Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանի խուզարկություն չի եղել

Հունիս 14,2008 00:00

Ուզում եմ անդրադառնալ «Առավոտ» օրաթերթում 17.05.2008-ի «Ո՞վ է վավերացրել կեղծ կտակը» հրապարակման մեջ տեղ

գտած սխալ տեղեկատվությանը:

2005 թվականին Վանաձորի բնակիչ Կառլեն Թորոսյանը, զբաղվելով անշարժ գույքի առուվաճառքի միջնորդությամբ, համակարգչի օգնությամբ պատրաստել էր կեղծ լիազորագրեր եւ դրանք հանձնելով պատվիրող քաղաքացիներին՝ ուղարկել էր «Վանաձոր» նոտարական գրասենյակ՝ գործարքներ կատարելու։ Այդպիսի գործարքներ կատարել էինք Վանաձորի երեք նոտարներս, առանց կասկածելու դրանց օրինականությանը, քանզի լիազորագրերը պատրաստված էին որակով եւ անզեն աչքով դա հնարավոր չէր բացահայտել (կատարված փորձաքննության պատասխանը)։ Կառլեն Թորոսյանը ունեցել է օրինական, սակայն ժամկետանց լիազորագրեր, որոնց հիման վրա էլ պատրաստվել են կեղծ լիազորագրեր։ Փաստի առթիվ ԱԱԾ-ում Կառլեն Թորոսյանի նկատմամբ գործ էր հարուցվել:

Թերթում նշված այն խեղաթյուրված փաստը, որ իբր 1999-ին այրվել էր իմ արխիվը, չի համապատասխանում իրականությանը։ Ճիշտ է՝ այդ ժամանակ անհայտ անձինք ներխուժել եւ թալանել էին ՀՀ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող բոլոր առեւտրի տնակները, այդ թվում՝ նաեւ իմ տնակը, որտեղ ժամանակավորապես ես իրականացնում էի իմ մասնագիտական գործունեությունը, սակայն այրել էին իմ աշխատասեղանին եղած լրագրերը՝ լույս չլինելու պատճառով, իսկ արխիվը մնացել է անվնաս։

Քանի որ լրագրող Թ. Ասատրյանի նախաձեռնությամբ ԱԱԾ֊ն պատրաստվում էր ստուգել իմ գործերը, ես դրանք հերթական համարներով դասավորել էի արկղերում՝ պահանջելու դեպքում պատշաճ ներկայացնելու համար, համոզված լինելով, որ դրանք բացառապես օրինական են: Ի դեպ, այդ գործարքներից եւ ոչ մեկը դեռեւս չի վիճարկվել։ ՀՀ ԱԱԾ֊ն էլ հարկ չհամարեց ստուգել իմ գործերը, քանզի նրանց հետաքրքրում էր խարդախության փաստը։ Երբ ես դատախազության քննիչի հետ ԱԱԾ էի գնացել առերեսման, ուր գտնվել ենք մինչեւ երեկոյան ժամը 23.30֊ը, Թ. Ասատրյանի հետ եկած անձինք կոտրել էին գրասենյակի դուռը եւ գողացել արկղերը, որպեսզի ես չկարողանամ ապացուցել դրանցում պահվող գործարքների օրինականությունը:

Այժմ՝ Կ. Թորոսյանի կողմից պատրաստված կեղծ կտակի մասին։ Թե ինչ է կատարել Կ. Թորոսյանը, թողնենք իրավապահ մարմիններին, կարող եմ փաստել միայն, որ այն որեւէ կապ չունի ոչ իմ եւ ոչ էլ «Վանաձոր» նոտարական գրասենյակի հետ։ «Վանաձոր» նոտարական գրասենյակում այդ կտակով ոչ մի գործարք չի կատարվել։ Պարզաբանեմ՝ հանգուցյալ գործընկերոջս՝ Ս. Վերանյանի արխիվը պահվել է ոչ թե նոտարական գրասենյակում, այլ իր կողմից վարձած տարածքում։ Դեպքից հետո նոտարի արխիվը տեղափոխվել է նոտարական գրասենյակ, այն եղել է փակի տակ եւ ոչ մեկին հասանելի չի եղել։ Փոխարինող նոտարը այն հանձնել է քաղաքային արխիվ՝ բոլոր գրանցամատյանների հետ միասին։ Հետագայում գրանցամատյանները հետ են պահանջվել։ Սակայն մի նրբություն. կտակները, գործող կարգի համաձայն, պահվում են նոտարական գրասենյակում, յուրաքանչյուր տարին առանձին թղթապանակի մեջ։ Ինչպես պատահեց, որ այդ մի կտակը հայտնվեց արխիվում եւ ահռելի ծավալ ունեցող փաստաթղթերի միջից (1990-ից մինչեւ 2007թ.) գտնվեց եւ հանձնվեց դիմողին։ Եթե կտակը գրանցվեր նոտարական գրասենյակում եւ հասանելի լիներ որեւէ աշխատակցի, ապա այն կդրվեր համապատասխան թղթապանակի մեջ։ Կտակի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունեմ, գործի քննությանը հետամուտ չեմ եղել, համոզված լինելով, որ դա որեւէ առնչություն չունի գրասենյակի եւ մասնավորապես ինձ հետ:

Վերոնշյալ հոդվածի վերջում հեղինակը նշել է, իբր, երբ հոդվածը պատրաստ էր տպագրության, «Առավոտի» աղբյուրը տեղեկացրել է, որ Վանաձորի իրավապահները խուզարկել են իմ՝ Արուսյակ Ազարյանիս բնակարանը եւ իբր թե ԱՆ-ում իմ դեմ մեծ գործ է բացվել։ Նախ ասեմ, որ իմ բնակարանը երբեք չի խուզարկվել, իսկ ինչ է նշանակում մեծ գործ է բացվել նախարարությունում, հուշեմ՝ նախարարությունում գործ չեն բացում եւ այնտեղ հենց առաջին իսկ կեղծիքի հայտնաբերման դեպքում ոչ երկարամյա աշխատանքային ստաժն է հաշվի առնվում, ոչ էլ նոտարի մեղքի աստիճանը: Իսկ երեսուներկու տարվա աշխատանքային կենսագրությանս մեջ իմ կողմից վավերացված ոչ մի գործարք դատարանի կողմից անվավեր չի ճանաչվել:

Վստահ հայտարարում եմ, որ նշված հոդվածում տեղ գտած բոլոր տվյալները սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել