Լրահոս
Օրվա լրահոսը

«80 ՏՈԿՈՍՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է»

Հունիս 13,2008 00:00

\"\"Ընդդիմության լիդերները հեղափոխության, խորհրդարանական հանձնաժողովի եւ հանրային պալատի մասին

Ըստ որոշ լուրերի, իշխանությունները մեծահոգաբար թույլատրելու են ընդդիմության՝ հունիսի 20-ի հանրահավաքը: Սակայն ոչ թե Ազատության հրապարակում, այլ Մատենադարանին հարող տարածքում: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է իշխանությունը արգելում ժողովրդի մուտքը հատկապես Ազատության հրապարակ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երեկ կայացած մամուլի ասուլիսում ասաց. «Ողջունում եմ, որ թույլատրելու են, մի սրացում պակաս կլինի, որովհետեւ ցանկացած պարագայում հանրահավաքը կայանալու է, ես էլ մասնակցելու եմ: Իսկ ինչո՞ւ՝ ոչ Ազատության հրապարակ… էստեղից երեւում է իրենց փոքրոգությունը: Այս մարդիկ հիվանդ են: Երեւի ենթադրում են, որ եթե Ազատության հրապարակում տեղի ունենա այդ հանրահավաքը, իրենք կործանված են, որովհետեւ այդ հրապարակը մեր ժողովրդի համար դարձել էր ազատության մի մեծ տուն»: Իսկ ի՞նչ հույսեր է կապում Ժիրայր Սեֆիլյանը ամսի 20-ին կայանալիք հանրահավաքի հետ. հնարավո՞ր է, որ այդ օրը շրջադարձային դառնա Հայաստանի կյանքում. «Հերթական վճռորոշ քայլերից մեկն է, եւ ավելի շատ քաղաքական հարցեր են լուծվելու այդ օրը՝ շնորհիվ մեր ժողովրդի ներկայության: Ինչքան շատ այնտեղ ներկա լինենք, այդքան լուրջ քաղաքական խնդիրներ, որոնք այսօր չէի ասի, որ ի նպաստ ժողովրդի են, բայց տարբեր միջազգային եւ ոչ միջազգային ատյաններ արդեն տատանվում են, այնպես որ՝ վճռորոշ է լինելու: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում ժողովրդին՝ այդ օրը հնարավորինս ներկայություն ապահովեն»: Ժիրայր Սեֆիլյանը միանգամայն վստահ է, որ այս իշխանությանն այդ կերպ հնարավոր է հեռացնել: Ավելին, նրա համոզմամբ՝ «80 տոկոսով իշխանության հարցը լուծված է: Ամեն մի հայ պետք է գիտակցի, որ իր ներկայությունը հավաքներին մեծ ներդրում է, եւ դա է որոշիչը: Սրանք սպառված են»: Բանախոսը կասկած չունի, որ եթե մարտի 1-ին ընդդիմության ղեկավարը ժողովրդին կոչ աներ ժողովրդական ալիք բարձրացնել եւ «սրբել-տանել» այս իշխանությանը, այսօր Հայաստանում միանգամայն այլ իրավիճակ կլիներ: Սակայն, նրա կարծիքով, այդ դեպքում «թանկ գին էինք վճարելու՝ 10-ի փոխարեն 110 զոհ էինք ունենալու»:

Իսկ քաղբանտարկյալներ «Սասունի, Մյասնիկի եւ Հակոբի հետ կապված՝ իշխանությունների մոտ առանձնակի դաժանություն կա. ո՜նց դուք մեզ դավաճանեցիք: Ճիշտ ուղուն կանգնելը իշխանության համար դավաճանություն է: Սասունները ինչ-որ ժամանակ լինելով իշխանամետ շրջանակում՝ սերժիկները կարծել են, որ նրանց արդեն սեփականաշնորհել են: Այդ օրը, որ իմացան այդպես չէ՝ կատաղեցին: Այս մարդիկ ոչ թե տրամաբանությամբ եւ խելքով են երկիրը ղեկավարում, այլ մոլուցքով, թույնով, վրեժխնդրությամբ»,- ասում է Ժ. Սեֆիլյանը: Ի վերջո՝ «Հանուն մեր պետականության՝ բոլոր հանցագործները պետք է պատասխան տան օրենքի առջեւ: Սկսած պատվիրատուներից, վերջացրած կատարողներով»,- ասում է բանախոսը՝ հավելելով, որ սա անձնական վրեժխնդրություն չէ, այլ այն ճշմարիտ ուղին, որով պետք է անցնենք հայոց պետականությունը կայացնելիս:

Այս մոտեցումը կիսում է նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Երեկ մամուլի ասուլիսում նա հայտարարեց. «Պետք է կյանքի կոչել Սահմանադրության 2-րդ հոդվածը, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Նա գտնում է, որ նոր ընտրությունների անցկացման ժամկետների հարցը կարող է դառնալ իշխանությունների հետ «բանակցության թեմա»: Պատասխանելով խորհրդարանում մարտի 1-ի իրադարձությունները հետաքննելու նպատակով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովում իր ղեկավարած կուսակցության հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցին՝ նա ասաց. «Ցավոք, այսօր Ազգային ժողովը վստահություն չի ներշնչում, եւ ԱԺ հանձնաժողովն էլ, համապատասխանաբար, վստահություն չի ներշնչում: Մեզ պետք է, որպեսզի այդ հանձնաժողովը վստահություն ներշնչի: Դրա համար էլ գտնում ենք, որ ճիշտ կլինի, որպեսզի ընդգրկվեն հավասարապես իշխանությունից եւ ընդդիմությունից՝ թե՛ խորհրդարանական եւ թե՛ արտախորհրդարանական»:

Երեկ Հայաստանը սահմանադրական ուղու բերելու անհրաժեշտության մասին խոսել է ընդդիմադիր մեկ այլ ներկայացուցիչ՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը. «Իմ նախնական կարծիքը հանրային խորհրդի վերաբերյալ եղել է ժխտողական, որովհետեւ հանրային խորհուրդ կամ հասարակական պալատ Սահմանադրությամբ նախատեսված չէ: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում ժողովրդավարական պետություն: Եթե պետությունդ ժողովրդավարական է, պառլամենտը ներկայացուցչական կառույց՝ ներկայացնում է ժողովրդի բոլոր շերտերի մտահոգությունները, տեսակետները: Այս գաղափարի ասպարեզ գալը նշանակում է, որ հասարակության տարբեր շերտեր գիտակցում են, որ մեզ մոտ ինչ-որ բան թերի է»: Մինչդեռ Հայրիկյանը մասնակցել էր այդ առիթով նախագահական նստավայրում կայացած հավաքին, ինչն էլ նման բացատրություն ունեցավ՝ ԱԻՄ կանոնադրությունը պահանջում է մասնակցել այն նախաձեռնություններին, որոնք կարող են նպաստել Հայաստանի բարեկեցությանը եւ ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության հարցում նոր ձեռքբերումներին: Բայց բանախոսը համոզված է, որ այդ նախաձեռնությունը նման արդյունք չի ունենա. «Եթե այդպիսի կառույց ստեղծվի, այդ կառույցը որեւէ էական դեր ունենալ չի կարող մեր հասարակական, հատկապես՝ քաղաքական, այսինքն՝ պետութենական կյանքում»,- ասում է նա: Ի հեճուկս հայտարարությունների, որ սույն կառույցում ներգրավված են լինելու մտավորականներ, ԱԻՄ նախագահը նշել է. «Ես ճիգեր եմ գործադրում՝ հիշելու մի մտավորականի, որ եղել է մեր ազգային բարձր արժեքներ դարձած գաղափարների հիմքում՝ անկախություն, ժողովրդավարություն»: Այս համատեքստում Պարույր Հայրիկյանը կարծում է, որ հանրային պալատը դառնալու է հերթական «գրողների միությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել