Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽԵՆԱ՞Լ ՈՍՏԻԿԱՆԻՑ

Հունիս 12,2008 00:00

\"\"Ոստիկան–լրագրող կոնֆլիկտում շահեց ոստիկանը

Երեկ Շիրակի մարզի վարչական դատարանի նախագահ Էդուարդ Նահապետյանը արձակեց մի վճիռ, համաձայն որի՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ենթարկվելու է 50 հազար դրամի չափով վարչական տուգանքի: Մարզի ամենաակտիվ լրագրողին ու իրավապաշտպան կազմակերպության նախագահին դատի էր տվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Գագիկ Բադոյանը: Վերջինս նրան մեղադրում էր մարտի 2-ին Գյումրիի Թատերական հրապարակում ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու ու մարդկանց հանրահավաքի կոչ անելու մեջ: Լեւոն Բարսեղյանն իր հերթին զրպարտանքի համար դատի էր տվել ոստիկանությանը: Ու չնայած դատական նիստերին «Ասպարեզի» նախագահը խեղճացրեց գործով վկա 3 ոստիկաններին, այդ թվում՝ փոխոստիկանապետ Վազգեն Նիկոլայի Հարությունյանին, ով պաշտոնեական դիրքը չարաշահելով, քաշքշել էր Լեւոն Բարսեղյանի օձիքից, նրան հրել դեպի երթեւեկությամբ ծանրաբեռնված մոտակա փողոցը, այնուամենայնիվ, փաստերը չհետաքրքրեցին վարչական դատարանի նախագահ Էդուարդ Նահապետյանին:

Երեկ դատավորը վճիռը հրապարակեց առանց կողմերի ներկայության՝ նշանակված ժամից շուտ ու ամբողջությամբ բավարարեց ոստիկանության հայցը: Բնականաբար, այս քայլով դատավորը մեկ անգամ եւս ապացուցեց, որ խոսքի ազատությունը գրոշի արժեք չունի Հայաստանում եւ որ ամեն վայրկյան կարելի է խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Հիշեցնենք, որ այս սկանդալի գլխավոր հրահրողը՝ փոխոստիկանապետ Վազգեն Նիկոլայի Հարությունյանը, մարտի 2-ին Թատերական հրապարակում ոչ միայն հրմշտել էր մասնագիտական գործունեություն իրականացնող Լեւոն Բարսեղյանին, այլեւ «Ազատություն» ռադիոկայանի Շիրակի մարզային թղթակցուհուն՝ Սաթենիկ Կաղզվանցյանին ծաղրել էր, թե՝ «ես էլ եմ «Ազատություն» ռադիոկայանից, այնպես որ, կոլեգա, վեշերդ հավաքի (նկատի է ունեցել ձայնագրող սարքը- Ն. Ա.) ու ռադդ ստեղից քաշի»: Նույն օրը փոխոստիկանապետի պահանջով խոչընդոտել էին նաեւ մեր օրաթերթի աշխատանքը՝ փորձելով խլել ֆոտոապարատը, բերման էին ենթարկել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրողուհուն ու երկու օպերատորներին: Դատավորի կայացրած վճռի շուրջ մենք չկարողացանք կարծիք ստանալ Լեւոն Բարսեղյանից, քանի որ վերջինս գտնվում է ԱՄՆ-ում:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանն «Առավոտին» ասաց. «Էս ամեն ինչը միտված է մարզի լրագրողների աչքը վախեցնելուն, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն: Դատավորը նման վճիռ կայացնելով, ուզում է ասել՝ զգույշ եղեք, կիզակետերում՝ այնտեղ, որտեղ իշխանություններին ցանկալի չէ, քթներդ մի խոթեք: Նա մի կողմից արհամարհեց Քրեական օրենսգիրքը, որի համաձայն պատիժ է սահմանվում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, մյուս կողմից ոտնահարեց ՀՀ սահմանադրությունը՝ չկարողանալով ցույց տալ մի կետ, ըստ որի՝ ազատ քաղաքացուն արգելվում է զբոսնել Թատերական հրապարակում: Սրանով ցայտուն ձեւով խրախուսվեց ոստիկանների անօրինականություններն ու անպատժելիությունը: Դատավորը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատությունը կախված է մի քանի մարդկանց կամքից, այն կաղում է: 1609 բանաձեւի քննարկումից առաջ այսպիսի պահվածքը առնվազն տարօրինակ է: Պարզ է, որ իշխանությունները ցանկություն չունեն երկրում արդարադատություն իրականացնել: Եվ եթե նկատի ունենանք, որ դատավոր Նահապետյանը լրատվամիջոց փակելու փորձ ունի, Սերժ Սարգսյանին պիտի առաջարկենք բարձրացնել նրա պաշտոնը, աննկատ չթողնել նման «դելավոյ կադրին»:

Հ. Գ. Լեւոն Բարսեղյանը երդվել է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել