Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի շատ քննադատվել եմ նախարար ժամանակ»

Հունիս 14,2008 00:00

\"\"Հարցազրույց ԿԳ նախկին նախարար, ՀՀ նախագահի նախկին խորհրդական Սերգո Երիցյանի հետ

– Ձեր ԿԳ նախարար եղած շրջանը համեմատելով այսօրվա հետ, կրթության ոլորտում ի՞նչ դրական ու բացասական միտումներ եք տեսնում:

– Ամեն մի ժամանակահատված էլ իր դրական եւ բացասական կողմերն է ունենում: Երբ ես սկսեցի, ռեֆորմների բուռն շրջան էր, իսկ յուրաքանչյուր ռեֆորմ իր հետ բերում է թե՛ որոշակի հակազդեցություն եւ թե՛ դժվարություններ… Հիմա իրավիճակը փոխվել է, ավելի հանգիստ շրջան է, բայց այդ հանգիստ շրջանն էլ ունի իր «հանգիստ» հրամայականներն ու խնդիրները: Դառնալով իմ պաշտոնավարության տարիներին՝ փաստեմ, որ այսօրվա փոփոխությունների, առաջընթացի հիմքը դրվել է երեք-չորս տարի առաջ…

– Ավելի հաճելի ու հեշտ է լինել կուսակցության առաջին դեմքերից մե՞կը, ԿԳ նախարա՞ր, թե՞ նախագահի խորհրդական:

– Ես կարծում եմ, որ երեք դեպքերում էլ հաճելի է երկրին օգտակար լինելը:

– Երեք պաշտոններից որի՞ դեպքում են Ձեզ ամենից շատ քննադատել:

– Բնականաբար, քննադատում են, երբ գործադիրում ես եւ ռեֆորմ ես իրականացնում: Միշտ էլ ռեֆորմատորներին, ովքեր փորձում են ինչ-որ բան փոխել, բնական է հակազդեցությունը: Հավանաբար, ավելի շատ ինձ քննադատել են ԿԳ նախարար եղած ժամանակ:

– Ըստ Ձեզ, անկախ Հայաստանի կրթության նախարարներից, նախագահի խորհրդականներից ո՞վ է ամենալավը աշխատել կամ աշխատում ներկայումս:

– Իմ համոզմամբ, ամեն մեկն իր ժամանակահատվածի համար բավականին դրական գործեր է արել: Այնպես որ, որեւէ մեկին առանձնացնելը կոռեկտ չէ: Ես կարող եմ յուրաքանչյուր ժամանակահատվածի նախարարի, այսպես կոչված, դրական կողմերը նշել: Շատ իրողություններ յուրաքանչյուր նախարարի համար թելադրվում են իր ապրած ժամանակաշրջանի հիմնախնդիրներով եւ դրանց լուծման հնարավորություններով, ուստի բոլոր նախարարներն էլ այս առումով կարծես թե ե՛ւ հակասություններ, ե՛ւ դժվարություններ են ունեցել, թեեւ յուրաքանչյուրն իր հերթին ձգտել է ինչ-որ բան փոխել: Իսկ թե ում ինչքա՞ն է հաջողվել՝ ժամանակն է ցույց տալիս: Մանավանդ կրթության ասպարեզում բարեփոխումների պտուղները տարիներ հետո են երեւում, այսինքն, եթե դու սկսել ես ինչ-որ ռեֆորմներ, հենց վաղը չես կարող ակնկալել դրա քաղցր արդյունքը: Օրինակ, այսօր արդեն կարող ենք խոսել Բոլոնյան գործընթացի լավ եւ վատ կողմերի մասին, նայած ո՛ր տեսանկյունից ես նայում՝ դասախոսի՞, թե՞ ուսանողի:

Մյուս կողմից էլ, թե՛ ուսանողից եւ թե՛ կրթության կազմակերպիչներից ամենօրյա աշխատանք է պահանջվում… Ցավոք, այսօրվա բուհերից շատերը հիմնականում լուծում են ոչ թե որակի, այլ քանակի խնդիր: Այդ է պատճառը, որ միշտ շեշտում եմ՝ հինգբալանոց սանդղակով Հայաստանի կրթության որակը գնահատելու դեպքում՝ երեքից ավելի չէի նշանակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել