Ի տարբերություն Մայա Պլիսեցկայայի, Անդրեյ Պետրովը հիշեց բալետային արվեստի ճանաչված գործիչներ Մաքսիմ Մարտիրոսյանին, Մարկ Մնացականյանին եւ Վիլեն Գալստյանին:
Երեկ Ռուսաստանի օրվա առիթով Հայաստանում առաջին անգամ մեկ գալա-համերգով դասական արվեստի երկրպագուները հնարավորություն ունեցան դիտելու «Կրեմլյովսկի բալետ» թատրոնի արտիստներին: Ներկայացնելով հատվածներ Չայկովսկու «Կարապի լիճ», «Շչելկունչիկ», «Քնած գեղեցկուհի», Պունիի «Էսմերալդա», «Դիմակահանդես Վենետիկում», Մինկուսի «Դոն Կիխոտ» եւ համաշխարհային այլ բալետներից ու պարային բեմադրություններ, իրենց արվեստով փայլեցին ռուսական բալետի աստղեր Նատալյա Բալախնիչեւան, Այդար Շայդուլինը, Ինեսա Բիքբուլատովան, Ալիյա Խասենովան, Միխայիլ Մարտինյուկը եւ այլք: Համերգի վայրը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնը, միանշանակ ճիշտ չէր ընտրված: Մասամբ համակարծիք լինելով ասվածին, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն «Առավոտին» ասաց. «Իհարկե, «Կրեմլյովսկի բալետը» պետք է ելույթ ունենար Ազգային օպերային թատրոնի բեմում, սակայն, ինչպես հայտնի է, այս օրերին այնտեղ նախատեսված էր շախմատային մրցաշար: Մյուս կողմից, ռուսական բալետը այս անգամ ներկայացնում է հատվածներ բալետներից, ոչ թե ամբողջական ներկայացում: Նրանց հաջորդ հյուրախաղերի դեպքում ճիշտ կընտրվի բեմը»:
Նախօրեին «Կրեմլյովսկի բալետի» Հայաստան կատարած առաջին հյուրախաղի առիթով մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը մեզ ասել էր. «Այս միջոցառումը «ՀՀ մշակույթի նախարարության եւ ՌԴ մշակույթի ու կինեմատոգրաֆիայի գործակալության միջեւ մշակույթի բնագավառում 2006-08թթ. համագործակցության մասին» ծրագրի եւ Հայաստանի եւ Ռուսաստանի հիշյալ գերատեսչությունների միջեւ 2008թ. համագործակցության մասին հուշագրի շրջանակներում է»:
«Առավոտը» հանդիպեց «Կրեմլյովսկի բալետի» գեղարվեստական ղեկավար Անդրեյ Պետրովի հետ
: Մեր զրուցակիցը նախ նշեց, որ իր կողմից 1990թ. հիմնադրված թատրոնը այսօր առաջատար տեղ է գրավում Ռուսաստանի բալետային կոլեկտիվների շարքում եւ խաղացանկում ունի շուրջ 20 ներկայացում: Կոլեկտիվը հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի եւ Ամերիկայի մի շարք երկրներում՝ արժանանալով թատերական, մասնավորապես՝ բալետային քննադատների դրվատանքին: «Առավոտի» դիտարկմանը, թե վերջին շրջանում ժամանակակից, մոդեռն բալետային ներկայացումների նկատմամբ մեծ է հետաքրքրությունը, նկատվում է նաեւ դասական բալետային արվեստ շոուի էլեմենտների ներհոսք, պարոն Պետրովի տեսակետը հետեւյալն էր. «Իհարկե, Արեւմուտքում այսօր կան ոչ միայն ժամանակակից, մոդեռն բալետային խմբեր, այլ հիմնվել են նաեւ դպրոցներ, ինչը ես ողջունում եմ: Գաղտնիք չէ, որ մարդկային մարմինը ունակ է զարմացնել շարժումների իր պաշարով: Գուցե 21-րդ դարի կեսերին բալետային արվեստի համեմատաբար երիտասարդ այդ ուղղությունները կհասնեն կատարելության, որը խթան կհանդիսանա նաեւ դասական բալետի համար: Մեր խաղացանկում էլ, որտեղ գերիշխում են դասական ներկայացումները, այսօրվա պահանջներից ելնելով, իհարկե, ունենք նաեւ ժամանակակից բեմադրություններ, բայց, ինչպես ասվում է՝ չափի մեջ: Ինչ վերաբերում է շոու-բալետին, բացասական ոչինչ չեմ ուզում ասել, քանի որ այն մնում է հենց շոու-բիզնեսի շրջանակներում, ինչից մենք հեռու ենք»: Դիտարկմանն էլ, թե օրերս լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայան չհիշեց ոչ մի հայի անուն, որն իր ավանդն է ունեցել խորհրդային բալետային արվեստում, մինչդեռ 17 տարի Բալետի ռուսական ակադեմիան ղեկավարել է Մաքսիմ Մարտիրոսյանը, Ա. Պետրովը նշեց, որ ինքը ժամանակին աշխատել է ոչ միայն ճանաչված խորեոգրաֆներ Մ. Մարտիրոսյանի, այլեւ Մարկ Մնացականյանի հետ, իսկ հայ բալետի արտիստներից հիշատակեց միայն Վիլեն Գալստյանի անունը: