Լրահոս
Օրվա լրահոսը

«Անլեզու», բայց խոսող ներկայացում

Հունիս 14,2008 00:00

Սուրեն Շահվերդյանի «Աղախինները»

Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ձմեռային այգում հնարավորություն ունեցա դիտելու երիտասարդ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի «Աղախինները» ներկայացումը: Այն մոտ մեկ ժամ մագնիսացած պահեց հանդիսատեսին, որը շունչը պահած սպասում էր, թե ռեժիսորն է՞լ ինչ անակնկալ է մատուցելու: Աղախիններին մարմնավորած դերասանուհիներից (Ժաննա Հովակիմյան, Մարինա Եղիազարյան) այնպիսի~ էներգիա էր ճառագում, ասես իրենց սեւեռուն հայացքով նրանք յուրաքանչյուրին ասում էին, որ հենց նրա համար են խաղում ու նրա հոգու հետ:

«Աղախիններին» մասնակից էր նաեւ հանդիսատեսը. ներկայացումը սկսվեց նրանով, որ աղախինները համարյա բոլորիս բաժանեցին տիրուհու սիրեկանի մասին ծրարված մատնագրեր: Այնուհետեւ ընթացավ բուն ներկայացումը՝ կյանքի, կրքի, անցողիկ վայելքների ու տիեզերական հավերժության, ամենայն վեհի համեմատությամբ չնչին հյուլե մարդու մասին, որն ամեն ինչին նայում է թաքուն երազների, չբավարարված նեղ անձնական շահերի, «մահճակալի» ու մարմնական հաճույքների տեսանկյունից: Վերջիններս ներկայացման մեջ երբեմն-երբեմն սատանայի կերպ էին ընդունում (Արթուր Սուքիասյան): «Աղախիններն» ավարտվում է՝ «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով առաջնորդվող մարդու մարմնական սիրո արդյունքում՝ վայելքի գագաթին հայտնվելով, իսկ ավելի ուշ՝ նույնքան էլ խորը նրա վայրէջքով՝ դեպի ապականության ճահիճ: Մի խորհրդանշական տեսարան կա ներկայացման մեջ՝ այդ ճահճի ու անբարոյականության կեղտի շիթերը ցայտում են նաեւ հանդիսատեսի վրա. այսինքն՝ ասելիքն այն է, որ ապականությունը բոլորինն է, ու նույն հասարակության ներսում չի կարող լինել լիակատար մաքրություն, երբ կան «անմաքուր» անդամներ: Անշուշտ, ներկայացման հաջողության գրավականներից էին հետաքրքիր լուսային էֆեկտներն ու ճիշտ ընտրված երաժշտությունը:

Մեզանում, երբ զավակները գնում են հայրերի ճանապարհով, հաճախ ընդօրինակում են նրանց, կամ ծնողներն են ջանում առաջ «բրթել» իրենց երեխաներին: Թերեւս, նույնը չի կարելի ասել Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի որդու՝ Սուրենի պարագայում: Վերջինս ոչ միայն առանձնանում է իր ուրույն ձեռագրով, այլեւ թատերարվեստում հետաքրքիր իմպրովիզներ անելու շնորհքով: Ասվածի արտահայտությունն է «Աղախինները» անտեքստ ներկայացումը, որտեղ դիմախաղն ու շարժումներն ավելին էին ասում: Ի դեպ, այստեղ ներկայացման հետ քիչ թե շատ կապ ունեցող ցանկացած առարկա տարբեր կիրառությունների դեպքում վերածվում է հետաքրքիր դեկորի, ինչպես սեւ ժապավենները, մահճակալի տարբեր մասերը, դերասանուհիների հագուստի բաղադրիչները եւ այլն… Նաեւ չկա որեւէ ավելորդ շարժում կամ դադար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել