Սա է ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանի կարծիքը մարտի 1-ի դեպքերի պատասխանատուների վերաբերյալ:
– Ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում ստեղծված իրավիճակը:
– Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, իհարկե՝ բացասական, որովհետեւ մեր ազգին վայել չէ նման պահվածքը, նման բան որ արվեց, իհարկե, ոչ մեկիս հաճելի չէ, ես որպես հայ, որպես Ազգային ժողովի պատգամավոր, շատ ցավում եմ դրա համար: Կարծում եմ, իշխանությունները անում եմ ամեն ինչ, որպեսզի իրավիճակը նորմալանա:
– Մարտի 1-ի դեպքերի մեղավորին դուք անձամբ ձեզ համար փորձե՞լ եք պարզել: Չե՞ք ուզում իմանալ, թե, ի վերջո, ո՞վ էր այդ զոհերի մեղավորը:
– Ես չեմ ուզում դատավորի կեցվածք ընդունել, բայց, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ տպավորությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր հրահրեցին, այդ ամեն ինչը սարքեցին, պատասխանատուն իրենք են, մարդիկ, որոնք ժողովրդին կոչ էին անում ագրեսիվ տրամադրությունների, կոչ էին անում զինվելու մահակներով, ձողերով, այդ մարդիկ են պատասխանատուները: Բնականաբար, քննություն է գնում, այդ քննության ընթացքում ավելի մանրամասն կպարզվեն մեղավորները, բայց հիմնական, այսպես ասած, գլոբալ պատասխանատուն այդ ամենի այդ հանրահավաքների կազմակերպիչներն են: Եթե բոլորս էլ ուշադիր հետեւել ենք, ապա կհիշենք, որ 10 օր ոստիկանությունը շարունակ զգուշացնում էր, որ հանրահավաքները արգելված են, իմ կարծիքով՝ պետք է հետեւեին այդ կոչերին եւ ոչ թե հասնեին նրան, որ արյուն թափվեր: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու դա եղավ, ապա դեռ հոկտեմբեր ամսին ես գիտեի, որ հենց իրենց լիդերը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրեն պետք է ոչ թե ընտրվել, այլ պետք է հարամել ընտրությունները: Եվ նա ամեն ինչ արեց, որ մեր երկիրը միջազգային ասպարեզներում այսպիսի հեղինակություն ունենա:
– Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր բերել զինվորներին եւ խաղաղ ցուցարարների դեմ կանգնեցրել: Տեր-Պետրոսյանը չէր կրակել մարդկանց վրա:
– Աստված չաներ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարավորություն ունենար զինվորներ բերելու: Եթե զինվորները Լեւոն Տեր-Պետրոսյանը բերեր, մենք կունենայինք ավելի շատ զոհեր (իհարկե, շատ ցավալի է, որ 10 զոհ ունեցանք): Մի մոռացեք, որ զինվորներ բերելու նախադեպը կատարել է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նաեւ մի մոռացեք, որ զինվորը հայրենիքի անվտանգությունը պաշտպանելու համար է, իսկ բոլորս էլ տեսնում էինք, թե նրանք ինչի են պատրաստ եւ ինչի էին ձգտում: Իհարկե, հրազենով կրակել են ներքին զորքերը, բայց դա չի նշանակում, որ ցուցարարները մահակներով կամ այլ գործիքներով չէին փորձում ոստիկաններին հարվածել, կամ՝ պատրաստված մետաղյա ձողերը բոլորս էլ տեսել ենք:
– Չե՞ք կարծում, որ ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Սերժ Սարգսյանը պետք է փորձեր շրջել պատմության այդ էջը եւ բոլորովին նոր քայլեր աներ, որից պարզ եւ շոշափելի կզգացվեր, որ երկրում նախագահ է փոխվել եւ այդ նախագահը ուզում է լինել բոլորի նախագահը:
– Այլ քայլեր ասելով դուք ի՞նչ նկատի ունեք:
– Նկատի ունեմ, օրինակ՝ կալանավորվածներին անմիջապես ազատ արձակելը…
– Իսկ սահմանադրությամբ հանրապետության նախագահը իրավունք ունի՞ խափանման միջոց փոխել:
– Ես խոսում եմ քաղաքական որոշում կայացնելու մասին:
– Երբ խոսքը գնում է քրեական հանցագործների մասին, քաղաքական որոշում քաղաքական գործիչը չի կայացնում: Խոսքը քրեական հանցանք կատարած անձանց մասին է, այժմ կատարվում է քննություն, եւ եզրակացություններ անելն ու որոշումներ կայացնելը դատախազության մենաշնորհն է: Իսկ եթե լինեին քաղաքական բանտարկյալներ, իհարկե, Սերժ Սարգսյանը կկատարեր քաղաքական որոշում:
– Ձեր երեք պատգամավոր գործընկերները եւս կալանավորված են, դուք երբեւէ այս ընթացքում իրենց հանդիպե՞լ եք, խոսե՞լ եք նրանց հետ եւ, ընդհանրապես, ճի՞շտ եք համարում, որ պատգամավորներին այդպես ձեռնաշղթաներով կալանեցին եւ տարան:
– Իհարկե, ես ցավում եմ, որովհետեւ նրանք իմ գործընկերներն են, եւ ցանկալի չէր, որ պատգամավորներ կալանավորվեին, բայց, այնուամենայնիվ, նորից եմ կրկնում, քննությունը շարունակվում է, ես չեմ ուզում դատավորի կամ դատախազի իրավունքները վերցնել եւ եզրակացություններ անել:
Ինքս, որպես ԱԺ պատգամավոր, որպես տղա, որպես քաղաքացի, իհարկե ցավում եմ, եւ ինձ համար ցանկալի չէր, որ իմ գործընկերները կալանավորվեին: