Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹԱՇԵՆԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ

Հունիս 14,2008 00:00

Երեւանի կենտրոնում գտնվող հողատարածքները «մեջ-մեջ» անելուց հետո օլիգարխներն ու պաշտոնյաներն իրենց զվարճանքի օբյեկտների ու տների համար իրենցով են անում քաղաքի ծայրամասում գտնվող տարածքները:

\"\"Այստեղ զվարճանքի օբյեկտ է կառուցվում տարածքի միակ այգու հաշվին:

\"\"Արտակարգ իրավիճակի դեպքում հրշեջ մեքենան չի կարող մոտենալ Դավիթաշենի թիվ 27 շենքին:

\"\"Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հսկայական փոս է փորել եւ ապօրինի «Երեւան Սիթի» է կառուցում:

Այսօր մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի հնարավոր ու անհնարին հատվածներում կառուցապատում է իրականացվում, իսկ առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան 21-ն աշխատող բուլդոզերների ու պայթուցիչների ձայները դավիթաշենցիների մի մասի կյանքն իսկական մղձավանջի են վերածել: Արդեն քանի ամիս է, ինչ համայնքի 4-րդ թաղամասի թիվ 17, 20 եւ 21 շենքերի հարեւանությամբ գտնվող այգիներից մեկը վերածվել է շինհրապարակի: Շինարարական փոշուց պաշտպանվելու եւ դղրդոցներից չխլանալու համար հարակից շենքերի բնակիչները ստիպված են ամառվա շոգին ամուր փակել իրենց դուռ-պատուհանները:

Բնակիչների խոսքերով, այդ տարածքը թաղամասում բնակվողների հանգստի ու զբոսանքի միակ վայրն է եղել: Նրանք «Աոավոտի» հետ զրույցում պատմում էին, որ կառուցվելիք օբյեկտի հիմքը փորելու համար շինարարները տասնյակ հաստաբուն ծառեր են արմատախիլ արել: Թիվ 21 շենքի բնակիչներից մեկն ասաց. «Շատ ենք վիրավորված, որովհետեւ այդ ծառերը մեր երեխաների նման ենք խնամել, նույնիսկ տոպրակներով ջուր ենք տարել ու նորատունկ ծառերի տակ լցրել»: Ընդ որում, ըստ բնակիչների, իրենց բարբարոսական արարքն արդարացնելու համար շինարարները նախապես խորամանկ քայլի են դիմել. շինարարությունն սկսելուց մի քանի ամիս առաջ՝ ձմռանը, կեղեւահան են արել ու քերել հաստաբուն ծառերի բները, իսկ գարնանն արդեն այդ ծառերը չեն կանաչել, քանի որ չորացած ու ցրտահարված են եղել: Բնակիչները պատմում էին նաեւ, որ մի քանի ամիս առաջ բուլդոզերներով ու հատուկ պայթուցիչներով մի հսկայական փոս էին փորել, բայց կառուցապատողները՝ պարզելով, որ այդ փոսը կառուցվող օբյեկտի համար հարմար հիմք չէ՝ նորից փորած հողը իրենց ձեռքով լցրել են փոսն ու հիմա կողքին մի նորն են փորում: Երբ փորձեցինք Դավիթաշենի թաղապետարանից ճշտել, թե ո՞ր պաշտոնյայի «թեթեւ ձեռքով» է կործանվել հսկայական այգին, պարզվեց, որ համայնքի թաղապետ Արթուր Գեւորգյանն ընդհանրապես տեղեկություն չունի: Իսկ մեր տեղեկություններով, մոտ 1500 քմ մակերեսով հասարակական օբյեկտի կառուցումը նախաձեռնել է ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանը:

Արդեն նախկին այգուց ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ թիվ 27 շենքին կից էլ, դավիթաշենցիների հավաստմամբ, իր իսկ սուպերմարկետի հարեւանությամբ եռահարկ հասարակական օբյեկտ է կառուցում ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Բանն այն է, որ օբյեկտը կառուցվում է անմիջապես շենքին կպած, եւ փողոց դուրս գալու համար բնակիչներին ու ավտոմեքենաներին ընդամենը 2-3 մետր հատված է մնում: Շինարարության գծով փոխտնօրեն Արթուր Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքը մեծ ուրախությամբ կապրեր հենց այդ թիվ 27 շենքում, քանի որ չորս կողմը բարեկարգվելու է, մայթերը գեղեցկանալու եւ լուսավորվելու են: Ըստ նրա, բնակիչների բողոքը պարզապես «չուզողության» հարց է:

Ուշագրավ է նաեւ այն, որ նույն համայնքում ապօրինի կերպով, առանց շինթույլտվության իրավունքի, հենց թաղապետարանի «քթի տակ» հսկայական խանութի շինարարություն է ծավալել «Երեւան Սիթի» խանութների ցանցի սեփականատեր, ԱԺ մեկ այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Իր ղեկավարած համայնքի շինարարական աշխույժ առօրյայի մասին Դավիթաշենի նորընտիր թաղապետ Արթուր Գեւորգյանը շատ բարձր կարծիք ուներ: Նրա խոսքերով. «Մարդիկ հաճախ են դժգոհում, առանց հասկանալու՝ ինչի դեմ եւ ինչի համար: Շինարարական բոլոր նորմերը պահպանվում եւ մեր կողմից անընդհատ վերահսկվում են, իսկ իմ ընտրվելուց հետո նույնիսկ մեկ հատ ավտոտնակ ապօրինի չի լինելու»: Ըստ թաղապետի, բնակիչների ներկայացրած փարթամ զբոսայգին ընդամենը խոշոր հողատարածք է եղել, իսկ հաստաբուն ծառերի փոխարեն էլ փոքր թփեր կամ անմշակ ծառեր են եղել: Ա. Գեւորգյանի մեկնաբանմամբ. «Եթե կառուցվող օբյեկտը չի փակում շենքերի անվտանգության մուտքերը եւ պատուհանները, ապա ի՞նչ է նշանակում բնակիչների բողոքի ձայնը»: Ինչ վերաբերում է Ս. Ալեքսանյանի ապօրինի կառուցապատմանը, ապա թաղապետը տեղեկացրեց, որ շինարարությունը դադարեցվել է, նշանակվել է 200 հազար դրամի չափով տուգանք, մինչեւ սեփականատերը օրինական թույլտվություն ձեռք կբերի, հակառակ դեպքում այն, ինչ կառուցվել է ամիսներ շարունակ՝ հողին կհավասարեցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել