Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ 1609-Ը

Հունիս 14,2008 00:00

«Ժառանգությունը» հակառակ կարծիքի է եւ առաջարկում է մաքրել խարանը ու համաներում անելով՝ բաց թողնել կալանավորներին:

Եկող շաբաթվա առաջին օրերին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն Հայաստանում կփորձեն պարզել, թե իշխանությունները ինչպես են կատարել վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի պահանջները: Իրենց եզրակացությունը համազեկուցողները կներկայացնեն մոնիտորինգի հանձնաժողովի՝ հունիսի 23-ին կայանալիք նիստին, որտեղ որոշվելու է, թե արդյոք Հայաստանի հարցը հատուկ կարգով ընդգրկվելո՞ւ է հունիսի 23-ին սկսվող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի օրակարգում: «Առավոտը» փորձեց խորհրդարանական ուժերից ճշտել՝ իրենց կարծիքով՝ ո՞ր պահանջներն են կատարվել:

ԵԽԽՎ հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը վստահ է, որ երկու համազեկուցողներն էլ խիստ օբյեկտիվ են: Ըստ պարոն Հարությունյանի՝ «Բավականին դրական քայլեր կատարվել են, սակայն գնահատականը, թե այդ քայլերը բավարա՞ր են, որպեսզի հարցը քննարկման առարկա չդառնա, կարող է տրվել անաչառ անձի կողմից: Մի բանում վստահ եմ՝ երկու համազեկուցողներն էլ ունեցել են շատ մեծ քաղաքական փորձ, զբաղեցրել են շատ պատասխանատու պաշտոններ, գիտեն, թե ինչ բան է պետությունը, եւ իրենց գնահատականը, վստահ եմ, լինելու է շատ անաչառ, այդ առումով մեր բախտը բերել է»: Ասաց նաեւ, որ եթե անգամ համազեկուցողները համարեն, որ ԽՎ-ում Հայաստանի հարցի արտահերթ քննարկում պետք չէ, դա չի նշանակելու, որ Հայաստանի հարցը այդպիսով կփակվի, ուղղակի կլինի լրացուցիչ ժամանակահատված, որի ընթացքում դիտորդները շարունակելու են հետեւել մեր երկրում կատարվող անցուդարձին:

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցի կարծիքով՝ կարեւոր չէ, թե որ չափով կկատարվեն բանաձեւի պահանջները, կարեւոր է, որ մենք մեր երկրի ներսում կարողանանք համոզվել, որ իրավիճակը փոխվել է. «Բայց միանշանակ, է որ այստեղ աշխատանքներ են տարվում՝ թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, բոլոր հնարավոր միջոցներով, մեկ բան էլ՝ 1609 բանաձեւը եւ նրանում ներկայացված պահանջները ինձ համար ոչինչ են, եթե մենք չկարգավորենք մեր ներքին հարցերը: Մենք կարող ենք իմիտացիա անել, կարող ենք ստեղծել ինչ-որ կարծիք, որ 1609 բանաձեւի պահանջները կատարում ենք, ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից չզրկվենք (ի դեպ, զրկվելը ես գնահատում եմ որպես շատ վատ դեպք), բայց ներքին իրավիճակը չկարգավորենք»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ «Բավական մարդու արդեն բաց են թողել, եւ բանաձեւի առաջարկությունները բավականին ակտիվ կատարվում են, մասնավորապես մի շարք առաջարկներ օրենսդրական տեսք են ստացել»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համարում է, որ ԵԽԽՎ բանաձեւում տեղ են գտել բոլոր այն առաջարկությունները, որոնք շատ ավելի վաղ արծարծվել էին կոալիցիոն ծրագրում: Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ հունիսի 23-27-ը անցկացվող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանը չի զրկվի ձայնի իրավունքից. «Մարդիկ ուղղակի փորձել են իրենց կողմից որպես պահանջ ներկայացնել այն, ինչ մենք արդեն վերցրել ենք մեզ վրա՝ պարտավորվելով դա անել: Ուստի ես չեմ ուզում խոսել 1609 բանաձեւի պահանջների կատարման մասին, ինձ շատ ավելի հետաքրքրում է կոալիցիոն համաձայնագրի մեջ գրված պահանջների կատարումը»: Ասաց նաեւ, որ կոալիցիոն համաձայնագրի մեջ ամրագրված պահանջները իրավիճակային չեն եւ «մեկ գիշերվա մեջ» չեն կարող կատարվել: Ըստ ՀՀ նախագահի նախկին թեկնածուի՝ «Գործընթացն սկսված է, եւ կոալիցիոն հուշագրում ամրագրված բարեփոխումները նաեւ համահունչ են 1609 բանաձեւի պահանջներին, եւ չեմ կարծում, որ ամենամանրակրկիտ եւ շահագրգիռ քննարկումը այդ միջազգային ատյանում կարող է Հայաստանին դուրս դնել, ձայնի իրավունքից զրկել կամ նմանօրինակ սանկցիաների առաջ կանգնեցնել»:

Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ի դեպ, նա նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության միակ ընդդիմադիր պատգամավորն է, վստահ է, որ խորհրդարանական ընդդիմությունն ամեն ինչ արել է բանաձեւի առաջարկությունների կատարման ուղղությամբ, սակայն նույնը չասաց խորհրդարանական մեծամասնության մասին: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվելու վտանգը Հայաստանի համար երկրորդական է, գլխավորը, ըստ «Ժառանգության» ղեկավարի՝ հասարակության մեջ, երկրում առկա խնդիրների լուծումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել