար կանգ է առել: Միայն Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը ցավով նշեց իրենց հիմնարկի այս տարվա լուրջ կորուստը. շրջակա միջավայրի տարբեր ոլորտների հետազոտություններով զբաղվող 3 պրոֆեսիոնալներ գնացել են Նորվեգիա, ԱՄՆ եւ Գերմանիա: «Մեր կադրերն ունեն միջազգային վերապատրաստման սերտիֆիկատներ, լավագույնս տիրապետում են օտար լեզուների, ազատ աշխատում են համակարգչային ծրագրերում»,- իրենց ուղեղների արտահոսքին նպաստող պատճառները թվարկեց պարոն Սաղաթելյանը: Ըստ նրա, եթե իրենց գիտնականը ՀՀ-ում ստանում է 40-200 հազար դրամ, ապա արտերկրում վաստակում է նշյալ գումարի տասնապատիկն ու հարյուրապատիկը: Ա. Սաղաթելյանը հայտնեց, որ երկար տարիներ հաջողվել է պահել կոլեկտիվը: Ի պատասխան «Առավոտի» հարցի, թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել 3 երիտասարդ գիտնականի հեռանալը, պարոն Սաղաթելյանը պատասխանեց. «Մինչեւ կառավարությունը գիտնականների համար չստեղծի արժանապատիվ կենսակերպ ու աշխատանքային պայմաններ, այս երեւույթը կշարունակվի: Պարադոքս է ստացվում: Սուղ հնարավորություններով բարձրակարգ կադրեր ենք պատրաստում եւ հանձնում հարուստ պետությունների»: Այստեղ տեղին է հիշեցնել այս տարվա ապրիլի 25-ին ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի միտքը՝ գիտության ոլորտում պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու եւ նրանց գիտական վաստակը միջազգայնորեն ընդունելի լինելու առնչությամբ: Նախագահն ասել էր. «Ասում են՝ լավ գիտնական է… որո՞նք են այդ չափանիշները, հո թեկնածու, դոկտոր, ներողություն, ակադեմիկոս լինելու մե՞ջ չէ միայն…, ինձ համար մեր ակադեմիկոսի կոչումը ընդունելի է 100%-ով, բայց երկրից դուրս գանք, տեսնենք ընկալո՞ւմ են մեզ»: Ա. Սաղաթելյանը փոխանցեց նաեւ, որ իրենց հիմնարկի 50 գիտաշխատողների 50%-ը երիտասարդներ են. «Շատ մարդկային մոտեցում է: Նրանք զգում են իրենց կոլեկտիվի անդամ, որը շատ կարեւոր հանգամանք է»: Աշտարակում գտնվող Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը «Առավոտին» հայտնեց, որ իրենց ինստիտուտից չեն հեռանում, թեեւ միջին աշխատավարձը 47 հազար դրամ է. «Ունենք շուրջ 90 գիտաշխատող: Երբեմն մի քանի ամսով, ամենաշատը՝ կես տարով գնում են գործուղման ու վերադառնում: Այս հանգամանքը ողջ աշխարհում է ընդունված: Ովքեր էլ 90-ականներին գնացել են, կապը չի կտրվել, դեռ համագործակցում ենք»: Ինչպես հայտնեց պարոն Հախումյանը, վերջին երկու տարիներին հատուկ քաղաքականություն են ծավալել՝ երիտասարդությանը ներգրավելու ինստիտուտի աշխատանքներին. «Վերջին մեկ տարվա ընթացքում 12-14 երիտասարդ գիտաշխատող ենք ընդունել: Կյանքը ցույց կտա՝ կմնա՞ն մեզ մոտ, թե՞ կգնան: Քիչ աշխատավարձ ենք տալիս, բայց կապում ենք մեզ հետ: Պարզ է՝ այդ գումարը չի բավարարում, բայց կան մարդիկ, ովքեր իսկապես հակում ունեն դեպի գիտությունը, ուստի հարմարվում են ու զբաղվում իրենց գործով»:

Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը կարեւորեց, որ վերջին 10-15 տարիներին իրենց ոլորտը Հայաստանում զարգանում է: «Ունենք մագիստրատուրա, ուր յուրաքանչյուր տարի պատրաստում ենք 25-30 մագիստրոս, որից 3-5-ը դառնում է ասպիրանտ: Հիմնական մասը մնում եւ աշխատում է մեզ մոտ, մյուս մասը հեռանում է այլ աշխատանքի՝ համատեղության կարգով մնալով նաեւ մեր ինստիտուտում»,- հայտնեց պարոն Սահակյանը: Նա ընդգծեց, որ անկախության առաջին տարիներից սկսած, գիտնականների արտահոսքն ինստիտուտից շարունակվում է. «Տարվա ընթացքում շուրջ 10 մասնագետ գնում-գալիս է: Եթե երիտասարդ գիտնականները մեզ մոտ 50-60 հազար դրամ են ստանում, ապա արտերկրում՝ տարեկան 400 հազար դոլար: Մեղավոր չեն, որ հեռանում են՝ ընտանիք են պահում»: Ըստ Վ. Սահակյանի, գիտնականների հոսքից տուժում է ինստիտուտը, անիմաստ է դառնում ներդրումը, տուժում են հետազոտական ծրագրերը: Ի պատասխան «Առավոտի» հարցադրման, թե խնդրի լուծումը ո՞րն է, պարոն Սահակյանը պատասխանեց. «Պետք է աշխատավարձը բարձրանա: Պետք է լինի երիտասարդներին աջակցող պետական ծրագիր»:

Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Բագրատ Բատիկյանը հայտնեց, որ արտերկրում իրենց ոլորտով զբաղվելը դժվար է, ուստի՝ իրենց գիտնականները ոչ թե հեռանում են, այլ դասավանդում են հայաստանյան բուհերում, հոդվածներ են գրում կամ բիզնեսով զբաղվում: Ինստիտուտն ունի շուրջ 35 գիտաշխատող, որոնք հիմնականում տարեցներ են: Ըստ տնօրենի, երիտասարդներին դժվարությամբ են համոզում գալ իրենց ոլորտ, քանի որ գիտությունների թեկնածուն ստանում է ընդամենը 40 հազար դրամ. «Երիտասարդները գնում են համակարգչային աշխատանքի եւ շատ փող վաստակում»: Պարոն Բատիկյանը ցավով նշեց, որ մաթեմատիկայով զբաղվող երիտասարդները, դեռեւս ուսանողական տարիներից, շահագրգիռ են արտերկիր տեղափոխվելու հարցում:

Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն էլ հպարտությամբ հայտնեց, որ իրենց հիմնարկը եզակիներից է, որտեղից երբեւէ արտահոսք չի եղել: Այս բացառությունը պարոն Վարդանյանը պայմանավորեց մասնագետների՝ իրենց աշխատանքին նվիրված լինելով: Ինստիտուտն այժմ ունի 5 ասպիրանտ, որոնց բավարարելը, համաձայն Ժ. Վարդանյանի, դժվար է. «Մեր պայմաններն այսօր նրանց ձեռք չեն տալիս: 30-35 հազար դրամով երիտասարդը չի կարող երկար կապվել գիտությանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել