Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատարվածը չենք ընդունի՝ որպես ցեղասպանություն»

Հունիս 14,2008 00:00

\"\"Հայտարարում է թուրք լրագրող Մուսթաֆա Այդինը

Կովկասյան երկրներին վերաբերող մի գիտաժողովի մասնակցելու համար վերջերս կարճատեւ այցով, արդեն 3-րդ անգամ, Հայաստան էր ժամանել թուրք լրագրող, Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերով անկախ փորձագետ, Անկարայի Էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի գիտաշխատող Մուսթաֆա Այդինը: «Առավոտը» բացառիկ հարցազրույց ունեցավ թուրք գործընկերոջ հետ: Նախ հետաքրքրվեցինք, թե Թուրքիայի կառավարությունը գիտի՞ այս այցի մասին ու հիշեցրինք, որ նախկինում որոշ առիթներով ՀՀ ժամանած թուրք մասնագետները հայտարարում էին, որ վերադառնալով հայրենի երկիր, բազում սպառնալիքների, վիրավորանքների էին արժանանում: «Հատուկ չեմ ասել, որ գնում եմ Հայաստան: Ձեր երկիր եկել եմ նաեւ այլ առիթներով, եւ, բարեբախտաբար, ինձ հետ Ձեր նշած դեպքերից չի պատահել: Այս անգամ հանդիպել եմ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների հետ, խոսել այցիս մասին: Նրանց կողմից որեւէ ճնշում կամ դժգոհություն չեմ նկատել, ընդհակառակը, իմ այցը Հայաստան քաջալերեցին՝ նշելով, որ այդպիսի այցերը երկու երկրների հարաբերությունների վերականգնման առումով լուրջ քայլ կարող են լինել»,- պատասխանեց Մ. Այդինը: Հետո էլ հարցրինք, թե ընդհանրապես հարեւան Թուրքիայում ինչպիսի՞ն է լրագրողական մթնոլորտը: Զրուցակիցս բավականին երկար կշռադատելով յուրաքանչյուր բառը, պատասխանեց. «Մամուլը Թուրքիայում ազատ է: Կան բազմաթիվ լրագրողներ ու լրատվամիջոցներ, որոնք սկզբունքորեն տարբեր գաղափարախոսություն, տեսակետներ եւ հետաքրքրություններ ունեն: Մեր երկրում վերջին տարիների երեույթ են նաեւ խոշոր մեդիա հոլդինգները, որոնք իրենց մեջ ներառում են լրատվամիջոցների տարբեր տեսակներ՝ թերթ, հեռուստաընկերություն, ռադիո եւ այլն: Չնայած մեր երկրում շատ են այդպիսի հոլդինգները, սակայն լրագրողական մթնոլորտը բավականին տարաբնույթ է. կազմակերպվում են լրագրողական բազում քննարկումներ, լույս են տեսնում տարբեր կողմնորոշումներ եւ հարցադրումներ պարունակող հրապարակումներ: Օրինակ՝ երբեմն կառավարության ներկայացուցիչների հարցազրույցները հակառակ ճամբարի լրատվամիջոցներում սկզբունքորեն տարբերվում են»:

Լրագրողից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն են իշխանությունների եւ ընդդիմադիր լրատվամիջոցների հարաբերությունները, ճնշումներ հաճա՞խ են լինում: «Թուրքիայում յուրահատուկ հարաբերություններ են հաստատվել իշխանության եւ ընդդիմադիր մամուլի միջեւ՝ գուցե նաեւ այն պատճառով, որ ընդդիմադիր մամուլի օրգանները չեն համագործակցում միմյանց հետ, թեկուզ ունենալով միեւնույն շահեր: Ընդդիմադիր մամուլն ու իշխանությունները լուրջ տարաձայնություններ ունեն աղմկահարույց 301 հոդվածի (թրքությունը վիրավորելու մասին- Տ. Հ.) առնչությամբ: Ընդդիմադիր մամուլը կարծում է, որ այն հակասում է եւ սահմանափակումներ է մտցնում խոսքի ազատության իրավունքի առումով: Մի քանի շաբաթ առաջ կառավարությունը, ի վերջո, ընդդիմադիր թեւի ճնշման տակ ստիպված եղավ վերանայել այն»,- հնչեց պատասխանը: Մ. Այդինին տեղեկացրինք, որ «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ լրագրողների դեմ կատարվող ճնշումների եւ բռնությունների առումով առաջատարներից է Թուրքիան: Հետաքրքրվեցինք, թե Հրանտ Դինքի սպանությունից հետո այդ առումով ինչ-որ բան փոխվե՞լ է: «Եվ այո, եւ ոչ: Քանի որ այդ սպանությունը կատարվեց ազգայնամոլների կողմից, նպատակահարմար չեմ համարում այն դիտել մամուլի ազատության ոտնահարման համատեքստում: Այնուամենայնիվ, այդ դեպքը որոշ փոփոխություններ բերեց: Մարդիկ մեղադրեցին իշխանությանը եւ հայտարարեցին, որ այդ սպանությունը կատարվել էր Հրանտ Դինքի հայտնի հոդվածի պատճառով: Դա արդեն բավական էր, որ կառավարությունը համոզվի ինչ- ինչ փոփոխություններ մտցնել 301 հոդվածում»,- պատասխանեց Մ. Այդինը եւ փաստեց, որ իրենց երկրում կան «արգելված» թեմաներ, որոնց մասին լրատվամիջոցներն իրավունք չունեն խոսելու:

Մեր «զգուշավոր» զրուցակցին խնդրեցինք պարզապես բնորոշել ներկայիս հայ-թուրքական հարաբերությունները: «Պաշտոնապես հարաբերություններ չկան, սահմանները փակ են, դիվանագիտական հարաբերություններ չունենք: Բայց մասնավոր անձերի, նույնիսկ իշխանական կառավարական համակարգի անձնավորությունների միջեւ կան մասնավոր հարաբերություններ: Մեր երկրների միջեւ բավականին զարգացած են առեւտրական հարաբերությունները, տարեկան դրանց ծավալը հասնում է 100-ավոր միլիոնների»,- ասաց նա: Իսկ թե ինչպե՞ս են կապվում Թուրքիայի՝ Եվրամիությանն ինտեգրվելու եւ հայոց ցեղասպանության հարցերը, Մ. Այդինը կարծում է. «Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններում բազում խնդիրներ կան, մեղմ ասած՝ դրանք այնքան էլ սրտաշարժ չեն: Ինչ վերաբերում է հայերի նկատմամբ կատարված սպանություններին (չօգտագործեց ցեղասպանություն բառը- Տ. Հ.), դա թուրքական արտաքին քաղաքականության ամենախնդրահարույց հարցն է, որը մշտապես քննարկման թեմա է դառնում նույնիսկ թուրք-ամերիկյան հարաբերություններում»:

Մեր զրույցի վերջում թուրք լրագրողից ուղղակի հարցրինք, թե, իր կարծիքով, Թուրքիան մի օր կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը: Նա էլ առանց ավելորդ «դիվանագիտության»՝ պատասխանեց. «Ցավում եմ, բայց այն սպանությունները, որ կատարվել են հայերի հետ, Թուրքիան երբեւէ չի ճանաչի՝ որպես ցեղասպանություն: Հայ մարդիկ եւ հայկական իշխանությունները նախ դեռ ստիպված են համոզել թուրքական կառավարությանը, որ այն, ինչ կատարվել է, իսկապես ցեղասպանություն է: Չնայած, իսկապես ինչ-որ սարսափելի բան կատարվել է, եւ բազում մարդիկ սպանվել են: Բայց դա կվերագրեն համաշխարհային պատերազմին, ասելով, թե ով գիտի՝ այն ժամանակ ինչ էր կատարվում, բոլորն էլ բոլորին սպանում էին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել