Հարցազրույց Լոս Անջելեսի Ֆերահյան ազգային վարժարանի տնօրեն Ժան Գոսակյանի հետ
Վերջերս Հայաստան էր այցելել Լոս Անջելեսի 44-ամյա Ֆերահյան ազգային վարժարանի տնօրեն Ժան Գոսակյանը: Նա պատմեց ամերիկահայ դպրոցի առջեւ ծառացած հիմնախնդիրների մասին ու ներկայացրեց Սփյուռքում հայեցի մնալու իր դեղատոմսը:
– Ե՞րբ է հիմնադրվել ձեր դպրոցը եւ ո՞ւմ կողմից:
– Լոս Անջելեսի Ֆերահյան վարժարանը ստեղծվել է 1964թ՝ Գաբրիել Ինջեջիկյանի կողմից: Այն ԱՄՆ-ի առաջին հայկական ամենօրյա 12-ամյա կրթություն տվող դպրոցն է: Սկսել ենք 12 աշակերտով, այժմ մեր սաները շուրջ 750-ն են, իսկ ուսուցչական եւ տեխնիկական կազմը՝ 95 հոգի: Նման վարժարան հիմնադրելու գաղափարը պատկանում է մասնագիտությամբ իրավաբան Մաթեոս Ֆերահյանին, որը ժամանակին աջակցել է հայկական կիրակնօրյա դպրոցների գործունեությանն ու երազել ամենօրյա վարժարանի մասին: Հետագայում նա իր ունեցվածքը՝ շուրջ $300000 դոլար, կտակել է այն դպրոցին, որ պիտի ունենար միջնակարգ, ինչպես մենք ենք ասում՝ երկրորդական բաժին: Ծնունդով լիբանանցի Գ. Ինջեջիկյանը, որը ԱՄՆ-ում մանկավարժական կրթություն էր ստացել, իրականություն դարձրեց Ֆերահյանի երազանքը: Համայնքն էլ զորավիգ եղավ եւ ընդարձակվեց դպրոցը: Իր գոյության 44 տարիներին մեր վարժարանը տվել է 1750 շրջանավարտ, որոնց թվում են փաստաբաններ, բժիշկներ, հետագայում համալսարանական կրթություն ստացած մարդիկ:
– Վարժարանի սաների հայաստանյան այցելություններ կազմակերպվո՞ւմ են:
– Հենց այդ նպատակով ենքայժմ Հայաստանում ենք: Լոսանջելեսյան որոշ վարժարաններ 10-14 օրով իրենց շրջանավարտ դասարաններին բերում են Հայաստան: Մենք ուզում ենք, որ շրջանավարտ դասարանի փոխարեն 11-րդցիները գան Հայաստան եւ Արցախ՝ ծանոթանան պատմամշակութային հուշարձաններին: Կարծում եմ՝ Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Մաշտոցի գերեզմանին, այլ տեսարժան ու պատմական վայրեր այցելելը դաստիարակչական բնույթ ունի: Այլ բան է, երբ երեխաներն իրենց դպրոցում սովորում են հայոց պատմություն ու հայոց լեզու, այլ է, երբ այդ ամենին հաղորդակից են լինում իրենց պապերի երկրում, ուր բոլոր ցուցանակները հայատառ են, բոլորը հայերեն են խոսում…
– Կրթական ծրագրերն իրականացնելիս ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնում:
– Մեր վարժարանում բոլոր հիմնական առարկաները անգլերեն են ուսուցանվում: Ամեն օր մեկական ժամ հայոց լեզու ու հայոց պատմություն են անցնում աշակերտները: Ընդհանրապես մենք որդեգրել ենք Կալիֆոռնիայի պետական կրթական ծրագիրը, հետեւում ենք համալսարանների ուղեցույցներին, որովհետեւ մեր աշակերտների 2/3-ը ընդունվում է 4-ամյա համալսարաններ, 1/ 3-ը՝ երկամյա քոլեջներ: Ինչ վերաբերում է հայերենի ուսուցմանը, մենք ավելի բարդ իրավիճակում ենք, քան Միջին Արեւելքի հայկական գաղութները: Վերջիններս ավելի հայախոս են եւ միատարր՝ հայերենի իմաստով. հատկապես արեւմտահայերենը օգտագործվում է դասական ուղղագրությամբ: Լոս Անջելեսում այլազանությունը շատ է՝ իրանահայեր, հայաստանցիներ, հին ամերիկահայերի սերունդներ, Միջին Արեւելքից եկածների զավակներ եւ այլն: Մեզ մոտ դպրոցները հիմնականում օգտագործում են արեւմտահայերենը՝ դասական ուղղագրությամբ, իսկ որոշներն էլ՝ արեւելահայերենը՝ դասական ուղղագրությամբ: Անկախ նրանից, թե մեր աշակերտի ընտանիքը որտեղից է, մեր դպրոցը հետեւում է արեւմտահայերեն դասական ուղղագրությանը, ինչը դժվարությունների հետ է կապված…
– Ունե՞ք ոչ հայ աշակերտներ եւ նրանք կոնկրետ ձեր դպրոցում քանի՞ տոկոս են կազմում:
– Չնչին տոկոս… Դպրոցներ կան, որ օտարազգի երեխաներ գրեթե չկան, կամ 1-2-ն են: Տարբեր պատճառներով են գալիս հայկական դպրոցներ, օրինակ, երբ տունը մոտ է կրթօջախին, կամ նրանց ծնողները հավանում են վերջինիս կրթական ծրագիրը: Ամերիկյան օրենքներով երեխան պետք է միջնակարգ դպրոցը ավարտելիս՝ անգլերենից զատ, մի երկրորդ լեզու էլ իմանա, շատերն էլ ասում են՝ փոխանակ իսպաներեն, գերմաներեն սովորելու, թող երեխաս հայերեն սովորի: Օրինակ, մենք ունենք երկու արաբ երեխա, որոնք գրում, կարդում եւ հրաշալի խոսում են հայերեն:
– Հետաքրքիր է, հայության ո՞ր շերտն է երեխաներին բերում հայկական դպրոց-վարժարաններ:
– Դա նախեւառաջ պայմանավորված է նյութական ապահովությամբ: ԱՄՆ-ի հայկական դպրոցներում տարեկան վարձը $5000-$8000 է, եւ ամեն ընտանիք չէ, որ ի վիճակի է նման ծախսեր անելու: Երբեմն դիմումներ են գրում զեղչի ակնկալիքով, դպրոցներ կան մինչեւ 50 տոկոս զեղչ են անում, մենք այդպես ենք վարվում միայն միայնակ մայրերի զավակների պարագայում, որոնց նաեւ ՀՕՄ-ն ու մյուս բարեսիրական կազմակերպություններն են $1000-ի չափ օգնություն տալիս:
Նորեկ ամերիկահայերից շատերը թեեւ գումար ունեն, բայց գերադասում են շքեղ տուն ու մեքենա գնել, քան երեխային հայկական դպրոց տալ: Հավանաբար, մտածում են՝ միեւնույն է, իրենց ընտանիքներում հայախոսությունը, հայ լինելու գիտակցությունը պահպանված է եւ կարիք չկա երեխային հայկական դպրոց ուղարկել: Այս մտայնությունը տարածված է հատկապես Հայաստանից եկածների շրջանում: Եթե Գլենդելի, Նորթ Հոլիվուդի պետական դպրոցների աշակերտության 40-50%-ը հայեր են, ապա գաղութներ կան, ուր հայերը սակավաթիվ են եւ հայկական դպրոցն ուղղակի փրկարար դեր է կատարում:
– Հայերենի ի՞նչ դասագրքեր եք օգտագործում:
– Լոս Անջելեսի դպրոցների գրեթե կեսը պատկանում է Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդարանին եւ նրա հովանու ներքո է գործում: Կան ամերիկահայ երիտասարդի հայոց լեզվի ու պատմության ուսուցման, նաեւ դաստիարակության համար համապատասխան գրքեր: Կիրառվում են նաեւ Մուշեղ Իշխանի, Հարություն Քյուրքչյանի գրքերը:
– Ամեն տարի Հայաստանում կազմակերպվում են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, դրանք որեւէ բան տալի՞ս են ձեզ:
– ԿԳՆ կողմից կազմակերպված մի քանի սեմինարի էլ ես եմ մասնակցել: Այնքա՜ն շատ էին հավաքվածներիս տարբերությունները: Ախր ռուսական սփյուռքը, Միջին Արեւելքի սփյուռքը, Արեւմտյան սփյուռքը խիստ տարբեր հասկացություններ են, տարբեր են նաեւ ամենօրյա դպրոցների ու կիրակնօրյա, արեւելահայերենի ու արեւմտահայերենի, հին ու նոր ուղղագրությունների հետ կապված խնդիրները: Այս ամենն այնպիսի այլազանություն է ստեղծում, որ միայն սեմինարով ոչնչի չենք հասնի, գուցե մեծ ուսումնասիրական կենտրոն պիտի ստեղծվի՝ այդ հարցերին լուծում տալու համար, որը միայն ՀՀ ԿԳ նախարարության մակարդակով ու նախաձեռնությամբ կլինի: Հարկ է, որ ԿԳ նախարարությունը մտածի գաղութների համար դասագրքեր ստեղծելու մասին, որոնց մասնակից պիտի լինեն այդ գաղութների ուսուցիչները: Ամերիկահայության ու կանադահայության համար ուրիշ դասագրքեր պիտի լինեն, արաբական աշխարհի հայության համար՝ այլ, Ռուսաստանի հայության համար՝ մեկ այլ: Սփյուռքին պիտի տիրություն անել ուսուցիչներ վերապատրաստելու ու նրա համար դասագրքեր ստեղծելու ճանապարհով: Տարբեր գաղութների ուսուցիչների վերապատրաստումը տարբեր պիտի լինի՝ համաձայն հայկական համաշխարհային տարբեր ենթամշակույթների կարիքների: Միջին Արեւելքի համար պատրաստված ուսուցիչն ԱՄՆ-ի համար հարմար չէ: Ես մի առաջարկ ունեմ, թող միջնակարգը ավարտած մեր աշակերտը մինչեւ համալսարան ընդունվելը մի տարի Հայաստանում հայերեն սովորի ու համապատասխան վկայական ստանա, կամ թեկուզ 3-6 ամսով խտացված դասընթացի հետեւի: