Ըստ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների, դատախազը խայտառակում է երկիրը
Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Հայաստանի քաղաքական զարգացումների, իշխանությունների անհեռատես գործողությունների ու երկրի մեկուսացման վտանգի շուրջ իրենց մտահոգությունները հայտնելիս՝ «Ժառանգության» անդամներ Անահիտ Բախշյանը, Վարդան Խաչատրյանն ու Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեցին, որ մարտիմեկյան ողբերգությունը չի բացահայտվի այնքան ժամանակ, քանի դեռ դատախազի աթոռին անշարժ նստած է իշխանությունների պատվերը կատարող Աղվան Հովսեփյանը: Նրանք դատախազին մեկ անգամ եւս հիշեցրին մարտի 4-ին Ազգային ժողովում իր իսկ տված խոստումն այն մասին, որ եթե պարզվի մարտի մեկի զոհերի թիվը անցել է ութից, ապա ինքը հրաժարական կտա: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը դա մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Տղամարդավարի ասել է, թող հրաժարական տա, դա մենք չենք հայտնաբերել, ողջ հասարակությունը գիտի, որ եղել է տասը զոհ: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մեջ բարձրացվեցին շատ լուրջ հարցեր՝ կապված մարտի մեկի ողբերգության հետ, հարցեր, որոնց պատասխանը հենց դատախազության գործունեության շրջանակում է, եւ ամբողջ հասարակությունը տեսավ, թե ինչպիսի առարկություններ բերեց դատախազը այդ «ինչուների» վերաբերյալ, այսինքն՝ ինքը այդ «ինչուներին» չի պատրաստվում գործով պատասխանել, դա նշանակում է հույսը դնել այն բանի վրա, որ դատախազը կբացահայտի մարտի 1-ի իրադարձությունները, թեկուզեւ Ազգային ժողովում կազմակերպված հանձնաժողովի միջոցով, սին է: Մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու համար առաջին հերթին դատախազը պետք է հրաժարական տա, որից հետո փորձեն քանդել այդ գործը՝ ո՞վ տվեց հրաման սպանելու, ինչպե՞ս եղավ, որ սպանվեցին այդ մարդիկ»,- պնդեց պատգամավորը:
Վարդան Խաչատրյանն իր հերթին կասկած հայտնեց դատախազի՝ վերջերս Ազգային ժողովին տված այն խոստման վերաբերյալ, թե կներկայացնի կադրեր, որոնք պարզորոշ ցույց կտան, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանները տեղազննություն անցկացնելու նպատակով Օպերայում գտնվող անձանցից բարձրախոսով պահանջել են ցրվել: «Մենք այդպիսի կադրեր առ այսօր չենք տեսել եւ չենք էլ տեսնի, որովհետեւ մեր անցկացրած բոլոր տեսակի հարցումները ապացուցեցին, որ համանման նախազգուշացում չի եղել: Սրանից բացի, մեզ խստագույնս անհանգստացրեց այն, որ դատախազը հայտարարեց, որ իրենք կասեցրել են որոշ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, քանի որ ձերբակալված պատգամավորների սեփականությունը կարող է լինել նաեւ իրենց զոքանչի, ընկերոջ, բարեկամի անունով: Մենք համարում ենք, որ սա բառի բուն իմաստով, ինչպես ասում են, ոչ մի դարպասը չմտնող խոսակցություն է: Եթե մենք ապրում ենք իրավական պետության մեջ, ապա ո՞վ կարող է իրեն թույլ տալ կամայական որոշումներով կասեցնել տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, որոնք ապացուցված չէ, որ կապ ունեն տվյալ անձանց հետ»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Զարուհի Փոստանջյանը դատախազի կամակատար լինելը տեսավ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի շուրջ նրա անտեղի, անօրինական առարկություններ ներկայացնելիս: «Դատախազը, չգիտես ում պատվերով, դուրս գալով իր լիազորություններից, փորձում է հերքել մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը: Եթե դատախազությունը այդպես վրդովված էր եւ ասելիք ուներ մարդու իրավունքների պաշտպանին, ապա կարող էր հանդես գալ զեկույցից գոնե մեկ շաբաթ հետո, եթե մենք այդ ժամանակագրությանը նայում ենք, հստակ հասկանում ենք, որ նա կատարել է պատվեր եւ փորձում էր այդ պատվերով ինչ-որ մեկին պաշտպանել, որը նրան չհաջողվեց: Այս պահին իշխանությունները ինչքան քիչ խոսեն, ինչքան քիչ կտրուկ քայլեր ձեռնարկեն, էդքան իրենց օգուտն է, այլապես դրանով իրենց թուլությունը, խոցելիությունը, իրենց սխալները մատուցում են լայն հանրությանը»,- առաջարկեց Զարուհի Փոստանջյանը: «Ժառանգության» անդամների համոզմամբ՝ ներքաղաքական ներկայիս լարվածության մեջ դարձյալ դերակատարություն ունի հեռացած նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Թեեւ նա հեռացել է, բայց ուրվականը պտտվում է»,- կատակեց Անահիտ Բախշյանը: