Քաղաքական ուժերն արձագանքում են «աքսորի» առաջարկին
Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը՝ մի քանի հոգու աքսորելու մասին, առնվազն տարակուսանքի մեջ գցեց նրա գրեթե բոլոր գործընկերներին: Սակայն հարցազրույցի հաջորդ օրը պրն Աղաբաբյանը, ի պատիվ իրեն, չսկսեց պնդել, թե «իրեն սխալ են հասկացել», «իր խոսքերը խեղաթյուրել են» եւ այլն, ինչպես դա սովորաբար անում է քաղաքական գործիչների մեծ մասը: Նա ակնհայտորեն չէր փոշմանել, որ նման բաներ է ասել, եւ դեռ «Առավոտի» թղթակցին էլ, իր ասելով, «կատակով» սպառնաց. «Քեզ էլ է պետք աքսորել»: Եվ քանի դեռ աքսորված չեմ, գրի առա մի խումբ պատգամավորների կարծիքը՝ ընդհանրապես երկրից մարդկանց աքսորելու հավանականության մասին:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, հակադարձելով իր կուսակցական ընկերոջը, ասաց. «Այդ ճանապարհով խնդիրներ չեն լուծվում, մենք 21-րդ դարում ենք ապրում, իսկ, ընդհանրապես, ես ենթադրում եմ, նա այդպես ասելով կատակ է արել»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեր հարցին պատասխանելով՝ կիսո՞ւմ է Աշոտ Աղաբաբյանի կարծիքը, որ պետք է մի քանի հոգու աքսորել, ասաց. «Առանց դատավճռի որեւէ մեկին նստացնելը, աքսորելը կամ որեւէ այլ պատժի ենթարկելը ես համարում եմ ժողովրդավարական հասարակության համար անընդունելի եւ անթույլատրելի»:
Ըստ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի, այդ կարգի հայտարարությունները արդյունք են նրան, որ ԱԺ ներկայիս կազմը չի համապատասխանում քաղաքական ուժերի՝ հասարակության մեջ առկա իրական համամասնությանը. «Ես անձամբ ճանաչել եմ Աշոտ Նավասարդյանին եւ այսօր տեսնում եմ, որ այն կուսակցությունը, որը իր զբաղեցրած դիրքով պետք է լիներ մեր առաջադեմ կուսակցությունը, այլ բան է անում, եւ մենք հասկանում ենք, որ մարդկանց մի կուսակցության մեջ միավորողը գաղափարը չէ: Սա խոսում է այն մասին, որ քաղաքակրթական առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք: Եվս մի վտանգ՝ եթե մենք մինչ այսօր, պատգամավորի մակարդակով, այդ կարգի բաներ ենք նկատում, ընդ որում՝ այդ Հանրապետական կոչվող կուսակցության մեջ, հասկանում ենք, որ խնդիրներ ունենք հայրենասիրության եւ ազգասիրության գաղափարի հետ: Սա ծայրահեղական այնպիսի կարծիք է, որը չի համապատասխանում այդ կուսակցական գաղափարախոսությանը»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս չի կիսում աքսորելու մասին հանրապետական պատգամավորի արտահայտած տեսակետը. «Ես գտնում եմ, որ դատական մարմինները անպայման կքննեն բոլոր կալանավորվածների հարցերը, եւ դատարանը կորոշի, թե ով ինչ չափով է մեղավոր, եւ այդ չափով պատասխան կտա»: