«Հնաբնակ» Դալլաքյանը պատասխանեց «նորաբնակ» Խաչատրյանին
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի քննարկումների ժամանակ, օրինակ բերելով ամերիկացի գործարար Ֆորդին, ասել էր, որ վերջինս, ավտոմեքենաների արտադրության մեջ ներմուծելով հոսքագիծը, աշխատանքից հեռացնում էր այն աշխատողներին, ովքեր չափից ավելի էին ջանք ներդնում՝ խանգարելով հոսքագծի աշխատանքը: Իր այս թափանցիկ ակնարկը պարոն Խաչատրյանն ուղղեց «որոշ տրուդագոլիկ եւ հնաբնակ» պատգամավորների: Հասկանալով, որ խոսքն իրեն է ուղղված, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ որոշեց պատասխանել ընդդիմադիր պատգամավորին, հիշեցնելով որոշ թվեր. «Ես չէի ցանկանա որոշակի թվեր, թվաբանություն ներկայացնել, բայց նաեւ ուզում եմ ինձ թույլ տալ անդրադառնալ երեկ իմ հասցեին (իհարկե՝ հումորով, նաեւ ես հումորով կպատասխանեմ)՝ «հնաբնակին» ուղղված կոչին: Ես ուզում եմ նորաբնակ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության՝ նախկին ֆինանսների նախարարի անունը կրող պատգամավորին հետեւյալ մեջբերումը կատարել. «չարժե սեփական արժանիքները փորձ կատարել որեւէ կերպ դրսեւորել, վերջին հաշվով այդ արժանիքների ուղղակի դրսեւորումը լինում է առանձին վերցրած անհատի եւ քաղաքական ուժի հասարակական համարումը», ես պատրաստ եմ ստորագրել այս արտահայտության տակ: Բերեմ երկու օրինակ. «Ժառանգություն» կուսակցությունը Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում ստացել է 2600 ձայն, ձեր խոնարհ ծառան, այսինքն՝ ես, ստացել է 16 հազար ձայն: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մեծամասնական ընտրակարգով ստացել է 1660 ձայն՝ զբաղեցնելով վեց թեկնածուների մեջ 4-րդ տեղը, իսկ նրա մրցակից Խաչիկ Մանուկյանը ստացել է մոտավորապես 17 հազար ձայն: Սրանք են վստահության թվերը, հարգելի գործընկերներ: Անհամեստ չհնչի, թիվ 30 ընտրատարածքում ամբողջ կոալիցիան ստացել է այնքան ձայն, որքան ես՝ մենակ: Հաղթող ՀՀԿ-ն թիվ 30 ընտրատարածքում ստացել է 6 հազար ձայն, ես՝ 16 հազար ձայն: Քանի որ ես ամերիկացի չեմ, ես լոռեցի եմ, միամիտ, ուզում եմ մեջբերել Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթը՝ «Անբան Հուռին», այսինքն՝ ինձ մեղադրել են շատ աշխատելու մեջ, պատկերացնո՞ւմ եք, ինչի մասին է խոսքը: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»: Նաեւ հավելեց. «Աշխատավոր մեղուները դուրս են շպրտում փեթակից ծույլ եւ չաշխատող մեղուներին»: Սրանք էին «միամիտ լոռեցու» պատասխանները խորհրդարանական միակ ընդդիմադիր խմբակցությանը: Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը արդարացիորեն նկատեց, որ «չի կարելի համեմատել կուսակցությունների եւ անհատների ստացած ձայները, որովհետեւ այդ ընտրությունների ժամանակ մրցակիցները բացարձակապես տարբեր են, եւ տարբեր մրցակիցների արդյունքները երկու տարբեր ընտրությունների ժամանակ իրար համեմատելը չեմ կարծում, որ առանձնապես կոռեկտ է»: