Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱՅԻՆՆԵՐԸ ՉԱՓՆ ԱՆՑԵԼ ԵՆ

Հունիս 13,2008 00:00

\"\"Այս քննական կենտրոնների «հարցերը կլուծվեն» համապատասխան վերլուծություններից հետո

Վերջերս ԿԳ արդեն նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի եւ մարզպետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգել էր ամեն ինչ անել, որպեսզի միասնական քննություններն անցնեն արդար եւ դրանց արդյունքները հասարակության շրջանում կասկածներ չհարուցեն: «Առավոտը» բազմաթիվ ահազանգեր է ստացել Գյումրիից, Արմավիրից, Արարատից, Կոտայքից ու այլ մարզերից, որ քննական կենտրոնների լիազորները, տեղական ներկայացուցիչները քննությունների ժամանակ, մեղմ ասած, չափն անցնում են:

«Առավոտի» հետ զրույցում ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը հաստատեց, որ իրենք էլ են նման տեղեկություններ ստացել, արդյունքում՝ ոմանց զրկել են իրենց լիազորություններից, նկատողություններ հայտարարել, իսկ հետագայում հատուկ ուսումնասիրություններ կանցկացվեն՝ հարցին ավելի մեծ հնչեղություն տալու համար. «Քննությունների ժամանակ լիազորների մի մասը ԳԹԿ ներկայացուցիչներն են, մի մասին ԿԳ նախարարությունն է երաշխավորում, մյուսներին՝ հ/կ-ները եւ այլն…: Կան ծանոթ-անծանոթներ, փորձված եւ անփորձ ներկայացուցիչներ: Մի մասը, չնայած ճնշումներին, շատ կոռեկտ է աշխատում: Կան ներկայացուցիչներ էլ, որոնք մեր հույսերը չարդարացրին: Ես շատ անուններ չեմ ուզում տալ, փաստեմ միայն, որ հրամանով փոխել ենք ոմանց: Օրինակ, Արմավիրի թիվ 6 քննական կենտրոնում ենք միջոցներ ձեռնարկել եւ փոխել տնօրենին ու ԳԹԿ ներկայացուցչին: Արմավիրի մյուս քննական կենտրոնում քննությունները լավ են անցել, բողոքներ չկան: Գորիսում էլ շատ ճնշումներ են եղել հատկապես առաջին՝ հայերենի քննության ժամանակ, հետո այդ մարդիկ զգացել են, որ անհնարին է ինչ-ինչ քայլեր անելը, մաթեմատիկայի ժամանակ դադարել են տարբեր լծակներ օգտագործելը: Վիճակը անհանգստացնող է հատկապես Գյումրիում, ուր, ասում են, խայտառակ բաներ են կատարվում, նույնիսկ տեղական հեռուստատեսությամբ են անդրադարձել: Բայց այնտեղ ունենք մի լավ ներկայացուցիչ, որը լավ էլ դիմակայում է այդ ամենին: Խոսքը տեղի թիվ 41 դպրոցում աշխատող Սաֆարյան Սերգեյի մասին է, որը տղամարդավարի եւ բարեխիղճ կատարում է իր ֆունկցիաները: Ինչպես արդեն նշեցի, ձեր թվարկած տարածքներում մի կոնտինգենտ կա, որ միջնորդի դեր է կատարում եւ բավականին լուրջ հույսեր էր փայփայում, որ ինչ-որ բաներ կանի, օգուտներ կստանա: Հիմա դրանք հանկարծակիի են եկել: Ցավով պիտի նշեմ, որ հասարակությունն էլ չի ուզում արդար քննություններ: Շատ ծնողներ, այսպես ասած, շառ անելու հատկություն ունեն, իրենց երեխայի կես բալը բարձրացնելու համար պատրաստ են ամենասարսափելի ստերն ասել»:

Երբ ԳԹԿ տնօրենը խոսեց Երեւանի թիվ 160 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի ղեկավարին ազատելու մասին, նրան ասացինք, որ, իհարկե, այդ մարդը մեղավոր էր իրավիճակը չկառավարելու համար, բայց չէ՞ որ պակաս ուղարկված թեստերի բուն մեղավորը ոչ թե քննական կենտրոնի ղեկավարն էր, այլ ԳԹԿ հանձնաժողովը, որը եւ կոմպլեկտավորում է իրականացրել: Մ. Մկրտչյանը համաձայնեց «Առավոտի» դիտարկման հետ՝ ասելով. «Հայերենի թեստերի կոմպլեկտավորող հանձնաժողովը աշխատել էր առավոտից մինչեւ գիշերվա 12-ը, մարդիկ հոգնել էին եւ կոմպլեկտավորման ժամանակ իսկապես թեստերի մի փաթեթ թյուրիմացաբար պակաս դրել: Ընդունում ենք, որ ԳԹԿ-ն է մեղավոր: Մյուս կողմից, մեղավոր լինեմ-չլինեմ, բոլորն ինձնից պիտի պատասխան պահանջեն, որովհետեւ գոյություն ունի ամեն ինչը նախապես հայտնաբերելու ձեւ: Ես պիտի ենթադրեի, որ հնարավոր է այդպիսի բան պատահեր, ու մի հոգու հատուկ նշանակեի, որ ստուգեին: Նույնիսկ ստուգողներին կարելի էր մի քանի ժամը մեկ փոխել, որ չհոգնեին ու վրիպումներ թույլ տային»:

ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից էլ հետաքրքրվեցինք բժշկի թուղթ ներկայացրած դիմորդ-շրջանավարտներով: Նրա ձեւակերպմամբ, այս տարի բժշկի թղթերը թույլատրելի սահմաններում են. «Հունիսի 20-ից ԳԹԿ-ն կսկսի հայտագրման նոր գործընթացը լրացուցիչ քննությունների համար, որից հետո նոր քննություն կհանձնեն ինչպես հարգելի բացակայողները, այնպես էլ զինծառայողները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել