Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Հունիս 14,2008 00:00

Պլիսեցկայան՝ օպերային թատրոնում

\"\"Երանի Ազգային օպերային թատրոնը մարդաշատ լիներ այնպես, ինչպես երեկ էր, երբ հյուրընկալում էին լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայային: Մեծանուն արվեստագետին ծափողջույններով դիմավորեցին ոչ միայն թատրոնի կոլեկտիվն ու Երեւանի պարարվեստի ուսումնարանի սաները, այլեւ երկրպագուները: Տեսնելով պարուհու հատկապես ջերմ վերաբերմունքը բալետի ճանաչված արտիստ Վիլեն Գալստյանի հանդեպ, «Առավոտը» ռեպլիկ նետեց, թե օրեր առաջ տիկին Պլիսեցկայան այդպես էլ չմտաբերեց բալետի ոչ մի հայ ճանաչված արտիստի անուն, ինչին պարուհին արձագանքեց. «Ինչպես կարելի է Վիլենին չմտաբերել: Հիշում եմ, երբ 1961-ին Մեծ թատրոնում Չանգան բեմադրում էր «Սպարտակը», բալետային արվեստի աստղ Վասիլեւը խորեոգրաֆին խորհուրդ տվեց Սպարտակի համար փորձել Վիլենին (Վ. Գալստյանը Մեծ թատրոնում աշխատել է 15 տարի), որն էլ իր կեցվածքով, Սպարտակին հարիր առնականությամբ, բնականաբար, պարողի իր տեխնիկայով սկզբում գերեց նախ Չանգային, հետո էլ՝ հանդիսատեսին»: Հարցին, թե ինչո՞ւ դուք Վ. Գալստյանի հետ այդպես էլ հանդես չեկաք «Սպարտակում» Էգինայի դերապարով, Մ. Պլիսեցկայան պատասխանեց, որ այն տարիներին, չգիտես ինչու, պարուհիները կարճահասակ էին. «Իսկ իմ ընդամենը 165 սմ հասակը բարձր էր համարվում եւ ես զուտ այդ պատճառով չհամապատասխանեցի Վիլենին»: Հետաքրքրվեցինք, թե Շչեդրինի «Աննա Կարենինա» բալետը, որ բեմադրել է Պլիսեցկայան՝ Հելսինկիում, Վիլնյուսում եւ այլուր, ինչո՞ւ չփորձել իրականացնել նաեւ Երեւանում: Միջամտելով, օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը հայտնեց, որ նման առաջարկ ինքն արդեն արել է: Պլիսեցկայան էլ պատասխանելով մեզ, ասաց. «Ճիշտ է, առաջարկն արվել է, բայց միայն բանավոր»:

Մերոնք՝ գովազդի փառատոնում

\"\"Վերջերս Կիեւում կայացած Գովազդի միջազգային 9-րդ փառատոնին 15 երկրների թվում՝ Իսրայել, Սլովենիա, Սերբիա, Էստոնիա, Նիդեռլանդներ եւ այլն, մասնակցում էր նաեւ Հայաստանը: Ինչպես «Առավոտին» հայտնեց «Անտարես» մեդիա-հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը մասնակցել է ժյուրիի աշխատանքներին, «աշխատում էր երկու ժյուրի, մեկը՝ գլխավոր, մյուսը՝ մեծ: Մեծ ժյուրին բաղկացած էր 48 անդամից, որից 5-ը Հայաստանից էր, այդ թվում՝ նաեւ ես, իսկ գլխավոր ժյուրիի անդամները աշխարհի տարբեր ծայրերից քվեարկում էին SMS-ներով: Նշեմ, որ ներկայացված գործերի քանակով (29 աշխատանք) Հայաստանը զբաղեցնում էր 5-րդ տեղը, սակայն մրցանակային տեղեր այս անգամ չգրավեցինք, թեեւ 5 աշխատանք ընդգրկվեց համաշխարհային գովազդում՝ հայտնի հեղինակային «Շորտ լիստում»: Ի դեպ, հայաստանցի ժյուրիի անդամներս սահմանել էինք հատուկ մրցանակ՝ «Ազգային կոլորիտը գովազդում», որը շնորհեցինք ռուսաստանյան «Մելեխով եւ Ֆիլյուրին» հայտնի գովազդային ընկերությանը»: Պարոն Մարտիրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանից իրենց աշխատանքներն էին ուղարկել 11 կազմակերպություններ, այդ թվում՝ «Շարմը», «Պրինտինֆոն», «Տրեադան», «Ռադիո Վանը» եւ ուրիշներ: Իսկ Կիեւ էին եկել հայաստանյան հետեւյալ կազմակերպությունները՝ «Պարադիզը», «Մեդիա գրուպը», «Մարիամ Ֆայնբերգը» եւ «Անտարեսը»:

Փակումը՝ «Կադանսով»

\"\"Վաղը Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում «Կադանս» անսամբլի (ղեկավար՝ Արմեն Բաբախանյան) ելույթով կավարտվի շուրջ երկու ամիս առաջ մեկնարկած «Ազգային պատկերասրահ» չորրորդ միջազգային փառատոնը: Այն այս տարի յուրովի ներկայացավ ունկնդիրներին: Նախ ավելացված էր համերգաշարը (9 համերգ), ներկայացված էին Հայաստանի պետական (ղեկավար՝ Ա. Ղարաբեկյան), «Նարեկացի» (ղեկավար՝ Ա. Թալալյան) կամերային նվագախմբերը, Պետական մենակատարների անսամբլը (ղեկավար՝ Զ. Վարդանյան), հրավիրված էին ճանաչված երաժիշտներ արտերկրից՝ թավջութակահարներ Ալ. Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Մ. Հախնազարյանը (Շվեյցարիա), առաջին անգամ հայ ունկնդրին ներկայացավ սաքսոֆոնահարների հանրահայտ «Ալիաջ» կվինտետը եւ այլն: Համերգաշարերին որպես մենակատար գործիքներ ներկայացվեցին ֆագոտը, շեփորը, սաքսոֆոնը, ակորդեոնը, բանդենեոն, որոնց այդքան էլ հաճախ չենք հանդիպում Հայաստանի մշակութային կյանքում:

«Առավոտը» «Ազգային պատկերասրահ» փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանից եւ Գարիկ Նազարյանից հետաքրքրվեց՝ այս տարի կշարունակվի՞ 2007-ին իրենց հիմնադրած մյուս՝ «Վերադարձի փառատոնը»: Նրանք տեղեկացրին, որ այն կանցկացվի սեպտեմբերին եւ արդեն մասնակցությանն իրենց համաձայնությունն են տվել աշխարհահռչակ արվեստագետներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել