Ջրային փոխադրամիջոցը էկոլոգիապես մաքուր է ու մատչելի
Հաշվի առնելով, որ Հայաստանը հարուստ է գետերով, կարծիք կա, որ մեր երկրի գետերը կարելի է դարձնել երթեւեկելի: Ավտոմայրուղուն ու երկաթուղուն զուգահեռ, կաշխատեն նաեւ էկոլոգիապես մաքուր ու գրեթե ծախսեր չպահանջող ջրային փոխադրամիջոցները: Ամենապարզ հաշվարկներով, կողմնակի եկամուտներից զրկված մեր բյուջեն տարեկան միջինը միլիոնից անցնող հավելյալ դրամի մաքուր շահույթ կստանա՝ գետային փոխադրամիջոցին զարկ տալով: Բացի այդ, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Այսօր հանրապետության մի շարք համայնքներում արդեն չեն գործում էժան փոխադրամիջոց հանդիսացող էլեկտրագնացքն ու ավտոբուսները: Օրինակ, լոռեցիներն անհասկանալի պատճառներով զրկվել են Ալավերդի-Երեւան ավտոբուսից:
Անդրադառնալով ներհանրապետական գետերը երթեւեկելի դարձնելուն, նշենք, որ մեր գետերից մի քանի անգամ սակավաջուր աֆրիկյան եւ ասիական ծանծաղ առուներում հնարամիտ տեղաբնակները, բամբուկե թեթեւ նավակները ջրային շահեկան բիզնեսի վերածած, տարեկան հսկայական եկամուտներ ապահովելուց զատ, գետերով բեռնափոխադրումներ են իրականացնում եւ ամենակարեւորը՝ տուրիզմն են զարգացնում:
Ուսումնասիրելով Դեբեդ գետի կառուցվածքը, տեսնում ենք, որ մինչեւ Բագրատաշեն՝ գետը սահանքային է: Դեբեդի կանիոնի խորությունը «Թումանյան» կայարանի մոտ հասնում է ավելի քան 350 մետրի: Պարզ է, որքան իջնում՝ կանիոնային մակերեւույթը ավելի է ընդլայնվում ու խորանում: Շուրջ 178 կմ երկարությամբ ձգվող այս գետը, որի 152 կմ-ը Հայաստանի հյուսիսով է անցնում, ունի նաեւ անանցանելի տեղանքներ, քարաբեկորներ, տեղ-տեղ աճած ծառերի խոչընդոտ: Սակայն այդ դժվարությունները լուծելի են: Կհանվեն ծառերը, գետափի երկայնքով ամբարձիչներով կշարվեն քարաբեկորներ, որոնք էլ կդառնան երթեւեկությանը նպաստող քարապատնեշներ եւ ամենաէականը՝ մակերեսային տեղանքներում հորատման, խորացման, երթեւեկության ապահովման աշխատանքներ կիրագործվեն: Նման օրինակները բազում են. գետափնյա այգետերերը այս կերպ խորացրել են այգամերձ մակերեւույթը՝ հողը փրկելով ողողումներից:
Իսկ ինչպիսի՞ տրանսպորտ կգործարկվի Դեբեդ, Քասախ, Հրազդան, Թարթառ, Որոտան գետերի շահագործման ժամանակ: Նորագույն հարթատակ մոտորանավակները լիիրավ համապատասխանում են ոչ խոր մակընթացություն ունեցող գետերը շահագործելու համար եւ բավականին շահութաբեր են:
Ցանկացողները մատչելի վարձով կտեղափոխվեն հանդիպակաց ափ, ինչը մինչ օրս մեծ խնդիր է: Միայն Ալավերդու գետային ավազանում տարեկան խեղդվում է 5-8 մարդ: