Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏԵԽԶՆՆՈՒՄԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ

Հունիս 13,2008 00:00

\"\"Բնապահպանության նախարարությունը չի՞ հաշտվում իր կորուստների հետ

Այս տարվա հունվարի 1-ից տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն ու տեխնիկական միջոցների վերահսկողությունը Ճանապարհային ոստիկանությունից անցել է մասնավոր ընկերությունների: Այդ ընկերություններին լիցենզիան տրամադրում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը: ՀՀ իշխանությունների մեկնաբանմամբ, այդ ամենի նպատակը պետավտոտեսչությունում կոռուպցիան նվազեցնելն ու տեխզննությունն ավելի որակյալ ու մատչելի դարձնելն էր: Նկատենք, որ սույն որոշումից անցել է մոտ 6 ամիս, սակայն գործընթացը կատարող նոր մարմինը, մեղմ ասած, դեռ չի էլ ձեւավորվել: Այս ոլորտը մինչ օրս օրենսդրորեն ամբողջությամբ կարգավորված չէ: Մասնագետների ներկայացմամբ, չկան ոլորտը կարգավորող նոր օրենքներ, նորմատիվ ակտեր:

Թե ճանապարհային ոստիկանությունը տեխզննումը ինչ որակով էր անում՝ դա այլ հարց է: Սակայն մի բան պարզ է, որ տարիների ընթացքում պետավտոտեսչությունը ձեւավորել էր տեխնիկական սարքավորումներ, հատկացրել էր տարածք, պատրաստել էր մասնագետներ, որոնց միջոցով էլ տեխզննումն իրականացվում էր: Բացի այդ, ճանապարհային ոստիկանությունը ողջ հանրապետության տարածքում տանում էր տրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման տվյալների վերաբերյալ միասնական հաշվառում, ինչն այսօր, մասնագետների խոսքերով, չի արվում: Այժմ անհայտ է, թե ովքեր են իրականացնելու հաշվառումը, տեխնիկական վերահսկողությունը, մասնավորապես՝ այնպիսի տրանսպորտային միջոցների, որոնք զբաղվում են կանոնավոր ուղեւորափոխադրումներով: Նախկինում նմանատիպ մեքենաները տեխզննություն անցնում էին տարեկան 2 անգամ, սակայն, չնայած դրան, այն ժամանակ էլ տեխնիկական պատճառներով վթարներ լինում էին եւ հաճախ մահացու կամ ծանր մարմնական վնասվածքների ելքով: Այդ գործառույթն անցնելով մասնավորին՝ վթարների թիվն ամենեւին էլ չի պակասել, ավելին, գրեթե ամեն օր մայրաքաղաքի տարբեր հատվածներում խոշոր վթարներ են լինում:

Նախկինում CO-ի (ջերմոցային արտանետվող գազերի քանակը) ստուգումը կատարում էր բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը: Այսօր այդ գործառույթն էլ է անցել մասնավոր ընկերություններին: Մեր տեղեկություններով, այժմ մասնավոր ընկերությունները շրջակա միջավայրի պահպանման համար կարեւորագույն այդ ծառայությունը գլխառադ են անում, քանի որ CO-ի ստուգման համար համապատասխան սարքավորումներ չունեն: Հավանաբար՝ այդ է պատճառը, որ վերջերս բնապահպանական տեսչությունը ստուգայց էր կատարել մասնավոր ընկերություններ ու պարզել, որ տեխզննման իրավունք ունեցող մասնավոր ընկերություններն իրենց գործը լիարժեք չեն կատարում: Մասնավորապես, տեսչության հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ Ռոզա Ջուլհակյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ իրենց տեսչությունը ավտոմոբիլային տրանսպորտի կեղծ տեխզննում անցկացնող ընկերությունների ցուցակ է պատրաստել, որոնք որոշակի գումարի դիմաց վարորդներին CO-ի կտրոն են տալիս: Ուշագրավ է, որ երբ 2 օր առաջ տեսչությունից «Առավոտը» խնդրեց տրամադրել նշյալ ընկերությունների անունները, տիկին Ջուլհակյանը բառացիորեն հերքեց իր ասածները, հայտնելով, որ ինքը չճշտված տեղեկություններ է հրապարակել. «Ներողություն եմ խնդրում, որ այդ նյութի հետ կապված հերքում չեղավ»:

Թե ինչու էր բնապահպանության նախարարությունը տեխզննում իրականացնող մասնավոր այդ ընկերությունների վրա «կեղտ ման եկել», թերեւս շատ պարզ պատճառ ունի: CO-ի ստուգումը նախարարությունից մասնավորներին անցնելով՝ տեսչությունը զրկվեց հսկայական գումարներ աշխատելու հնարավորությունից: Պարզագույն մաթեմատիկական հաշվարկ անելով, ակնհայտ կդառնա, թե ամեն ստուգման ժամանակ տեսչությունը որքան գումար էր աշխատում: Արդեն նշել ենք, որ նախկինում տեխսպասարկման յուրաքանչյուր կետի հետ համատեղ գործում էր բնապահպանական տեսչության՝ CO ստուգող մարմինը: Մինչեւ վարորդները CO-ի կտրոնը չէին տրամադրում՝ մեքենան պետավտոտեսչությունը տեխզննության չէր ենթարկում: Իսկ քանի որ Հայաստանի Հանրապետության ավտոմեքենաների մեծ մասը, չեզոքացուցիչ չունենալու պատճառով, CO-ի ստուգումը չէր հաղթահարի, ուստի, վարորդների խոստովանությամբ, CO-ի կտրոն ձեռք էին բերում տեսչության կողմից առանց ստուգում անցնելու՝ 2500-3000 դրամով:

Իսկ այն, որ բնապահպանական տեսչությունն՝ ի դեմս Ռոզա Ջուլհակյանի, հրաժարվում է իր հայտնաբերած խախտումներից եւ հերքում այդ տեղեկատվությունը՝ կասկածի տեղիք է տալիս: Մեր տեղեկություններով, մասնավոր լիցենզավորված բոլոր տեխզննության ընկերությունները պատկանում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, որն էլ, հավանաբար, ճնշումներ է գործադրել, որպեսզի Ռոզա Ջուլհակյանը հերքի իր իսկ հայտարարածը:

Երեկ «Առավոտը» տրանսպորտի եւ կապի նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյո՞ք լիցենզիա հատկացնող մարմինն է ստուգելու եւ վերահսկելու տվյալ մասնավոր ընկերությանը, եւ նախարարությունն ունի՞ նման տեղեկություն, որ ընկերությունները տեխզննման կտրոններ բաժանում են առանց ստուգում իրականացնելու: Մեր հարցերին ի պատասխան, նախարարության տրանսպորտի տեսչության պետ Արշակ Պետրոսյանը պատասխանեց. «Ճիշտ է, լիցենզիան տրամադրում է նախարարությունը, սակայն խախտումները հայտնաբերողը ոստիկանությունն է: Նրանք են պարտավոր օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել եւ արգելել»:

Ա. Պետրոսյանը վստահեցրեց, որ իրենք բնապահպանական տեսչության մատնանշած մասնավոր ընկերությունների կատարած խախտումների վերաբերյալ որեւէ գրություն որեւէ մեկից չեն ստացել: Ըստ Ա. Պետրոսյանի, այդ մասնավոր ընկերությունները բոլոր անհրաժեշտ տեխնիկական պայմաններն ունեն. «այլապես մրցույթը չէին հաղթի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել